Երեկվանից հանրապետության դպրոցներում վերսկսվեցին դասերը՝ թեեւ ցուրտ եղանակը առանձնապես ուսումնառության չի տրամադրում։ Մանավանդ, որ դասասենյակներում տաք ջերմաստիճանն ապահովելն այսօր բավականին բարդ գործ է։ Մայրաքաղաքի դպրոցներում անցկացված մեր հարցումը եւս դրա վկայությունն է։
Հիշեցնենք, որ մարզերի դպրոցները ջեռուցվում են պետական ծրագրով տրամադրվող դիզվառելիքով։ Նույնիսկ պետական պաշտոնյաներն են խոստովանում, որ յուրաքանչյուր դասասենյակին օրական բաժին հասնող 2 լիտր դիզվառելիքը բավարար չէ նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։ Համաձայն մատակարարի հետ կնքված պայմանագրի՝ դիզվառելիքի բաշխումը մինչեւ հունվարի 28-ը պիտի ավարտվեր։ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանից տեղեկացանք, որ գրաֆիկը հիմնականում պահպանվել է։ Մատակարարումը սկսվել էր նախատեսված հունվարի 21-ի փոխարեն հունվարի 17-ից եւ երեկվա դրությամբ, փոխնախարարի հավաստմամբ, բոլոր մարզերն ապահովված էին դիզվառելիքով՝ բացառությամբ Լոռիի մարզից, որը նախատեսված դիզվառելիքի 1/3-ն է միայն ստացել։
Փոխնախարարի հիմնավորմամբ, այս ուշացումը չի խոչընդոտի դասերին, այս մարզում դասերը մեկ շաբաթ ուշ պիտի սկսվեն, քանի որ դպրոցները ոչ թե հինգօրյա են, այլ՝ վեցօրյա եւ մեկ շաբաթ հավելյալ հանգստի իրավունք ունեն։ Մայրաքաղաքի դպրոցները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով կամ Ցպվ-երով, իսկ բացառիկ երջանիկները՝ ջեռուցման կենտրոնացված համակարգով։ Մեկ ամսից ավելի դպրոցները չէին ջեռուցվել, այնպես որ երեկ դասասենյակներում օդը բավականին սառն էր եւ տնօրենները մտածում էին, որ մինչեւ շաբաթվա վերջ ավելի տաք կլինի։ Քաղաքապետարանի կրթության վարչության հրահանգով դպրոցները տաքացրել էին նաեւ շաբաթ-կիրակի՝ երկուշաբթի քիչ թե շատ նորմալ ջերմաստիճան ապահովելու նպատակով։ Այնուամենայնիվ, երեկ որոշ դպրոցներ երեխաներին հետ էին ուղարկել՝ ցուրտ լինելու պատճառաբանությամբ։
Աշակերտների հաճախելիության աստիճանը մեր զանգահարած դպրոցներում ցածր չէր՝ թեեւ, ըստ տնօրենների, որոշ ծնողներ մտածել էին, թե դասերը փետրվարի 1-ից են սկսվում։ Թիվ 27 դպրոցի 809 աշակերտից երեկ միայն 52-ն էր բացակա։ Դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանից տեղեկացանք, որ դպրոցը տաքացվում է էլեկտրական սալիկներով, սակայն, մոտ 4 տարի առաջ քաղաքապետարանի տված այդ սալիկներն աստիճանաբար շարքից դուրս են գալիս։ Տրամադրված 120 սալիկից մնացել է 80-ը։ Յուրաքանչյուր դասասենյակ 4 էլեկտրական սալիկով են տաքացնում, սակայն 35 դասասենյակից 8-ում 4 սալիկից միայն մեկն է աշխատում։ Երեկ փորձում էին այդ պրոբլեմը լուծել, սալիկները վերանորոգել, եւ տիկին Բախշյանը լավատես էր, որ մինչեւ շաբաթվա վերջ կկարողանան բոլոր պրոբլեմները լուծել եւ դասասենյակներում նորմալ ջերմաստիճան ապահովել։ Սալիկների հետ կապված պրոբլեմը թիվ 152 դպրոցը եւս չէր շրջանցել եւ, ինչպես տեղեկացրեց տնօրեն Միքայել Ասատրյանը, փչացած սալիկները վերանորոգում են ու էլի օգտագործում։ Այս դպրոցը նախորդ տարիներին ջեռուցվում էր կենտրոնացված ջեռուցման համակարգով, սակայն այս տարի Արարատյան զանգվածը, որտեղ գտնվում է այդ դպրոցը, չվճարումների պատճառով չի ջեռուցվում, եւ դպրոցը ստիպված անցել է էլեկտրական սալիկներով ջեռուցման։
Կարդացեք նաև
Պրն Ասատրյանը տեղեկացրեց, որ ջերմաստիճանը դասասենյակներում +12 է, իսկ աշակերտների հաճախելիությունը՝ մոտ 70%։ Թիվ 59 դպրոցում հաճախելիության աստիճանն ավելի բարձր էր՝ 85%։ Դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը հավաստիացրեց, որ իրենց բոլոր 36 դասասենյակներում բավականին տաք է, ողջ շաբաթ-կիրակի դասարանները տաքացվել են։ Դպրոցը ջեռուցվում է 20 էլեկտրական սալիկներով եւ 72 Ցպվ-երով։ Պրն Ադամյանը նաեւ վստահեցրեց, որ օրական 8 ժամվա էլեկտրաէներգիայի չափաբաժինը իրենց լիովին բավարարում է եւ անցյալ տարի նույնիսկ 27 հազար կիլովատ խնայել են՝ նվեր անելով պետությանը։ Թիվ 18 դպրոցի տնօրեն Կլարա Կարապետյանը եւս վստահեցրեց, որ դասասենյակների ջերմաստիճանը բավարար է դասերը նորմալ անցկացնելու համար։ Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական Ցպվ-երով, որոնցից մեկը գիշերը շարքից դուրս էր եկել եւ դասասենյակը չէր տաքացել։ Տիկին Կարապետյանը տեղեկացրեց, որ առավոտյան դասասենյակներում մի քիչ ցուրտ էր, բայց կեսօրին ջերմաստիճանն արդեն բարձրացել էր։
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ