Լրահոս
Օրվա լրահոսը

TACIS-ը կվճարի՞ «Ամյո»-ին

Հունվար 30,2001 00:00

TACIS-ը կվճարի՞ «Ամյո»-ին Երեկ Ժուռնալիստների միությունում TACIS-ի «Օժանդակություն հետսեփականաշնորհման շրջանի ձեռնարկություններին եւ մասնավոր սեկտորին» ծրագրի ղեկավար Մանֆրեդ Շորերը հանդիպեց լրագրողներին՝ իրենց մեկամսյա գործունեության արդյունքները ամփոփելու նպատակով։ Ծրագիրը սկսվել է 2000-ի հունվարին եւ ուղղված է Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացմանը։ Ինչպես նշեց պրն Շորերը. «Մեր նպատակն է, Հայաստանում գտնել քիչ թե շատ խոստումնալից ձեռնարկություններ, բացահայտել նրանց խորհրդատվական գիտելիքները, հմտությունները, ենթասեկտորներում աշխատելու համար»։ 2000թ. ընթացքում ծրագիրը ֆինանսավորել է 11 ենթասեկտորների հետազոտումներ, սկսնակ եւ ապագա ձեռներեցներին մատուցվող բիզնես-տեղեկատվություն, կառավարման դասընթացներ՝ նախատեսված Հայաստանի գործարարների համար։ Առայսօր կառավարման գրասենյակը ստացել է 37 դիմում-առաջարկ, որոնցից 30-ը հաստատվել է։ Պրն Շորերը մտահոգություն հայտնեց, որ «դեռեւս որեւէ լուրջ դիմում-առաջարկ չի ստացվել Հայաստանի շրջաններում գործող կազմակերպություններից»։ Մեկ տարվա ընթացքում Երեւանից դուրս TACIS-ը միայն Սեւանի Գեղամա ձեռնարկության հետ է համագործակցել։ Ծրագիրն իրականացնում է նաեւ ուսումնական ծրագրեր, որը ներառում է կառավարման եւ խորհրդատվական դասընթացներ։ Պրն Շորերի հավաստմամբ էլ՝ «ծրագրի վերջում մենք կունենանք 500 վերապատրաստված ղեկավար կադրեր»։ Վերջերս հայտնի է դարձել, որ TACIS-ը պրոբլեմներ է ունեցել ֆրանսիական «Ամյո» ֆիրմայի հետ։ Մեր այն հարցին, թե ինչպիսի վերջաբան է ունեցել ծագած վիճաբանությունը, պրն Շորերը պատասխանեց. «Մենք դժվարություններ ենք ունեցել ֆրանսիական «Ամյո» ընկերության հետ, քանզի նրանք երկկողմ գործունեություն էին ծավալել մեր թիկունքում։ Ամեն դեպքում մենք միայն վճարում ենք, երբ համոզված ենք, որ աշխատանքը ճշգրիտ կատարվում է։ Ներկայումս մենք շարունակում ենք համագործակցել նրանց հետ, սակայն դեռ ունենք որոշակի ֆինանսական խնդիրներ»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել