Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես, գոնե մի քանի հարյուր տարի հետո կփակվի՞ մեր հանրապետության բյուջեի ճեղքվածքը, որպեսզի յուրաքա

Հունվար 30,2001 00:00

ՎԱ՜Յ ԷՆ ՏԱԼՈՒՆ Տեսնես, գոնե մի քանի հարյուր տարի հետո կփակվի՞ մեր հանրապետության բյուջեի ճեղքվածքը, որպեսզի յուրաքանչյուր թերացում չվերագրվի դրան։ Չնայած կարելի է մի քիչ բարեխիղճ լինել եւ հասարակության ամենաանապահով մարդկանց «գլխին չջարդել» այդ ճեղքվածքի գոյությունը։ Խմբագրություն էր դիմել Արթիկ քաղաքի մի քաղաքացի, որը միայնակ թոշակառու է։ Այն միայնակ թոշակառուներից, որոնք իսկապես միայնակ են ապրում, վատառողջ են, բացառապես թոշակի եւ ընտանեկան նպաստի հույսին են։ Քաղաքացին տան կահ-կարասին վաճառել-վերջացնելուց հետո է դիմել խմբագրություն։ Վեց ամսից ավելի է՝ նա ոչ թոշակ է ստացել, ոչ նպաստ եւ չգիտի՝ ինչպես յոլա գնա։ Կարծելով, թե քաղաքացին արդեն զրկված է նպաստ ստանալու իրավունքից, դիմեցինք ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն։ Այնտեղից, քաղաքացու տվյալների հիման վրա, ստուգելով, տեղեկացրին, որ նա շարունակում է մնալ նպաստառուների ցուցակում։ Իսկ երկար ժամանակ նպաստ չի ստանում այն պատճառով, որ ոչ ոք էլ հանրապետությունում անցյալ տարվա սեպտեմբերից հետո նպաստ չի ստացել։ Երեւանի Նորք-Մարաշ, Ավան, Էրեբունի համայնքների սոցիալական ծառայություններից տեղեկացանք, որ իրենց համայնքներում նույն վիճակն է. նպաստառուներն այդ գումարները վերջին անգամ տեսել են 2000-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ընդ որում, ոչ բոլոր նպաստառուները։ Բյուջեից թերֆինանսավորման պատճառով վերջիններս դա էլ չեն ստացել։ Մեր հարցին, թե ինչ սկզբունքով են բաշխվել այդ «թերի ֆինանսները», վերը նշված բոլոր ծառայություններից էլ պատասխանեցին, թե նման դեպքի համար կարգ սահմանված չէ եւ չի էլ ենթադրվում։ Բաժանել սկսել են ըստ ցուցակների, եւ «ում վրա գումարը վերջացել է», նրան էլ պետությունը պարտք է մնացել։ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Սոցիալական ծառայությունների վարչությունից տեղեկացրին, որ այդ քաղաքացիների գումարները վերահաշվարկվելու եւ տրվելու են 2000-ի հոկտեմբերի ցուցակների հետ միասին։ Ընդհանրապես այդ թերֆինանսավորումը 276 մլն է կամ, կոպիտ հաշվարկներով, մոտավորապես 10-15% (ներառված են նաեւ անապահովներին տրվող միանվագ նպաստների գումարները)։ Տեղեկացանք նաեւ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսների նպաստները չստացածների նկատմամբ չի կիրառվելու ընդունված կարգի այն կետը, ըստ որի՝ նպաստառուի կողմից երեք ամիս չստանալու դեպքում կասեցվում է նպաստի վճարումը։ Համեմատաբար բարվոք վիճակ է թոշակների հարցում։ Ընթացքի մեջ է 2000-ի դեկտեմբերի թոշակների վճարումը, ինչպես տեղեկացանք Շենգավիթի կենսաթոշակային հիմնադրամից։ Երեւանի եւ հանրապետության այլ համայնքներում թոշակների եւ նպաստների վճարման մասին տեղեկություններ հավաքելը գրեթե անհնար էր. սոցիալական ծառայությունների մեծ մասում հեռախոսները լուռ էին. «ԱրմենՏելը» ամենայն պատճառաբանությամբ անջատել էր «անպարտաճանաչ» բաժանորդների հեռախոսները։ (Վերջիններս հավանաբար տեղյակ չեն, որ հատուկ գրաֆիկ կազմելով կարելի է պայմանագիր կնքել «ԱրմենՏելի» հետ եւ աստիճանաբար մարել պարտքերը, ինչպես արվեց Երեւանի քաղաքապետարանի դեպքում)։ Եթե հիշում եք, անցյալ տարի կոկորդ էին պատռում, թե սեփականաշնորհման գումարներն անհրաժեշտ են անապահով մարդկանց նպաստ ու թոշակ տալու համար։ Սակայն գումար տեսնելուն պես էլ մոռանում են անապահովներին։ Չնայած նրան էլ տալիս են՝ աստիճանաբար, տոտիկ-տոտիկ, թերի, պռատ։ Եվ այդ պռատությունը բաժին է ընկնում հատկապես այն անապահովներին, որոնք միայնակ են, հիվանդ, ի վիճակի չեն գնալու՝ գումարները իրենք ստանալու կամ էլ բողոքելու, երբ փոստատարն իրենց բնակարանը շրջանցում է։ Սոցիալական ծառայությունների Ավանի տարածքային կենտրոնի պետ Սերգեյ Աբրահամյանը հայտնեց, որ դեռ չեն ստացել 2000-ի հոկտեմբեր ամսվա նպաստառուների ցուցակները (որոնք կազմվում են կենտրոնացված կարգով), բայց ինքը շատ ուրախ կլիներ աշխատելու արդեն այս տարվա հունվարի համար։ Պատկերացնել կարելի է՝ նպաստառուներն ինչքան ուրախ կլինեին։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել