Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԿԱՆԱՅՔ

Հունվար 30,2001 00:00
kanayq

Օրերս «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ կանանց իրավունքների պաշտպանության խնդրի վերաբերյալ։ Խորհրդակցությանը ներկա էին իրավաբաններ եւ լրագրողներ։

«Կանանց իրավունքների կենտրոնի» տնօրեն Սուսաննա Վարդանյանը կազմակերպության մյուս անդամների հետ ներկայացրեց իրենց տեսակետները՝ կնոջ նկատմամբ բռնության, դրա առաջացման եւ իրավունքների շուրջ։ Բռնությունները լինում են տարբեր՝ ֆիզիկական, հոգեբանական եւ սեքսուալ։ Ի՞նչ հետեւանքներ է թողնում բռնությունը կնոջ, ընտանիքի, հասարակության վրա։ Ըստ ներկաների, ցանկացած բռնի գործողություն կարող է կանանց հասցնել հիասթափության, ամուսնալուծության, ի վերջո, նաեւ ինքնասպանության։ Երեխաները կամ կիրառում են ծնողների արարքները եւ ստանում սխալ դաստիարակություն, կամ էլ, հասկանալով նրանց կատարած սխալը, փորձում են չկրկնել։ Իսկ հասարակությունը տուժում է այնքանով, որ ավելանում է հանցագործների թիվը։ Այնուամենայնիվ, զարմանալի է, որ հաճախ բռնության ենթարկված կանայք չեն հեռանում իրենց ամուսիններից։

Ներկաների կարծիքով, նրանց պահում է կամ միայնակ մնալու վախը, կամ ամոթի զգացումը, կամ ամուսնուն հնազանդ լինելու դարերից եկող ավանդույթը։ Տեղեկացանք, որ «Կանանց իրավունքների կենտրոնն» իրականացնում է «Թեժ գիծ» հեռախոսային ծառայությունը, որի նպատակն է՝ կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեպքերի բացահայտումը եւ բռնությունից տուժած կանանց իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվության ցուցաբերումը։ «Թեժ գիծը» ղեկավարող Արմինեի տվյալներով, օրական լինում է 7-8 զանգ։ Վերջին 8 ամիսների ընթացքում եղել են զանգեր հոգեբանական (48%) եւ իրավաբանական (46%) խորհրդատվության նպատակով եւ 6% շնորհակալական զանգեր։ Ըստ Արմինեի, իրենց դիմում են տարբեր խնդրանքներով՝ ներընտանեկան, ծնող-երեխա հարաբերությունների եւ հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների խնդիրներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031