Ազգային եւ հանրապետական այլ հեռուստաընկերությունների այս օրերի շլյագերը թերեւս նախագահ Քոչարյանի՝ Եվրախորհրդի դահլիճում ասված անգլերեն խոսքն էր՝ սոսկ գրավոր թարգմանությամբ։ Հայ ժողովուրդը հասկացավ, որ իր նախագահը, թող որ ղարաբաղյան շեշտադրությամբ, բայց անգլերեն վարժ կարդում է։ Գիտի ռուսերեն։ Մասնակի տիրապետում է նաեւ հայոց լեզվին։ Հայերիս համար գուցե թե հաճելի էր, որ մեր նախագահն Ալիեւից երիտասարդ եւ առողջ է, սակայն շատերի ազգային ինքնասիրությունը ոտնահարեց մեր նախագահի անգլերեն խոսքը, այն դեպքում, երբ նրա անդրկովկասցի մյուս գործընկերներն իրենց ելույթները վրացերեն եւ ադրբեջաներեն էին ընթերցում։ Ճշտելու համար մեր շարքային քաղաքացիների վերաբերմունքը Քոչարյանի անգլերենի հանդեպ՝ ընդհանրապես եւ նրա ոչ հայերեն ելույթի մասին՝ մասնավորապես, զրուցեցինք պատահական անցորդների հետ։
Աննա Ասատրյան, երաժշտագետ. – Միանշանակ ասեմ՝ դա համարում եմ սխալ, որովհետեւ մեր այս տասը տարվա պայքարի արդյունքում հանկարծ մեր նախագահը Եվրախորհրդարանում հանդես է գալիս անգլերեն լեզվով։ Անկեղծ ասած՝ նրա խոսքը չեմ լսել։ Սակայն նա անգլերեն չպիտի խոսեր, եթե անգամ գերազանց տիրապետեր այդ լեզվին։
Արմեն Եղյան, «մասնագիտությամբ՝ ոչ մի բան». – Զարմացա, որ անգլերեն էր խոսում։ Մեր ազգի պատիվը կբարձրանար, որ հայերեն խոսեր։ Չէ։ Մանավանդ որ Ալիեւը ինքը թուրքերեն խոսեց։
Վիգեն Սարգսյան, «Համաշխարհային բանկ». – Ժամանակները փոխվում են։ Երբ նախորդ նախագահը ֆրանսերենով ելույթ ունեցավ, հիվանդագին մոտեցում կար մեզ մոտ, որ աշխարհին դիմում են ո՛չ հայերեն։ Հիմա ավելի զուսպ մոտեցում դրսեւորվեց։ Փորձ արվեց Եվրոպայի հետ ի՛ր լեզվով խոսել, եւ դա վատ չէ։ Հաջորդ օրը ես դիտեցի համաշխարհային առաջատար գործակալությունների հաղորդումները՝ Քոչարյանի եւ Ալիեւի ելույթների վերաբերյալ։ Եվ մեր նախագահն ավելի լավ էր ներկայացված։
Կարդացեք նաև
Լարիսա Բալայանց, թոշակառու. – Շատ-շատ փոշմանել եմ, որ չեմ լսել Քոչարյանի ելույթը։ Պատամու չտո, լիչնը յա, սամա կարաբախսկայա, եւ ինձ շատ հետաքրքիր էր, ի յա կակայը տը գորդայա զա սվայեվո պրեզիդենտա, կագդա օն, ասենք, զնայետ մնոգո յազիկով։
Արսեն Կատվալյան, տնտեսագետ. – Իմ կարծիքով, անգլերեն այդքան էլ լավ չէր խոսում։ Լավ կարդում էր։ Ինձ թվում է՝ սխալ էր, որ անգլերեն խոսեց։ Ինքը էդքան լավ չի խոսում անգլերեն, եւ ուրիշների հետ շփվելիս պարզ կդառնա, որ նա ուղղակի թիթիզություն էր անում։
Հարցումները՝
Լ. ԱՎԱԳՅԱՆԻ