Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷՐ»

Հունվար 30,2001 00:00
Serj Sargsyan

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը բավականին հաջողությամբ չքաղաքականացվեց։ Հնչում էին հիմնականում բանակին վերաբերող հարցեր։ Որոշ լրատվամիջոցներ, իրենց բանակի մասնագետ համարելով, հարցեր էին տալիս, բայց հանրապետության թիվ մեկ պետական եւ քաղաքական գործիչը կարծես թե չգնահատեց, չգիտես ինչու, նախարարին խնայող լրատվամիջոցների ջանքերը եւ ասուլիսի վերջում, փոխանակ շնորհակալություն հայտներ, որ սուր հարցեր չհնչեցին, դեռ մի բան էլ ինքը մատ թափ տվեց, ասելով՝ թեման ուսումնասիրեք, այդպես ավելի հետաքրքիր կլինի։

Ասուլիսի ընթացքում տպավորությունն այնպիսին էր, որ հանրապետությունում իդեալական իրավիճակ է եւ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունից առաջ բացարձակ ոչ մի հարց չկա 99-ի հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության նախարարությունը գլխավորող պետական պաշտոնյային։ Ի դեպ, «թեման ուսումնասիրելու» մասին։

Պատասխանելով «Առավոտի» հարցին. «Ժամանակին, երբ Վահան Հովհաննիսյանը մեղադրվում էր պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, խնդրում եմ վերհիշեք, թե ով էր Ազգային անվտանգության նախարարը եւ արդյո՞ք այդ նախարարը շահագրգռված էր նման մեղադրանք ներկայացնել», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չէի կասկածում, որ դուք ձեզ հարազատ կմնաք։ Պետք է ասեմ, որ այն ժամանակ անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր, այսինքն՝ ես էի եւ այդտեղ ես որեւէ խնդիր, որեւէ պրոբլեմ չեմ տեսնում եւ ձեզ առաջարկում եմ հանգամանորեն խոսել եւ քննարկել այդ հարցերը պարոն Հովհաննիսյանի հետ։ Եվ, իմիջիայլոց, կարող եք հարցնել՝ որեւէ պրոբլեմ ունի՞ այդ խնդրի հետ կապված պարոն Հովհաննիսյանը»։

«Առավոտի» հաջորդ հարցը վերաբերում էր «Հոկտեմբերի 27»-ին։ Հիշեցնեմ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին եւս ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն էր, եւ, որ պարոն Սարգսյանը պաշտպանության նախարար դարձավ հոկտեմբերի 27-ից հետո. «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ես հարցաքննվել եմ եւ չգիտեմ՝ ինչո՞ւ ձեր մոտ այդպիսի տպավորություն կա, որ ես չեմ հարցաքննվել կամ, եթե չեմ հարցաքննվել, ապա ինչ-որ արտառոց պատճառներ կան»։

Պարոն նախարարն առիթը բաց չթողեց զարմանալ մեր «տեղեկացվածությունից», մենք էլ մեզ թույլ տանք զարմանալ, թե ինչո՞ւ եւ՛ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը իրոք հարցաքննվել են նախաքննության ընթացքում, բայց, ըստ մեղադրական եզրակացության՝ դատակոչված վկաներ չեն։ Նման դեպք երբեւէ չի գրանցվել, որ գործով խիստ կարեւոր վկաները չկանչվեն դատարան եւ ցուցմունք չտան նաեւ դատարանի դահլիճում։ Հավանաբար, «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատները որոշակի պահանջ կներկայացնեն վերոհիշյալ կարեւոր վկաներին դատարան հրավիրելու համար։ «Հայկական ժամանակի» հարցը վերաբերում էր Սերժ Սարգսյանի նոր գնած ավտոմեքենային. «Բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարում խմբագրություն եւ հետաքրքրվում են՝ Ձեր ավտոմեքենան ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել»։ Նախարարը հարցից «շատ ուրախացավ» եւ պատասխանեց այսպես. «Ես ձեզ պիտի խորին շնորհակալություն հայտնեմ ինձ եւ իմ ավտոմեքենան ռեկլամելու համար, եւ ձեզ պետք է տեղյակ պահեմ, որ այդ մեքենան ձեռք չի բերվել բյուջետային միջոցներով»։ Ափսոս, նախարարը չասաց, մենք էլ չհարցրինք՝ «Իսկ ի՞նչ միջոցներով»։ Նույնիսկ մաթեմատիկական սովորական գիտելիքներ ունեցողի համար էլ պարզ է, որ նախարարական աշխատավարձով, թեկուզ հարյուր տարի էլ աշխատես, չես կարող զրահապատ մեքենա գնել։ Բայց քանի որ ճիշտը սեփական փողերը սեփական գրպանում հաշվելն է, համարենք, որ մեքենան կարող էր նաեւ «նվեր» լինել։

Ի դեպ, իր մեքենայի մասին հարցով պարոն նախարարն այնքան ոգեւորվեց, որ որոշ ժամանակ մոռացավ պատասխանել լրագրողի հաջորդ հարցին՝ «Ինչպե՞ս կվերաբերվեիք այն հանգամանքին, եթե ուժային կառույցներից որեւէ մեկի նախարար նշանակվեր դաշնակցական»։ Պաշտպանության նախարարը պատասխանեց. «Այդպիսի բան հնարավոր չէ, որովհետեւ դուք գիտեք, որ մեր Սահմանադրությամբ ուժային կառույցներում, այսինքն՝ սպաները, չեն կարող կուսակցական պատկանելություն ունենալ։ Այնպես որ, այստեղ խնդիր չկա»։ Պարոն Սարգսյանը չմոռացավ մատնանշել նաեւ նախագահ Քոչարյանի մասուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի հայտնի հերքումը։

Հիշեցնեմ, որ ճիշտ ժամանակին հերքվեցին լուրերը ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի՝ ՆԳ նախարար դառնալու մասին։ Իսկ ինչպե՞ս է գնահատում հանրապետության ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանը։ Հավանաբար, գնահատելու բան կա, որովհետեւ հարցի պատասխանը հետեւյալն էր. «Ես կարծում եմ, դրա համար մեր ժամանակը չի հերիքի, որովհետեւ շա՜տ- շա՜տ, շա՜տ երկար ժամանակ պիտի խոսեմ»։ Դե ինչ, սպասենք շա՜տ- շա՜տ-շա՜տ հարմար մեկ այլ առիթի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031