Ալբերտ Բազեյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ պատրաստվում է պատվին եւ արժանապատվությանը հասցված վիրավորանքի վերաբերյալ հայցով դիմել դատարան՝ թերթերից մեկում հրապարակված «Արդյոք ազնի՞վ մարդ էր նախկին քաղաքապետը» հրապարակման համար։
Նշենք, որ ըստ այդ հոդվածի՝ պրն Բազեյանը տարածքներ (հիմնականում՝ այգիներ) էր երկարաժամկետ վարձակալության տվել բավական չնչին տարեկան վարձավճարներով։ Նաեւ ակնարկներ կային, որ որոշ տարածքներ վարձակալության են տրվել ազգականների, ծանոթ-բարեկամների եւ այլն։ Այն հարցին, թե արդյոք բերված տեղեկությունները ճի՞շտ են, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հետեւել է պատասխան, թե որեւէ կեղծ փաստ հրապարակման մեջ ներկայացված չէ։ Սակայն պրն Բազեյանն ասել է. «Հարցադրումներ էր արվել, թե ազնիվ է արդյոք եղել նախկին քաղաքապետը։ Հարցն առկախել էին, մնացել էր բաց, այսինքն՝ ենթադրվում է, որ այդ տարածքները վարձակալության տալու համար քաղաքապետը, հավանաբար, ունեցել է որոշակի շահախնդիր մոտեցումներ։ Ենթատեքստում դա էր»։
Ալբերտ Բազեյանը վստահեցրել է, որ երբեւէ չի կարգադրել այս կամ այն տարածքը կոնկրետ անձի վարձակալության տալ։ Բոլոր դիմումները քննել է համապատասխան վարչությունը, իսկ վարձակալողի ընտրությունը կատարվել է որոշակի սկզբունքներով։ Օրինակ՝ «Ինչ չափով ներդրումներ պիտի իրականացնի, ինչպիսի ծրագիր է ներկայացնում սուբյեկտը եւ իր պատրաստակամությունը «Երեւան» հիմնադրամին որոշակի գումար փոխանցելու վերաբերյալ»։
Պրն Բազեյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի նման մոտեցումը լիովին օրենքի շրջանակներում է։ «Որեւէ ազգականի բացարձակապես ոչինչ տրված չէ,- հակառակի մասին պնդումները զրպարտություն է անվանել նախկին քաղաքապետը։- Ընդհակառակն՝ ես արգելել եմ իմ ազգականների մուտքը քաղաքապետարան»։
Կարդացեք նաև
Սեփ. լր.