Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում եղել են դեպքեր, երբ լրագրողների գլուխը ջարդել են։

Հունվար 30,2001 00:00

«ՊԵՏՔ Է ՃՇՏՈՎ ՄՈՏԵՆԱԼ» Հայաստանում եղել են դեպքեր, երբ լրագրողների գլուխը ջարդել են։ Բայց չի եղել երբեք, որ նման սպառնալիք հնչեցվի պետական հեռուստատեսությամբ, գլխավոր լրատվական ծրագրով։ Առավել ցավալի է, որ այս նախադեպը ստեղծեց գրագետ, զարգացած մի մարդ, որին ազատական արժեքների կրող էինք համարում։ «Գրանդ Սան» ընկերության փոխնախագահ Սեդրակ Սեդրակյանի համար թերեւս ավելի մեծ արժեք է «Առաջին ձեռնոցը» ֆիլմից յուրացրած ճշմարտությունը, որից մեջբերում արեց երեկ իր ասուլիսում. «կՐՌ տպՐՉՏռ վպցՊՈփպ, ՊՈՉՈՑՖ ցՎպռՑպ րՊՈփՌ, ՌվՈփպ ՉՈՎ ցՊՈփՌ վպ ՉՌՊՈՑՖ». ԹՏՑ Ռ ոօսՈ ՊՈվՈ րպՐՖԴջվՈ255 րՊՈփՈ ՉրպՎ ՑպՎ, ՍՑՏ ՎպՔՈպՑ ՐՈոՏՑՈՑՖ»։ Վերնագրում ներկայացրել ենք մի մեջբերում պրն Սեդրակյանի խոսքերից, որ պատվիրան էր լրագրողներին։ Հաջորդ պատվիրանը հնչեց այսպես. «Եթե լրագրողը տնտեսության մասին է գրում՝ նախ պիտի տնտեսությունից գոնե տարրական բաներ հասկանա»։ Քանի որ տնտեսական մեկնաբան չեմ, կներկայացնեմ միայն գործարանի գործող 3 արտադրամասերում շրջելուց եւ «Գրանդ Սանի» ղեկավարների բացատրությունները լսելուց հետո ծնված հարցադրումները՝ պատասխանը թողնելով տնտեսագետներին։ Գործարանում առայժմ արտադրվում են լամպերի միայն պարույրներն ու կոթառները։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ լամպերի արտադրության համար օգտագործվող շիկացման թելիկի հումքը գնվում է Ճապոնիայից եւ Կանադայից, իսկ ապակին բերվում է Լվովից։ «Պարզ է, որ այդ բոլոր կիսաֆաբրիկատները ստացվում են, իսկ մենք այստեղ հավաքում ենք»,- պարզաբանեց «Գրանդ Սանի» գործադիր տնօրեն Լեւոն Պետրոսյանը։ Թող տնտեսագետները մեկնաբանեն, թե այս պայմաններում կարելի՞ է ասել, որ գործարանն արտադրում է լամպեր, թե՞ առայժմ կարելի է խոսել միայն հավաքման մասին։ Անընդհատ արծարծվում էր «Լույսի» պարտքերի խնդիրը, որ նախապես մամուլում 12 մլն էր նշվել։ Հետո Սեդրակ Սեդրակյանը հեռուստատեսությամբ արձանագրեց 11 մլն թիվը։ Իսկ ասուլիսում խոսվում էր արդեն միայն 10 մլն-ի մասին։ Ինչ որ է, հեռուստատեսությամբ Սեդրակ Սեդրակյանը նաեւ հայտարարել էր, թե այդ պարտքերը չեն փակվելու եւ պետությունն ուզում է, որ դրանք հարկերի ձեւով վերադարձվեն։ Բայց երբ լրագրողը նրան հարցրեց. «Կարելի՞ է այդպես ասել, որ պետությունը Ձեզ այդ պարտքերը ներել է», պատասխանեց. «Ո՜չ, պետությունը մեզ այդ պարտքերը չի՛ ներում»։ Երեկ դարձյալ ծագեց այդ հարցը, թե ո՞վ պետք է մարի այդ պարտքերը, եւ պրն Սեդրակյանն արդեն առաջարկեց ուսումնասիրել, թե ինչպես է կարգավորվում այս հարցն օրենսդրությամբ. «Օրենքն ասում է, եթե սնանկ հիմնարկը լիկվիդացվում է, ապա բոլոր պարտքերը զրո են դառնում եւ վաճառքի գումարներից հատկացվում է պարտատերերին»։ Արձանագրենք՝ «Գրանդ Սանը» պարտքերի հետ գործ չունի։ Հիմա տնտեսագետները պիտի մեկնաբանեն, թե մեր պետության, կենսաթոշակառուների, բյուջետային աշխատողների եւ այլոց համար ինչ ասել է 10 մլն դոլարի չվճարված պարտք։ Ի դեպ, Սեդրակ Սեդրակյանը համարում էր, թե իրենք գործարանի համար բարձր գին են վճարել։ Հիշեցնենք, խոսքը 32 հեկտար տարածք զբաղեցնող գործարանը 650 հազար դոլարով գնելու մասին է։ Դարձյալ ի դեպ, նա համարում էր, թե կոնյակի գործարանն ու ԲԷՑ-երն էլ պիտի այսպես աճուրդով վաճառվեին։ Մի թույլ հիշեցում արեցինք, թե կոնյակի գործարանն ախր 30 մլն դոլարով վաճառվեց, բայց նա կարճ կապեց, թե այդ գործարանը կես միլիարդ արժե։ «Մենք պայման էինք դրել, որ 5 տարվա աշխատավարձ չստացած բանվորներն այդ գնից պիտի ստանան իրենց աշխատավարձը»,- պրն Սեդրակյանի այս հայտարարությունից հետո հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ է ներկայացվել այդ պահանջը, որքա՞ն են կազմում այդ չվճարված աշխատավարձերը եւ այդ գումարը վճարելուց հետո պարտատերին որքա՞ն է բաժին հասել։ Պարզաբանվեց, որ այդ պահանջը դրվել է պետության առջեւ եւ «պետությունն ընդառաջ է գնացել այս կոլեկտիվին»։ Սեդրակ Սեդրակյանը նաեւ հայտնեց. «Այդ գումարներից շուրջ 350 հազար դոլար կգնա այդ աշխատավարձերին»։ Այսինքն, պետք է, ոնց որ ասում են, ճշտով մոտենալ հարցին»։ «Ճշտով» մոտեցանք եւ հաշվեցինք, որ պետությունը «Լույսի» վաճառքից ստանալու է փաստորեն միայն 300 հազար դոլար։ Իսկ մնացածը թող «ճշտով» մեկնաբանեն տնտեսագետները եւ ասեն. եթե նման արտոնյալ պայմաններ ապահովեին ցանկացած գործարարի համար՝ արդյոք նրա՞նք էլ հաճույքով չէին ձեռնարկի «մեռած դինոզավրերին» վերակենդանացնելու գործը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ասուլիսում բազմաթիվ խոստում-կանխատեսումներ հնչեցին, թե մինչեւ 2005 թիվը «Գրանդ Սանը» պետբյուջե կմուծի շուրջ 18 մլն դոլար, աշխատատեղերը կհասցվեն 2500-ի եւ այլն։ Կանդրադառնանք այս ամենին, երբ դրանք իրականանալու նշաններ ցույց կտան։ Սակայն խիստ թերահավատ ենք, թե նրանք հաջողության կհասնեն բռնցքամարտի կանոններով առաջնորդվելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել