Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՕԳՆԻ՞ «ՀԵՇՏԱՑՎԱԾ ՌԵԺԻՄԸ»

Հունվար 27,2001 00:00
shinararutyun

Երեկ Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցավ խորհրդաժողով՝ նվիրված ապօրինի շինությունների կանխմանը։

Ինչպես համայնքի թաղապետ Մարտին Սարգսյանը նշեց, շրջանում ապօրինի շինարարությունների դեմ պայքարի կազմակերպման աշխատանքներից այնքան էլ գոհ չէ. «Անցած տարի մեզ մոտ արձանագրվել է ապօրինի շինությունների 89 գործ, բոլոր մեղավորները ենթարկվել են վարչական պատասխանատվության, եւ միայն թաղապետարանի հարկման եւ վերահսկման բաժնի կողմից ներկայացվել է 18 գործ եւ քանդվել է ապօրինաբար կառուցված 6 շինություն»,- տեղեկացրեց պրն Սարգսյանը։

Կոմունալ բաժնի պետ Ամատունի Գրիգորյանը այնքան էլ խիստ չարտահայտվեց ապօրինի շինություններ իրականացնողների հասցեին եւ բացատրեց, որ մարդիկ դա անում են անհրաժեշտությունից ելնելով. «Իրենց պատը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար բնակիչները ստիպված են 100 կազմակերպության դուռ ընկնել, որի հետեւանքն էլ ապօրինի շինություններն են լինում»։ «Դռնեդուռ ընկնելու» հանգամանքը, այն էլ այսօրվա պայմաններում, թաղապետ Սարգսյանը որակեց՝ որպես «բյուրոկրատական քաշքշուկի մի ձեւ», որը մարդկանց տանում է նման քայլերի։

Համատիրությունների կոորդինատորների բաժնի պետ Սուրիկ Կարապետյանն էլ հավաստեց, որ եթե ահազանգը ժամանակին ստանան, ապա ստիպված կլինեն ոչ թե «սարքված կառույցը» քանդել, այլ խոչընդոտել հիմնաքարը դնելուն։ Համայնքի դատախազի օգնականի կարծիքով, ապօրինի շինությունների կանխմանը կօգնի միայն «հեշտացված ռեժիմը», որն էլ բնակչին թույլ չի տա գնալ անօրինական ճանապարհով։ «Ես չեմ հավատում այն բանին, որ համատիրության նախագահները եւ ԺԷԿ-երի պետերը տեղյակ չեն լինում հիմնաքարը դրվելուց,- ասաց թաղապետը եւ զգուշացրեց,- եթե մի տեղ ապօրինի շինություն եղավ եւ ահազանգ չեղավ, այլ ուրիշից լսեցի, որ մի բան է կառուցվում, առանց քննարկումների այդ մարդիկ կազատվեն աշխատանքից»։

Կարելի է կարծել, թե թաղապետը ամեն օր աշխատանքի է գնում ինքնաթիռով՝ չնկատելով Շենգավիթում աչք ծակող ապօրինի շինությունները։

Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031