Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց տոկոսը թոքախտավոր է

Հունվար 27,2001 00:00
qaxbantarkyal

Երբ խոսում են թվերը, իրավիճակը ճշտվում է

Ըստ պաշտոնական տվյալների, հանրապետությունում կա 6500 կալանավոր, որոնցից 400-ը՝ թոքախտով հիվանդ։ Սա նշանակում է, որ հանրապետության կալանավորների շուրջ 6 տոկոսը թոքախտավոր է։ Եթե այս հիվանդության տարածումը մեր հանրապետությունում չի սկսվում կալանավայրերի հակահիգիենիկ վատ պայմանների, անբավարար բուժսպասարկման, վատ օդափոխության եւ թերսնման պատճառով, ապա նշանակում է, որ հիվանդությունը տարածված է հանրապետության ամբողջ բնակչության շրջանում։ Եթե հաշվարկը կատարենք նույն տոկոսային հարաբերությամբ, կնշանակի, որ 2,5 մլն բնակչություն ունեցող մեր հանրապետությունում կա մոտ 150 հազ. թոքախտով հիվանդ մարդ։ Սակայն հանրապետության մասշտաբով այս թիվը չի համապատասխանի իրականությանը, եթե նույնիսկ հարյուրապատիկ այն փոքրացնենք։

Մասնագետները պնդում են, որ թոքախտ հիվանդության տարածման պատճառներն են՝ հակահիգիենիկ պայմանները, վատ օդափոխությունը, անբավարար բուժսպասարկումը, թերսնումը եւ այլն։ Քանի որ թոքախտը ավելի մեծ տարածում ունի կալանավորների շրջանում, ենթադրվում է՝ կալանավայրերում կան այս վտանգավոր հիվանդության տարածման նպաստավոր պայմանները։ Իսկ սա էլ իր հերթին հիմնավորում է մեր համապատասխան պաշտոնական այրերի տված պաշտոնական տեղեկության անճշտությունը, որ մեր կալանավայրերում վիճակը լավ է։ Թե ի՞նչ նպատակ ունի պաշտոնական այրերի այս իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, պարզ է։ Բայց թե ինչո՞ւ են այդ նույն պաշտոնական այրերը ուզում, որ լրագրողները հաստատեն ու տարածեն իրենց կողմից տրվող, սակայն իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, ոչ միայն պարզ չէ, այլ նաեւ բարոյական չէ։

Անկեղծ ասած, առաջիկա տարիներին մեր կալանավայրերի վիճակը չի էլ կարող լավ լինել, որովհետեւ, որպեսզի կալանավայրերի վիճակը բարելավվի, անհրաժեշտ են հսկայական նյութական ռեսուրսներ, որոնք առաջիկայում դեռ չեն ակնկալվում։ Դատարկ բյուջեով հնարավոր չէ բարվոք վիճակում պահել գերբնակեցված կալանավայրերը։ Եթե մեր կալանավայրերում վատ է բուժսպասարկումը, սնունդը, օդափոխության վիճակը, վատ են հիգիենիկ ու կոմունալ կենցաղային պայմանները, այս ամենի կազմակերպման համար չկան նաեւ անհրաժեշտ ֆինանսներ, ապա ի՞նչն է լավ։ Մենք՝ լրագրողներս, նման հարցերը բարձրացնում ենք միայն այն նպատակով, որ համապատասխան պետական, հասարակական կառույցների ու հանրության ուշադրությունը հրավիրենք առկա հիմնախնդրի վրա, դրա հետագա բարդացման դեմն առնելու նպատակով։

Տարօրինակ է, որ մեր պետական կառույցներն ու որոշ պետական այրեր դժգոհում են իրենց տված տեղեկության մեր ճիշտ ընկալումից եւ այն հասարակությանը ճիշտ ներկայացնելուց։ Լրագրողներիս խնդիրն է արձանագրել պաշտոնական այրերի տված տեղեկությունը եւ այն հնարավորինս մատչելիորեն ներկայացնել հասարակությանը։

Հ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031