Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վճարովի համակարգում ուսման վարձի առավելագույն չափը 250 հազար դրամ է, իսկ ԵՊՀ-ում՝ 660 հազար, ԵԲՀ-ում՝ 756 հազար։ Բուհերն իրենք են որոշում ուսման վարձի չափը, եւ դա ոչ այնքան նրանց արժանիքներով է պայմանավորված, որքան հասարակության մեջ այսօր ունեցած պահանջարկով։
Բոլոր պետական բուհերի նկատմամբ պետությունը հավասար պարտավորություններ ունի, բայց քանի որ դրանք գրեթե չի կատարում, բուհերի հույսը ոչ պետական, արտաբյուջետային միջոցներն են։ Մինչդեռ մի բուհը, օգտագործելով պետության տված եւ ոչ թե վաստակած շենքը եւ այլ հարմարությունները, հնարավորություն ունի շատ եկամուտներ ստանալ, մյուսը՝ ոչ։ Հետեւանքը՝ ԵԲՀ-ն կարող է իրեն թույլ տալ շքեղ վերանորոգում, իսկ մանկավարժականի շենքը տեղ-տեղ փլվում է։ Հարցի լուծում կլինե՞ր, եթե բոլոր պետական բուհերի արտաբյուջետային միջոցները միասին հավաքվեին եւ բաշխվեին ըստ պահանջարկի։
Փորձեցինք այս գաղափարի առնչությամբ ճշտել մեր բուհերի ռեկտորների կարծիքը։ Առանց հարցումների էլ կարելի էր ենթադրել, որ «պրիստիժնի» բուհերը դեմ կլինեն այս գաղափարին. ինչի՞ պիտի նրանք իրենց փողերով կիսվեն քիչ եկամուտներ ունեցող գործընկերների հետ։ Այդպիսին թերեւս կարելի է համարել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, որի ուսման վարձը հիմնականում 100-150 հազար դրամ է եւ միայն մեկ-երկու մասնագիտության համար՝ 200-250 հազար։
Բուհի ռեկտոր Միսակ Դավթյանի արձագանքն էր՝ «Դա մեզ շատ օգուտ կտա»։ Բայց հեռատեսորեն հավելեց. «Բոլորը դեմ կլինեն այդ գաղափարին»։ Ըստ պրն Դավթյանի՝ մանկավարժական կադրերի պատրաստումը «պետական նշանակության գործ է՝ մինչդեռ միջոցները, պետական շահերից ելնելով, չեն տրամադրվում»։ Ռեկտորի գնահատմամբ՝ «պետական ոչ մի հոգածություն չկա»։ Բուհի միջոցների 35%-ն է միայն պետբյուջեից գոյանում, մնացածը՝ վարձավճարների հաշվին։ Միսակ Դավթյանի հավաստմամբ, շենքի տարածքը վարձակալությամբ տալուց առաջացող միջոցները շատ չնչին են։ Քիչ թե շատ օգուտ է այն, որ, ըստ պայմանագրի, վարձակալները շինարարական ու վերանորոգման աշխատանքներ են կատարում։ Ըստ ռեկտորի՝ արտաբյուջետային միջոցները հիմնականում դասախոսներին հավելյալ վարձատրելու նպատակով են օգտագործվում, իսկ «այլ ծախսերի համար գրեթե գումար չի մնում»։ Բայց գոնե նրանց մանկավարժների աշխատավարձը մոտ 30%-ով բարձր է գյուղակադեմիայի դասախոսների աշխատավարձից՝ թեեւ որոշ բուհերի համեմատ էլ ցածր է։
Կարդացեք նաև
ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի վերաբերմունքը վերոնշյալ գաղափարի նկատմամբ բացասական էր։ Ըստ նրա, դա նույնն է, «թե խանութ ունեցողի, ռեստորանի տիրոջ եւ փողոցում փող հավաքողի եկամուտները հավաքես ու հավասար բաշխես։ Նրանց նկատմամբ պետությունը պարտավորություններ չունի՞։ Դա անիմաստ է»։ Պրն Մարտիրոսյանի գնահատմամբ, ուսանողը ընտրում է իր ցանկացած բուհը, պատրաստ է վճարել նրա պահանջած գումարը, իսկ բուհն էլ իր դասախոսներով ջանում է ապահովել այնպիսի որակի կրթություն, ինչի անկնկալիք ուսանողն ունի։ Այսինքն՝ յուրաքանչյուր բուհ իր անվանն ու հնարավորություններին արժանի պիտի վարձատրվի։ Ըստ ԵՊՀ ռեկտորի՝ պետական մասը ապահովվում է պետպատվերի շրջանակներում, իսկ վճարովի համակարգը մասնավոր է՝ շուկայական հարաբերությունների օրենքներով գործող։ Ռ. Մարտիրոսյանը նաեւ անհանգստացավ, թե «առանց այդ էլ գանձապետարանը գիշեր-ցերեկ այդ մասին է մտածում, մեր հավաքած փողն իր գրպանում է տեսնում»։ Բայց ԵՊՀ ռեկտորը դեմ չէր, որ սոցիալապես անապահովների պաշտպանության համակարգը ընդհանուր լինի, ընդհանուր պահանջներով ու պարտավորություններով։ Ասենք, ԵՊՀ-ում միակողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վարձը զեղչվում է 50%-ով։ Մյուս բուհերում այդ թիվն ավելի քիչ է կամ ընդհանրապես նման զեղչ նախատեսված չէ։
Բուհերի արտաբյուջետային միջոցները միասնաբար օգտագործելու գաղափարին դեմ է նաեւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։ Ըստ վերջինիս «կոպիտ համեմատության»՝ դա նույնն է, թե կոմունալ բոլոր վարձերը հավաքենք միասին, հետո՝ հավասար բաժանենք՝ այն արդարացմամբ, որ աղբահանության վարձն ավելի քիչ է, քան էլեկտրաէներգիայի վարձավճարը։ Փոխնախարարի կարծիքով. «Յուրաքանչյուր բուհ պետք է իրականացնի այն մասնագիտությունը, որը պետության կողմից նրան արտոնված է իրականացնել։ Մանկավարժական համալսարանում նույնպես կարելի է սահմանել համապատասխան վարձեր եւ վճարովի համակարգն իրականացնել այն ծավալներով, որ տնտեսավարումը, արտաբյուջետային միջոցների մասով, լինի շահեկան տվյալ բուհի համար»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ