Երեկ կլոր սեղանի շուրջ հավաքվել էին հանրապետությունում կենտրոնացված ջեռուցման համար պատասխանատու մի շարք պաշտոնյաներ: Դրանք էին՝ ջեռուցման հանրապետական օպերատիվ շտաբի պետ Արարատ Գոմցյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Էներգետիկ հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Ռոբերտ Բուղդարյանը, «Հայռուսգազարդ» ԲԸ տնօրեն Ռոլանդ Ադոնցը։
Չնայած կազմը բավականին ներկայացուցչական էր, սակայն այս հավաքի բուն նպատակն այնքան էլ պարզ չէր։ Խոսակցությունն ընթանում էր համընդհանուր ճշմարտությունների շուրջ՝ կենտրոնացված ջեռուցումը ծառայություն է, որի դիմաց պետք է վճարել, ջեռուցման համակարգը քայքայվում է, գազի դիմաց մեծ պարտքեր ունենք։ Ըստ էության, մոտ 1,5 ժամ տեւած ասուլիսի ընթացքում որեւէ լուրջ նորություն չիմացանք։ Եվ նույնիսկ այն պարզ հարցին՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ ջեռուցման ողջ համակարգը ոտքի կանգնեցնելու համար, պատասխան կտրվի միայն 6-7 ամիս հետո, երբ ճապոնական կառավարության տրամադրած 200 հազար դոլար գումարով կմշակվի կենտրոնացված ջեռուցման ապագային նվիրված մի հայեցակարգ, կհաշվարկվի ողջ եղածն ու չեղածը եւ կուրվագծվի «ի՞նչ անել» հարցի պատասխանը։
Այսօր հանրապետությունում կենտրոնացված համակարգով ջեռուցվում է 1700 շենք՝ Երեւան, Գյումրի, Հրազդան, Ջերմուկ, Սեւան, Չարենցավան քաղաքներում, որոնց բնակելի շինությունների 80%-ը բազմաբնակարան շենքեր են։ Պրոբլեմների պրոբլեմը ջերմամատակարարների համար եղել է, կա եւ կմնա (հուսով ենք՝ ոչ ընդմիշտ) վարձավճարների անբավարար հավաքագրումը։ Վերոհիշյալ 6 քաղաքների ջեռուցման համար ծախսերը կազմում են 3,8 մլրդ դրամ, որից 2,4 մլրդ-ը զուտ գազի դիմաց վճարվող գումարն է։ Պետությունը գազի համար արդեն իսկ վճարել է 1,2 մլրդ՝ նախատեսվածի կեսը։ Բայց դա, բնականաբար, բավարար չէ։ Հատկապես, եթե հաշվի առնենք «Ջերմային տնտեսության»՝ «Հայռուսգազարդին» եւ «Հայռուսգազարդի»՝ գազ մատակարարող պետություններին ունեցած պարտքերի մեծ քանակը։
Մինչեւ 2000-ի նոյեմբեր այդ պարտքը կազմում էր 1 մլրդ 600 մլն դրամ, այսօր այդ գումարն արդեն աճել է մինչեւ 2 մլրդ 300 մլն դրամի։ «Իտեռա» կորպորացիան, որը մատակարարում է գազը, պահանջում է վճարել ստացած գազի դիմաց։ Պրն Ադոնցի խոսքերով, օրական մատակարարվում է 700 հազար խմ գազ՝ ջեռուցման նպատակով, որը կազմում է 30 մլն դրամ օրական. «Այս սեզոնին կուտակել ենք 944 մլն դրամի պարտք, որի 1/3-րդն արդեն հավաքագրել ենք»։ Այս խոսքերին կասկածելիորեն արագ հետեւեց. «Ու անմիջապես փոխանցել ենք մատակարարին» պարզաբանումը։ Փոխքաղաքապետը հարկ համարեց հիշեցնել, որ ջեռուցման ցանցի «ամենածանր շահագործումը» եղել է 1991թ.՝ ջեռուցվել է 5460 շենք։ Նախորդ սեզոնի վարձավճարները գանձվել են ընդամենը 24%-ով։ Իսկ այս տարվա 450մլն դրամ նախատեսվածից 270 մլն դրամն արդեն վճարվել է, ինչը բավարարին մոտ թիվ է։
Կարդացեք նաև
Պրն Ադոնցը հարցին՝ մյուս տարի կլինի՞ գազամատակարարում, թե՞ ոչ, տվեց գրեթե սպառնալից պատասխան. «Ոչ թե միայն մյուս տարվա գազամատակարարումն է հարցի տակ, այլ շատ հնարավոր է, որ այս սեզոնի համար նախատեսվածը մինչեւ վերջ չտրվի, քանի որ մատակարարը պահանջում է մինչեւ հունվարի վերջը գումարները փոխանցել։ Նրան չի հուզում ոչ մի սոցիալական խնդիր»։
Այս դաժան գնահատականից հետո պրն Գոմցյանին մնում էր միայն լավատեսական հույս հայտնել. «Այնպես անենք, որ մինչեւ մարտի 1-ը լավ գնահատականով ավարտենք ջեռուցումը, մեր տներում լինի ջերմություն՝ 18-200, վճարենք ջեռուցման համար»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ