ԵՐԿԻՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻՑ ԶՐԿԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ Հարկային բեռի «թեթեւացմանն» ուղղված օրենսդրական փոփոխությունների հետեւանքով թանկացավ նաեւ մանկական սնունդը։ Մինչեւ մանկական սննդի շրջանառությունից ավելացված արժեքի հարկ հարկելը՝ դեկտեմբերին մայրաքաղաքի խանութներում մանկական սնունդը, հատկապես՝ մայրական կաթին փոխարինող կերերը, վաճառվում էին 900-1300 դրամով։ Օրենսդրական այս փայլուն նախաձեռնությունից հետո, այս տարվա առաջին իսկ ամսին մայրական կաթին փոխարինող մանկական կերերի գները բարձրացան մինչեւ 1100-1600 դրամ։ Բավական էր շրջել քաղաքի մի քանի խանութ եւ հանդիպել բազմաթիվ զայրացած ծնողների։ Նրանց բնորոշմամբ՝ իշխանավորները պետական բյուջեն լցնելու պատրվակով ծծկեր երեխաներին անգամ զրկեցին սնվելու հնարավորությունից։ Տպավորություն է ստեղծվում, թե պետական այրերը հատուկ ջանքեր են գործադրում ոչ թե փոքր-ինչ վիճակը լավացնելու, այլ «էլ ինչ անենք, որ ավելի վատանա» վիճակին հասցնելու համար։ Թերեւս արժեր, որ օրենսդրական այս նախաձեռնության հեղինակները (ի դեմս՝ կառավարության) եւ այն լռելյայն ընդունած պատգամավորները մի անգամ մտնեին մանկական սննդի որեւէ խանութ ու տեսնեին, որ մարդիկ, որպես դրամական միջոց, Հայաստանի Հանրապետության անձնագրերն են թողնում խանութում հարազատ երեխայի համար մի տուփ մանկական կեր առնելու համար։ Խորհրդարանական քննարկումների ժամանակ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը պնդում էր, որ դեղորայքի (նաեւ՝ մանկական սննդի) շրջանառության վրա ԱԱՀ կիրառելիս կմեծանան հարկային մուտքերը եւ դրանք կուղղվեն սոցիալապես անապահով խավին։ Այս խավի հոգսերով «մտահոգ» իշխանավորներին հայտնենք, որ մինչեւ մեծանան հարկային մուտքերն ու փակվի բյուջեի ճեղքվածքը, սոցիալապես անապահով խավը կվերանա… ֆիզիկապես։ Ընդամենը մի քանի թիվ. թվում է, թե շատ պարզ է՝ հասկանալու համար, որ մանկական սնունդը մանկական առողջությունն է, սա, իր հերթին, ազգի գենոֆոնդի պահպանումն է։ Վիճակագրության համաձայն, 1990թ. ծննդաբերությունը եղել է 95 հազար, իսկ նախորդ տարի այն կազմել է 30-32 հազար։ Ծննդյան օրվանից, նույն վիճակագրության համաձայն, մայրական կաթից զրկվում է երեխաների 20-30%-ը, իսկ մոտ 6 ամսականից սկսած՝ 70-80%-ը։ Բնականաբար, ծնողները իրենց երեխաներին կերակրում են հատուկ երեխաների համար արտադրվող մանկական սննդով (Հայաստան ներկրվում են մայրական կաթին փոխարինող կերեր, շիլաներ եւ մրգահյութեր), որից այս օրենքով պետությունը զրկում է բազմաթիվ երեխաների։ Միայն անցած տարի Հայաստան է ներմուծվել մոտ 120-150 տոննա մանկական սնունդ։ Իսկ ի՞նչ է կատարվում արդեն այս տարի՝ մանկական սննդի շրջանառությունից ԱԱՀ հարկելուց հետո։ Այն, ինչ կկատարվեր դեղորայքից ԱԱՀ հարկելու դեպքում, տարածաշրջանի պետություններից՝ հատկապես Վրաստանից (որտեղ մի ամիս այս օրենքը կիրառելուց հետո հանեցին) ցանկացած քաղաքացի պայուսակներով ու ճամպրուկներով մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում ավելի էժան եւ կասկածելի որակով մանկական սնունդ։ Բնականաբար, իշխանավորների իսկ բնորոշմամբ, սոցիալապես անապահով խավը կվազի էժան մանկական սնունդ գնելու՝ հաշվի չառնելով, որ դրանով իսկ վնասում է (կամ գուցե շատ լավ գիտակցելով, սակայն այլ ճանապարհ չունենալով) հարազատ երեխային։ Ի տարբերություն անլեգալ ճանապարհով Հայաստան ներկրող մանր առեւտրականների՝ մեծ քանակությամբ ներկրվող մանկական կերերն այսօր մանրամասն զննվում են, սերտիֆիկացվում, որից հետո թույլատրվում է իրացնել դրանք։ Հիմա պետության «օգուտների» մասին. անլեգալ ճանապարհով Հայաստան մտնող մանկական սնունդը չի սերտիֆիկացվում եւ առաջին հերթին վտանգ է ներկայացնում առողջության տեսակետից։ Նույն այդ՝ մաքսանենգ ճանապարհով բերված մանկական սնունդն ընդհանրապես չի հարկվում՝ ուստի եւ մեծանում է ստվերային տնտեսությունը։ Իսկ այս վերջին հանգամանքը հաստատապես ձեռնտու է պետության ղեկին նստած մեր իշխանավորներին։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ