Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան»-ը՝ կործանման եզրին

Հունվար 27,2001 00:00
grel

Նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետ Ա. Մարգարյանին «Երեւան» կինոստուդիայի աշխատակազմը դիմում է Ձեզ, որպես պետականության, ազգային գաղափարախոսության եւ մշակույթի երաշխավորների, կատարվող ողբերգական սխալը կանխելու խնդրանքով։

Վերջերս Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի կարգավիճակի փոփոխության հետ մեկտեղ լուծարվել է 4 տասնամյակ գործող, 600 գեղարվեստական, վավերագրական ու երաժշտական ֆիլմեր ստեղծած «Երեւան» ստուդիան։ Մեր խորին համոզմամբ, «Երեւան» ստուդիայի մեխանիկական կցումը նորաստեղծ կառույցին՝ կործանարար է ոչ միայն մեր ստուդիայի, այլեւ Հայաստանում որակյալ հեռուստատեսային արտադրանքի եւ ընդհանրապես կինոարտադրության համար։ Ընդամենը 6 ամիս առաջ «Երեւան» ստուդիայի տեսաֆիլմերից մեկը հատուկ մրցանակի արժանացավ ԱՊՀ երկրների հեռուստափառատոնում, անցյալ տարի արտադրած մեր նոր լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը Մեծ Բրիտանիայի կինոընկերության առաջարկով այժմ տեսագրվում է Լոնդոնում եվրոպական հանդիսատեսին ներկայացվելու նպատակով։ Մեզ հաջողվել է ամերիկյան շուկայում վաճառել որոշ արխիվային տեսագրություններ՝ եկամուտ բերելով պետությանը։ Այս օրերին ԱԳՆ-ի միջոցով մենք բանակցություններ ենք վարում իրանական կինոինստիտուտի հետ համատեղ կինոարտադրանքի մասին։

Այս տարի մենք ավարտում ենք բարոնուհի Քոքսին նվիրված տեսաֆիլմը, արտադրության մեջ է «Հայաստան՝ 20-րդ դար» վավերագրական սերիալը, պետպատվերով նախատեսված է Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված գեղարվեստական կինոնկար։ «Երեւան» ստուդիան միակն է Հայաստանում, որը պահպանել է գործող կինոլաբորատորիան եւ վերջին տարիներին «Հայֆիլմ» ու «Հայք» ստուդիաները պարբերաբար դիմում էին մեզ կինոժապավեն երեւակելու եւ տպելու խնդրանքով։ Եվ այս հանգամանքներում առանց որեւէ մասնագիտական քննարկման որոշվում է լուծարել գործող կինոստուդիան եւ կցել նորաստեղծ հեռուստառադիոխորհրդին, որի կազմում ընդգրկված չէ «Երեւան» ստուդիայի որեւէ ներկայացուցիչ։ Մեր ստուդիայի լուծարման իրավական հիմքերը նույնպես շատ կասկածելի են։ Խորհրդարանի կողմից վերջերս ընդունված «Հանրային հեռուստատեսության մասին» օրենքը հիմք չի տալիս մեր կինոստուդիան լուծարել, ինչը անձամբ հաստատեց ԱԺ հանձնաժողովի նախագահ Շ. Քոչարյանը։

Աշխատանքային առանձնահատկություններից ելնելով, տասնամյակներ շարունակ «Երեւան» ստուդիան եղել եւ մնում է ինքնուրույն, ստեղծագործական եւ իրավական միավոր, ինչի շնորհիվ այն պահպանվել է որպես գործող կինոստուդիա, ստեղծելով «Ձորի Միրո», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերը, «Անուշ» ֆիլմ-օպերան, «Մատենադարան» շարքը, Փելեշյանի գլուխգործոցները։ Միայն 90-ականների կեսերին մի քանի ամսով «Երեւան» ստուդիան կցվել էր հեռուստատեսությանը եւ հենց այդ անտերության շրջանում թալանվեցին մեր ավտոմեքենաների բազան, լուսավորման եւ մոնտաժային սարքերի մի մասը։ 1997թ. ի վեր «Երեւան» ստուդիան նորից գործում է որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն, իրավահավասար՝ հեռուստատեսության ու ռադիոյի հետ։ Բարեփոխումների քողի տակ կցել կինոստուդիան հեռուստատեսությանը, կրկնելով նույն սխալը, նման է հանցագործության։ Հարյուր հոգիանոց կոլեկտիվը խնդրում է կանխել այն։

«Երեւան» ստուդիայի կոլեկտիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031