Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլորյալ Քոչարյանի քինախնդրությունը

Հունվար 27,2001 00:00

Մոլորյալ Քոչարյանի քինախնդրությունը Արկադի Վարդանյանի առողջական վիճակով եւ ճակատագրով անհանգստացած մի քանի քաղաքական գործիչներ երեկ հավաքվել էին՝ քննարկելու ստեղծված կացությունը եւ հանրությանն իրենց անհանգստությունը հայտնելու համար։ Ըստ փաստաբան Սամվել Ջաղինյանի, Արկադի Վարդանյանը ի վիճակի չէ որեւէ քննչական գործողության մասնակցելու։ Պետք է նրա խափանման միջոցը փոխել։ Ի դեպ, փաստաբանը միջնորդությամբ, ընդ որում՝ հեռագրով, դիմել է դատախազությանը. «Հեռագրով եմ դիմել, որ չասեն՝ ուշ ստացանք։ Այսօր պետք է պատասխանը ստանամ։ (Ու թող չասեն՝ շաբաթ օր է, չենք պատասխանում)։ Եթե քրեական գործը նրա դեմ հարուցեցին շաբաթ օրը, թող շաբաթ օրն էլ պատասխան տան՝ ինչո՞ւ են իմ պաշտպանյալին կալանքի տակ պահում»։ «Հայոց տուն» միության նախագահը համոզված էր, որ Ա. Վարդանյանի դեմ հարուցված մեղադրանքը՝ քր. օր.-ի 65 հոդվածով անհեթեթություն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ հասարակարգ է, ո՛չ էլ սահմանադրական կարգ, որոնք փոխելու կոչերի դեպքում է գործում այդ հոդվածը. «Երկու օր առաջ Վ. Օսկանյանը ստորագրեց Մարդու իրավունքների կոնվենցիան Ստրասբուրգում, բայց մեզ մոտ այդ իրավունքներն անընդհատ ոտնահարվում են»։ «Սոցիալիստական Հայաստանի» անունից Աշոտ Մանուչարյանը հայտնեց, որ իրենք Արկադի Վարդանյանին ընկալում են որպես պատանդ եւ ոչ թե քաղբանտարկյալ։ Ըստ պարոն Մանուչարյանի, Արկադի Վարդանյանի դեմ ուղղված բոլոր գործողությունները կառուցված են Ռոբերտ Քոչարյանի անձնական վրեժխնդրության եւ քինախնդրության վրա. «Ռուսաստանի հանդեպ քայլերում էլ եմ ես քեն տեսնում»։ Ավելի ուշ, պարոն Մանուչարյանը պնդեց, թե Ռոբերտ Քոչարյանը մոլորության մեջ է. «Իշխանության ժամկետն անվերջ չէ։ Այն ավարտվելու է, եւ այդ ժամանակ նա ամեն ինչի համար պատասխան կտա»։ Իսկ մինչեւ նախագահի մոլորությունը կանցնի, Վարդան Պետրոսյանն առաջարկեց իր դեմ էլ քրեական գործ հարուցել, քանի որ ինքն էլ է նույն՝ «Քոչարյան. հեռացի՛ր» կոչն անում, ինչի համար ձերբակալվել է Ա. Վարդանյանը։ Նա Ա. Վարդանյանի դեմ արված քայլերը որակեց «բացահայտ մարդասպանություն», «մահափորձ՝ իշխանությունների կողմից»։ Իսկ ահա կոմունիստ Խորեն Սարգսյանը (որը «բախտ չի ունեցել Արկադի Վարդանյանին ճանաչելու») վստահ էր, որ Հայաստանում պաշտպանվում են միայն մարդասպանների իրավունքները։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին սպառնաց. «Թող հույս չունենա, որ Ա. Վարդանյանին ձերբակալելով, մնացած բոլորը կվախենան ու էլ միտինգներ չեն անի։ Օրերը տաքանան, կսկսվեն միտինգները»։ Նույն կարծիքին էր նաեւ «Ժողովրդավարական Հայրենիք»-ի նախագահ Պետրոս Մակեյանը. «Ռոբերտ Քոչարյանը ժողովրդից է վախենում։ Այդ պատճառով էլ այս ռեժիմն ամեն ինչ անում է երկիրը հայաթափելու համար, որ պարտվենք»։ Ու որպեսզի չպարտվենք, կոչ արեց՝ ոտքի կանգնենք, որ ազատվենք հանցագործ ռեժիմից։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել