Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ ԲՈԲՈ Է, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ»

Հունվար 27,2001 00:00
Emma xudabashyan

Պատգամավորն ասում է, որ Հայաստանում սարսափի մթնոլորտ է, 37 թվի մթնոլորտը ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հոկտեմբերի 27-ի դատավարությունից առաջ կրկնեց 1999-ի հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո արտահայտած իր այն միտքը, որ. «Մենք հոկտեմբերի 27-ի թափած արյան տերն ենք։ Բայց Կարեն Դեմիրճյանը միայն ՀԺԿ-ինը չէր, Կարեն Դեմիրճյանն ամբողջ հայ ժողովրդինն էր։ Նա քաղաքականություն մտավ միմիայն ժողովրդին ծառայելու, երկիրը ծանր սոցիալ-տնտեսական վիճակից հանելու, Հայաստանը կրկին շենացնելու համար։ Նրանք, ովքեր սպանեցին Կարեն Դեմիրճյանին, եւ նրանք, ովքեր այդ սպանությունները կազմակերպեցին, հովանավորեցին, չէին ուզում, որ երկիրը փոսից դուրս գա։ Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին սպանողներին ձեռնտու չէր կայուն, բարգավաճ եւ պաշտպանված Հայաստան ունենալը։ Փաստորեն, հոկտեմբերի 27-ին սպանելով Կարեն Դեմիրճյանին, սպանեցին ժողովրդին ծառայողին։ Ուրեմն հոկտեմբերի 27-ի արդարացի բացահայտումն ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, ժողովրդի պատվի հարցը։ Այս պահին հաց եւ ջրից ավելի շատ ժողովուրդը պահանջում է հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Երեկ ես Սեւանում մասնակցում էի ՀԺԿ տարածքային կազմակերպության կոնֆերանսին, ժողովրդի առաջին պահանջը հոկտեմբերի 27-ի բացահայտմանն էր վերաբերում»։

Տիկին Խուդաբաշյանն ասաց, որ դատավարության ամբողջ ընթացքում կընթանան հասարակական լսումներ, եւ դատավարության ընթացքում հնչած ցանկացած կեղծ ձեւակերպման՝ հասարակությունն անմիջապես կարձագանքի։ Էմմա Խուդաբաշյանը դատավարությունից մեծ սպասելիքներ չունի. «Հիմա դուք չե՞ք տեսնում՝ ինչ ծածկադմփոց են անում, ինչպես են ակնհայտ բաները կոծկում, իրենց հարմար վարկածներն են հրապարակ նետում»։ Էմմա Խուդաբաշյանը պնդում է, որ Նաիրի Հունանյանին եւ մնացածներին մահապատժի պետք է ենթարկել։ Իսկ այդ դեպքում. «Եթե տեսան, որ ճար չունեն, շատ լավ էլ ճշմարտությունը դատարանում կասեն»։ «Կազմակերպիչները Նաիրիի հետ դեռ կապեր ունեն, այդ կապերի մասին էլ ժողովուրդը կիմանա։ Ոչ ոք չի կարող փրկվել եւ չպետք է փրկվի»։

Պատգամավորի վարկածն այն է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները «այստեղի բնակիչներ են, Հայաստանում Նաիրի Հունանյանը եւ իր խումբն ունեն թիկունք եւ կազմակերպիչներ, չի բացառվում, որ դրսի ուժերն էլ են օգնել»։ Տիկին Խուդաբաշյանը ԱԺ սոցիալական, առողջապահական, բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Հունվարի 22-ին Արկադի Վարդանյանի կնոջ՝ Ելենա Վարդանյանի խնդրանքով վերոհիշյալ հանձնաժողովի անդամները դիմել էին ԱԱ նախարար Կ. Պետրոսյանին՝ խնդրելով թույլատրել այցելությունը ծանր առողջական վիճակում գտնվող Արկադի Վարդանյանին։ ԱԱ նախարարը կարծես մտադիր էլ չէ պատասխանի արժանացնել հանձնաժողովի խնդրանքը։ Էմմա Խուդաբաշյանը վրդովված էր նման վերաբերմունքից։ Նա հիշեց, որ Նաիրի Հունանյանի ցանկացած պահանջ կատարվում էր (եւ՝ է), թե ինչպես ՀՀ նախագահին կից հանձնաժողովն այցելեց մարդասպանին։

Ինչո՞ւ նույն մարդասիրությունը չի արտահայտվում Արկադի Վարդանյանի պարագայում, մի՞թե նա ավելի վտանգավոր է, քան պետական հեղաշրջման փորձ կատարած, պետական ութ գործիչներ սպանած մարդասպանը. «Այսօր Արկադի Վարդանյանը փաստորեն սարսափելի ծանր վիճակում է, ոչ ոք չի արձագանքում։ Քար լռություն է։ Հայաստանում վախի մթնոլորտ է։ Սարսափի մթնոլորտ է տիրում Հայաստանում։ Այն Հայաստանում, որի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգում։ Եվրախորհրդի անդամ դարձանք, երբ երկրում սարսափի մթնոլորտ է։ Ո՞վ է այս բոբոն, որ բոլորին վախեցրել է։ Ես մայր եմ, կին եմ, տատ եմ եւ չեմ ուզում, որ Արկադի Վարդանյանի երեխաները որբանան։ Ի՞նչ էր արել Ա. Վարդանյանը, Քոչարյանին ասել էր՝ հեռացիր։

Ուրեմն՝ ով Քոչարյանին մի թթու խոսք ասի՝ պետք է գնա-մեռնի՞։ Իսկ եթե Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին են սպանում, ուրեմն սպանողներին կարելի է այցելել, ստուգել առողջական վիճակը, պետականորեն պահպանել, մարդասեր լինել, տեսնել՝ ի՞նչ թեյ են խմում՝ մուրաբայո՞վ խմեցին, թե՞ երիցուկով։ Իսկ եթե մեկը Քոչարյանին ասել է՝ հեռացիր, ուրեմն պիտի գնա-մեռնի՞։ Քոչարյանը չհեռացավ, մնաց իր տեղում, Արկադի Վարդանյանին էլ թողեք թող գնա իր երեխաների մոտ, փոքր երեխաներ ունի։ Ինչո՞ւ այս դեպքում նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովին չի հետաքրքրում Արկադի Վարդանյանի վիճակը»։

«Առավոտ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 27-ի դատավարության ընթացքում երկպառակություններ սկսվեն «Միասնություն» դաշինքում, Էմմա Խուդաբաշյանը պատասխանեց. «Լավ կլինի, որ երկպառակություններ չլինեն, որովհետեւ դաշինքի գոյությունը լուրջ իրողություն է, քանի որ դաշինքը ստեղծվեց՝ նպատակ ունենալով ի կատար ածել Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի ծրագրերը։ «Միասնության» մեջ գտնվող մարդիկ պետք է այնքան խելամիտ լինեն, որ մտածեն, թե 27-ի բացահայտումով իրենց զավակների ապագան են ապահովում»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031