Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՔԱՅԼ՝ ԱՌԱՆՑ ՀԱՕԿ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

Հունվար 26,2001 00:00
haok

Թե ինչու Սիդնեյի օլիմպիական խաղերում մեր սպասելիքները չարդարացան, ամենատարբեր մեկնաբանություններ են տրվել։ Սակայն առայսօր, թերեւս, ուշադրությունից վրիպել է ամենակարեւոր պատճառներից մեկը։ Նախապատրաստության ողջ ընթացքում եւ Խաղերի օրերին աչքաթող է արվել մարզական բժշկությունը, առանց որի հետ սերտ համագործակցության՝ ավելորդ է որեւէ լուրջ հաջողություն ակնկալել։

Հիմա, երբ սկսվել է 2004թ. օլիմպիական խաղերին նախապատրաստվելու քառամյա ցիկլը, մարզումներում, հավաքներում ու մրցումներում ՀԱՕԿ-ի բժշկական հանձնաժողովի գործուն ներկայությունն արդեն իսկ պարտադիր է։ Այս մասին խոսվեց ՀԱՕԿ-ի նախագահ, փոխնախարար Իշխան Զաքարյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցությունում, որին մասնակցում էին Սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ-ի բժշկական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արմեն Մելիքյանը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի աշխատակիցներ, գիտական խմբի ղեկավար Ռաֆայել Թորոյանը, հոգեբան Հրանտ Ավանեսյանը եւ Սպորտվարչության կից հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը։

Անթույլատրելի համարվեց, որ մարզական բժշկության ոլորտում, ունենալով բանիմաց մասնագետներ, նրանք, ըստ էության, մեկուսացված են սպորտից, հնարավորություն չունեն մասնակցելու ազգային, երիտասարդական, պատանեկան հավաքականների աշխատանքների կազմակերպմանը, որպեսզի դրանք դրվեն գիտական հիմքերի վրա, գործնական առումով լինեն ավելի նպատակային ու արդյունավետ։ Ու դրանում հիմնականում մեղավոր են իրենք՝ հավաքականների գլխավոր մարզիչները։ Որքան էլ նրանք կամ մարզիկները փորձառու եւ տիտղոսավոր լինեն, միեւնույն է, չեն կարող ճիշտ որոշել, թե ում ինչ ծանրաբեռնվածություն է թույլատրելի, ինչ վիտամիններ ու վերականգնիչներ է հարկավոր օգտագործել ու ինչ չափաբաժնով, քանի մարզում կամ հավաք է հարկավոր անցկացնել օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա եւ քառամյա կտրվածքով, քանի որ չունեն բժշկական, հոգեբանական նույնիսկ տարրական գիտելիքներ։

Այս ամենի խոր վերլուծությունն էլ հենց ցույց է տալիս, որ նախորդ քառամյա ցիկլում կատարված աշխատանքները վերջնական արդյունքով ջուրն ընկան։ Խորհրդակցությունում բժշկական ու գիտական ծառայությունների ղեկավարները ներկայացրին իրենց մշակած ծրագրերը, պատրաստակամություն հայտնեցին անմիջապես սկսել իրենցից պահանջվող աշխատանքները, նշեցին առաջնահերթ այն քայլերը, որ ղեկավարությունը, եթե հատկապես ցանկություն կա սայլը տեղից շարժել եւ հաջողությունների հասնել, պետք է անի։ Ի. Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ ինքը շատ է կարեւորում մարզական բժշկության դերը, այլապես չէր հրավիրի այս խորհրդակցությունը։ Նա ասաց, որ կանի հնարավոր ամեն բան ՀԱՕԿ-ի բժշկական հանձնաժողովի աշխատանքները խթանելու համար եւ հորդորեց նրանց՝ գործի անցնել առանց ժամանակ կորցնելու։

Ավելին, նա նաեւ վստահեցրեց, որ ինքն ու Սպորտվարչության պետն անձամբ են հետեւելու ֆեդերացիաներում, հավաքականներում տարվող աշխատանքներին եւ պարտադրելու են գլխավոր մարզիչներին, մարզիկներին, անկախ նրանց կոչումներից, թիմերում ինքնուրույն ոչ մի քայլ չանել՝ առանց բժշկական հանձնաժողովի կամ նրա կողմից նշանակված մասնագետի իմացության եւ թույլտվության։ Լինի դա հավաքականների թեկնածուների ընտրություն ու թիմերի համալրում, մարզումների ծանրաբեռնվածություն, դեղերի ու վիտամինների օգտագործում, հավաքների, մրցաշարերի մասնակցության վայրի ու ժամկետների ընտրություն եւ ամենօրյա կարգապահություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031