Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկ Կարապետյանին

Հունվար 26,2001 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ [Ran out of memory] Խաչիկ Կարապետյանին Ես տուն էի եկել սովորական ժամին, ավելի ճիշտ՝ սովորականից էլ շուտ: Առավոտ իմացել էի, որ մահացել է հարազատներիցս մեկը՝ մի հիանալի կին, որի տղան ուշք չէր դարձնում հասակն առած մորը: Ուզում էի բոլորին բացատրել, թե ինչ ափսոս էր ու ինչպես տղան չէր գնահատում նրան: Ինչ-որ աշխատելս էլ չէր գալիս, բայց ոչ մեկին չկարողացա կտրել գործից, որ մի-երկու բաժակ խմեինք-խոսեինք-թեթեւանայի: Հետո թողեցի-տուն եկա: Ընթրիք դրեց: Կերա՞-չկերա՞: Պառկեցի անկողնում, ժամը տասը չկար, մի քիչ հեռուստացույցի ալիքները փոխեցի ու քնեցի: Որ զարթնեցի-վառեցի կողքիս լույսը, նայեցի-տեսա, որ դեռ կեսգիշեր էլ չէ՝ ժամը տասնմեկն անց կես էր: Ի՞նչ էր պատահել, ի՞նչ վիճակում էի, որ չկարողացա քնել. տուն էի եկել սովորական ժամին, ավելի ճիշտ՝ սովորականից շուտ, առավոտ իմացել էի, որ մահացել է հարազատներիցս մեկը՝ մի հիանալի կին, որի տղան ուշք չէր դարձնում տարեց մորը, գործի տեղում ամեն ինչ նույնն էր. մանր-մունր տհաճ խոսակցություններ եղան-անցան, բայց աշխատելս չէր գալիս ու սովորականի պես երկար չմնացի՝ շուտ եկա տուն: Բայց լավ բաների մասին էլ չմոռանամ: Օրինակ, հաստատվեց լուրը, որ նոր համակարգիչ եմ ստանալու՝ հզոր հիշողությամբ: Նոր հերոսներիս ավելի արագ կարող եմ մարմնավորել, հեշտ ու սահուն կշարժվեն: Երկար կապրեն: Հետո քիչ մնաց՝ շուտով աշխատավարձ եմ ստանալու: Կգնամ երկու հատ ճոճաթոռ կառնեմ՝ տեղն իմացել եմ: Եղբայրս ամառանոցի համար խոստացած փողը կուղարկի, փոքրիկ ամառանոց կառնեմ, վերջապես կհեռանամ էս տնից, սիրածս կինը կտեղափոխվի ինձ մոտ, ճոճաթոռները կդնենք դրսում, սուրճ կխմենք, ինքը կգործի, կբլբլա ականջիս տակ, իսկ ես ուղղակի մայրամուտին կնայեմ՝ հոգնել եմ: Ուզեցի հիշել դեմքը, բայց աչքերիս առաջ չեկավ: Ուզեցի վերջերս հնարած կերպարներս մտաբերել, բայց հիշողությանս առաջ սովորականի նման գունավոր ու շարժուն չբացվեցին: Ես վերցրի առաջին պատահած թուղթն ու գրեցի. Հետո ինձ ասվեց. – Դու այնքան էիր ուզում տղա ունենալ, որ Մենք ուղարկեցինք մի հրեշտակի, որ իրագործի քո երազանքը: Նա ինձ մոտ մնաց 8 տարի: Իսկ հետո՝ հեռացավ: Այնժամ ես հասկացա, որ ինձ տրված էր որոշ ժամանակ՝ գոյություն քարշ տալու համար: Իմ ճյուղը կոտրվեց, ինձ ոչնչացրին ժամանակի մեջ: Ես արդեն չկամ: Երբ նույն տարի գնացինք գերեզմաններ՝ ձյուն էր գալիս: Դա փառահեղ ձյուն էր՝ մեծ փաթիլներով եւ արագ: Գերեզմանոցում ոչ մի ոտնահետք չկար: Կար միայն մի ոտնահետք, որ գնում էր դեպի իմ տղայի գերեզմանը: Հետո մենք հանդիպեցինք մի 17-18 տարեկան տղայի: Գերեզմանոցում այլեւս ոչ ոք չկար: Նա ինքը մոտեցավ մեզ եւ հարցրեց. – Ճի՞շտ է արդյոք, որ պետք է գերեզմաններ գալ Զատիկի հաջորդ օրը: Մենք ասացինք. – Այո: Նա հեռացավ: Միայն շատ հետո իմ մտքով անցավ, որ այդ տղան նույնպես ուղարկված էր որպես բանբեր՝ հասկացնելու համար, որ իմ տղան տրված էր ինձ ինչ-որ ժամանակով, որը լրանալուց հետո՝ հեռացավ: Դա բանբեր էր: Եվ մայր էր մտնում արեգակը բորբ՝ որպես պղնձե մետաղադրամ: 16.01.2001, 23:45 Գրելուց հետո զգացի, որ մրսում եմ: Բայց այս երկրում բոլորն են մրսում՝ ի՞նչ արտասովոր բան կա: Վրաս գցեցի ծածկոցն ու կռացած նստեցի, մինչեւ զգացի, որ սիրտս կանգնում է: Ես նրան խնդրեցի, որ աշխատի: Խոսեցի՝ ինչպես պետք է սրտի հետ խոսել՝ հանգիստ ու մեղմ: Մանավանդ որ առհասարակ հանգիստ եմ խոսում: Բայց նա կանգ առավ: Ասաց, որ հիշողությունը չի բավարարում: Եվ պահանջեց անջատել ամբողջ ծրագիրը: Պատմվածքում զետեղված տեքստը Հայաստանում համակարգչային անիմացիայի առաջին եւ լավագույն վարպետներից մեկը՝ Խաչիկ Կարապետյանը, գրել է մահվանից մեկ ժամ առաջ: ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել