Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գլխավոր ճարտարապետ եւ փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյան

Հունվար 26,2001 00:00

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ՝ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՅՔԱՐ Երեկ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գլխավոր ճարտարապետ եւ փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպեց քաղաքաշինական խորհրդի անդամներին։ Ճարտարապետներից շատերն արդեն հինգից ավելի քաղաքապետեր են ընդունում ու ճանապարհում։ Այս նոր քաղաքապետի (ինչպես եւ էլի մի քանի նախորդների) հետ հանդիպումից ընդհանուր առմամբ գոհ էին։ Հանդիպման վերջում մի քանի ավագ ու երիտասարդ սերնդի ճարտարապետների կարծիքը փորձեցի իմանալ նոր քաղաքապետի խոստումների վերաբերյալ. «Էնքա՜ն ենք տեսել…»,- ասաց մեկը հանգստությամբ։ Ռ. Նազարյանը շտապում էր մեկ այլ հանդիպման՝ վարչապետի հետ, այդպիսով մեկ ժամ տեւեց «շնորհանդեսը»։ Ռ. Նազարյանը շեշտեց, որ քաղաքաշինական խորհրդին նոր կարգավիճակ պետք է տրվի եւ որի որոշումները վերջնական կդառնան քաղաքապետի որոշում կայացնելու համար։ Քաղաքապետի որոշումով հողահատկացումների թույլտվությունների գործընթացը ժամանակավորապես կկասեցվի, մինչեւ որ շինարարությունների թույլտվության մասին նոր կարգը մշակվի. «Չստացվի այնպես, թե ԶԼՄ-ով ասեն, որ դա իմ օրոք չի եղել։ …Կարգավորելը այսպես եմ հասկանում, որ նախեւառաջ պետք է որոշումից հետո, եթե չունի պայմանագիր՝ կնքվի, որտեղ պետք է պայմանագրային բոլոր պարտավորությունները ներառվեն, սկսած՝ աշխատանքների կազմակերպման նախագծից, ժամկետից, ավարտից։ Սա անհրաժեշտ է, որպեսզի եթե դա քաղաքի կենտրոնական մասերում է՝ չխաթարի շինարարության ամբողջ ընթացքը, քաղաքի ճարտարապետական տեսքը, եւ ունենանք հստակ նորմատիվային ժամկետ՝ շինարարության ավարտի համար։ Դրանից հետո, եթե շինարարությունը ձգձգեն՝ լուրջ ֆինանսական սանկցիաների կենթարկվեն մեր կողմից, չի բացառվում, որ կդադարեցվի այդ օբյեկտի պետականացումը հօգուտ քաղաքապետարանի։ Սանկցիաները լինելու են շատ խիստ։ Ավելի թանկ բան, քան այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի՝ չկա. դա Երեւանի հողերն են։ Եվ այդ հարցում մենք պետք է շատ կշռադատված եւ զգույշ քաղաքականություն վարենք»։ Որպես երկրորդ կարեւոր պայման՝ քաղաքապետը շեշտեց այն, որ սկզբից պետք է լինի պայմանագիրը, հետո՝ քաղաքապետի որոշումը։ Եվ յուրաքանչյուր օբյեկտ կառուցապատման ընթացքում պետք է ցուցանակ ունենա, որում նշված կլինի՝ ով է պատվիրատուն, ով՝ կապալառուն, ինչ որոշումով, ինչ հաստատված նախագծով, ինչ օբյեկտ է կառուցվում, եւ երբ է ավարտվում շինարարությունը։ Սա, որպեսզի ցանկացած երեւանցի իմանա՝ ինչ է կառուցվում իր մայրաքաղաքում։ Ճարտարապետները կրկնեցին իրենց հարցերը, ինչ նախկին քաղաքապետերից շատերին բազմիցս ասել էին՝ գլխավոր հատակագծի մշակում, Երեւանը պետք է ունենա «մայրաքաղաքային» քաղաքականություն, բոլոր այգիները վարձակալությամբ են տրված մանր ու մեծ հեղինակությունների, ապօրինի շինությունների վերահսկում, ֆինանսներ, վերահսկվի, որ պատվիրատուն չվերաձեւի ճարտարապետի աշխատանքը, այլ հաստատված նախագծով կառուցվեն օբյեկտները եւ այլն, եւ այլն։ Ռոբերտ Նազարյանը, ինչպես կարգն է՝ ուշադիր լսեց համառոտ ելույթները եւ ամփոփեց. «Եթե կա ցանկություն, ապա մեզ ոչ մի բան չի խանգարելու ապօրինի շինարարության դեմ պայքարել։ …Օրենսդրական դաշտը, եթե թերի է՝ դա ինձ քիչ է հետաքրքրում, որովհետեւ առանձին դեպքերում ապօրինությունների դեմ ես օրենքով չեմ պայքարելու։ Ես էլ եմ ապօրինությունների դեմ ապօրինություններով պայքարելու։ …Լինելու եմ անողոք՝ իմ պայքարի մեջ եւ իրավապահպան մարմիններին ու համայնքների ղեկավարներին ասել եմ՝ ամիսը մեկ անգամ հավաքվելու ենք եւ գնահատական ենք տալու։ …Պատժում ենք անմիջապես, մինիմումը՝ աշխատանքից հեռացում, առանց երկար-բարակ քննարկելու, թե ով է այդ ապօրինության հետեւում կանգնած՝ հեղինակությո՞ւն էր, պաշտոնյա՞ էր եւ այլն»։ Միշտ էլ տպավորություն է ստեղծվել, թե նոր նշանակված բոլոր քաղաքապետերը իրենց պաշտոնը ստանձնելուց տառացիորեն մի քանի վայրկյան առաջ առյուծի կաթ են խմել։ Բայց հետո պարզվել է, որ ապօրինի շինությունները, հեղինակությունները ու պետական եւ ոչ պետական «կռիշա»ները հավերժ են՝ մեր լեռների պես։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել