Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի հայրը՝ իր որդուց առգրավված իրերը

Հունվար 26,2001 00:00

Տուժողը մահացած աղջկան է պահանջում Ամբաստանյալի հայրը՝ իր որդուց առգրավված իրերը Լուսանկարում պատկերված Թամարա Սուրենի Հարությունյանի կյանքն ընդհատվեց ավտովթարից, 1999թ. մայիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում։ Ոչ ոք հաստատապես չի կարող ասել. ոսկե երա՞կ կտրվեց այս աշխարհում, մաքուր տեսա՞կ անհետացավ։ Մի պատկեր այնուամենայնիվ ուղեկցում է ինձ. երաժշտական գործիքը մանուկ ափերում գրկած 12-ամյա աղջնակի պատկերը։ 1999թ. նոյեմբերից էլ սկսվեց դռնբաց դատավարություն, որի պարբերաբար լուսաբանումներ դատարանի դահլիճից չեղավ. տուժողը շարքային քաղաքացի էր, գրպանը ծակ, բանվոր, հանրության համար ոչինչ չներշնչող։ Ավտովթարի ենթարկողը դատախազության նախկին բարձրաստիճան աշխատակցի՝ Գեորգի Դաշյանի որդին էր՝ Հայկազը։ Ուզում եմ հասկանալ երկու հայրերին էլ։ «Ինչո՞ւ այդպես եղավ» հարցին երկուսն էլ հավանաբար տվել են իրենց ներքին պատասխանները։ Եվ եթե Սուրեն Հարությունյանի համար պատասխան գտնվել էլ էր, թե «Հայկազը մի քիչ խմած էր» կամ «անփույթ գտնվեց», հաստատ նրա վիշտն ավելի անսփոփելի է. նա երեխա է կորցրել։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 6 տարի ազատազրկման դատապարտեց Հայկազ Դաշյանին, «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկումով՝ 5 տարի ժամանակով»։ Տուժողի իրավահաջորդների՝ ծնողների հայցն էլ բավարարվեց մասնակի՝ 1 միլիոն դրամի չափով։ (Տեղեկացնեմ նաեւ, որ տուժող էր ճանաչվել նաեւ պետավտոտեսուչ Արամ Այվազյանը, որին դիմադրություն ցույց տալիս վիրավորել էր ամբաստանյալը- Ռ. Մ.)։ Վերաքննիչ դատարանը 6 տարի ազատազրկում-պատիժը թողեց անփոփոխ եւ հօգուտ տուժողի իրավահաջորդի 1 մլն 200 հազար դրամ բռնագանձման վճիռ կայացրեց։ Հենց այստեղից էլ սկսվում է դատաֆիլմի երկրորդ սերիան. ԱՆ հարկադիր կատարողները «կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարտապան Հայկազ Դաշյանին պատկանող շարժական կամ անշարժ գույք չեն հայտնաբերել»։ Ամբաստանյալի հայրը՝ Գեորգի Դաշյանը, սակայն, մինչեւ օրս պնդում է, որ Կենտրոնի ՆԳ բաժին իր տղային բերման ենթարկելիս, զննելիս, նրա մոտից քննիչները վերցրել են «Ռոլեքս» մակնիշի ժամացույց (որից այս հանրապետությունում մեկն էլ ունի՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը- Ռ. Մ.) ոսկյա շղթայով, 13 ադամանդյա քարերով կուլոն, այսինքն՝ «շարժական» գույք, որն իրեն վերադարձնելու դեպքում հնարավոր կլինի փոխհատուցումը տալ տուժողներին։ «Յուրացվել են առգրավված իրերը» «Առավոտում» անցյալ տարվա իմ գործընկերոջ հրապարակումը սույն առգրավման մասին էր եւ լուրջ մարտահրավեր՝ նետված քննիչ Ռ. Բալոյանին։ Վերջինս մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքը վերադարձրել է առգրավված իրերը, սակայն ստացական չի վերցրել՝ քննիչին ոչ յուրահատուկ «միամտություն դրսեւորելով»։ Եվ, սակայն, այս պատմության մեջ ի՞նչ մեղավորություն ունեն ավտովթարի ենթարկված Թամարայի ծնողները, որոնք փոխհատուցում չեն կարողանում ստանալ, որոնք դատավճիռներ ունեն ձեռքներին, որ չի կատարվում, որոնց երեխան հողաթմբի տակ է եւ դեռ շիրմաքար չունի։ Սուրեն Հարությունյանն ասաց, որ 300 դոլար պարտք են արել իրենց աղջնակի թաղումը կազմակերպելու համար։ Ասացեք, ի՞նչ արժեք ունեն պաշտոնական այն գրությունները, որոնք ավետում են. «կատարողական վարույթը ընթացքի մեջ է»։ Այսպես կարող է անվերջ ընթացքի մեջ լինել եւ անտարբերությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել