Դրսում ապրողների պարտքն ու պարտականությունը հայրենիքին՝ միանշանակ պարզ է։ Բայց ահա եկեք շրջենք թերթը եւ հաջորդ երեսին կարդանք, թե հայրենիքն ի՞նչ պարտավորություններ ունի դրսում ապրող իր զավակների բախտի ու ճակատագրի նկատմամբ։ Եվ քանի որ խնդիրը շատ տարողունակ է, անդրադառնանք մի շարք երեւույթներից միայն մեկին։
Քննարկման ենթակա չէ այն բարոյական իրողությունը, որ ամեն մարդ, ներսում թե դրսում, պարտավոր է զորավիգ լինել իր հայրենիքի ամրապնդմանն ու պաշտպանությանը։ Սա առաջին հերթին արտահայտվում է զինվորական ծառայության իրականացմամբ՝ որպես սրբազան եւ անխուսափելի պարտականություն։ Ասելիքս մասնավորապես վերաբերում է 18 տարին լրացած այն պատանիներին, ովքեր հինգ- տասը տարի առաջ ծնողների հետ հեռացել են այլ վայրերում գոյություն պահպանելու՝ միաժամանակ գրանցված մնալով զագսերում ու զինկոմիսարիատներում։ Հազարավոր այդպիսի տղաներ՝ ցրված ԱՊՀ-ի բոլոր տարածքներում, այսօր գտնվում են քրեական հետախուզման մեջ։ Նովոսիբիրսկի մարզում կա շուրջ 40 հազար հայ եւ Հայաստանից ծանուցված հետախուզման արդյունքում կատարվող ձերբակալություններն այստեղ էլ սովորական բան են դարձել։ Եվ աններելին է կատարվում։ Հայ պատանիներին ձերբակալում են, ամիսներով պահում ցուրտ, հիվանդություններով ու մոլեգին հանցագործություններով լեցուն բանտերում եւ Հայաստանից չեն գալիս նրանց տանելու, որովհետեւ դրա համար չկան նյութական միջոցներ։
Ինչպե՞ս հասկանալ։ Նաեւ՝ Երեւանից պաշտոնական հաղորդումներ են ստացվում, թե այսինչին ու այնինչին ազատ արձակեք, նրանք հանված են հետախուզումից։ Այսինքն, այսինչն ու այնինչը տեր ունեն, որոնք Հայաստանում տեսել են՝ ում պետք է, արել են՝ ինչ հարկավոր է։ Իսկ մյուսների ճակատագրով հետաքրքրվող չկա։ Տագնապող չկա, որ օտար բանտերում նրանք կարող են մեռնել ցրտից ու քաղցից, իրավիճակի պարտադրմամբ դառնալ իսկական հանցագործներ եւ, ի վերջո, կորցնել հավատը հայրենիքի ու նրա ամեն ինչի նկատմամբ։ Եթե միջոցներ չկան զինվորացու տղաներին հեռավոր վայրերից Հայաստան բերելու, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նրանց նկատմամբ հետախուզում հայտարարվում, ի՞նչ նպատակով, որ պարզապես նրանց դարձնեն հոգեւոր ու ֆիզիկական հաշմանդամնե՞ր։ Եվ կոնկրետ ովքե՞ր են հետախուզում հայտարարողները, մի՞թե նրանք լիազորված են հարյուրավոր ճակատագրեր խաթարելու սարսափելի իրավունքով եւ ինչո՞ւ պիտի պատասխանատվություն չկրեն իրենց արածի հետեւանքների համար։ Ցավալի է, բայց փաստ, որ բազմաթիվ դեպքերում այս հետախուզում կոչվածն արվում է պատանիների՝ Հայաստանում ապրող հարազատներից կաշառքներ կորզելու համար։ Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, սակայն սա արդեն իսկ հայտնի իրողություն է։ (Չմոռանանք նաեւ, այսպես կոչված, կովկասյան սինդրոմը, որը «գործում» է Ռուսաստանի ամբողջ տարածքում)։
…Այո, հայրենիքի ամեն զավակ պարտավոր է նրա հանդեպ կատարել իր սրբազան պարտքը։ Ոչինչ, որ 5-10 տարի առաջ, երբ նա սովի ու ցրտի մեջ էր, իրավապահ այրերից ոչ ոք չէր հետաքրքրվում նրա ճակատագրով։ Չեմ ասում՝ հաշվեք, թե այն ժամանակ մեռել է անտերությունից։ Նա պիտի՛ ծառայի իր հայրենիքին։ Բայց ինչպե՞ս իրագործել դա, երբ նրանցից շատերը հնարավորություն չունեն անգամ հայրենիք վերադառնալու։ Հարկավոր է այս գործը կազմակերպելու համար հստակ քաղաքականություն՝ առաջին հերթին կասեցնելով համապատասխան մարմիններում պաշտոնավարող չինովնիկների ինքնագործունեությունը։ Չէ՞ որ հայրենիքին զինվոր է հարկավոր, ոչ թե հավատը կորցրած հաշմանդամ կամ հանցագործ։
Կարդացեք նաև
ՖՐՈՒՆԶԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նովոսիբիրսկի հայկական համայնքի նախագահ