Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒՇԸ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՋՈՒՐՆ Է ԳՑՈՒՄ

Հունվար 26,2001 00:00
jorj bush

Մինչ մենք պատրաստվում էինք «Ընտանիքի պլանավորման ծրագրի» հայ ջատագովներին ավետել, թե «դուխներդ տեղը պահեք», նույնիսկ ծրագրի բնօրրան Ամերիկայում դրա մեկնարկը շատ դժվար ու ընդդիմախոս թշնամիներով հագեցած է եղել։ Երբ Ջորջ Բուշ կրտսերը իշխանության եկավ՝ հենց երկրորդ օրը կտրեց այդ ծրագրերի ֆինանսավորման խողովակները։

Սկզբի համար Բուշն արգելեց իր երկրի հարկատուների փողերն օգտագործել օգնելու արտասահմանյան (զարգացող) պետություններում գործող ընտանիքի պլանավորման գրասենյակներին, որոնք հովանավորում են աբորտները՝ լինի վիրահատական, խորհրդատվական միջոցներով կամ քարոզներով։ Սակայն, ինչպես նոր պրեզիդենտի օգնականն է ասում, սա Քլինթոնի վարած քաղաքականությունը փոխելու գործողությունների շղթայի ընդամենը սկիզբն է։ «Հարկատուների փողերն ընդհանրապես աբորտների վրա չպետք է ծախսվեն՝ ոչ Ամերիկայում, ոչ նրանից դուրս»,- հայտարարել է Բուշը։ Հարկատուների փողերը արտահայտությունը մոգական նշանակություն ունի ամերիկացիների համար. Բուշը գիտի ինչ խոսքեր ընտրել։ «Վաշինգթոն թայմսն» իր հերթին հրապարակել է, որ USAID-ը (որն էլ բաշխում է ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը այլ երկրներին), տարեկան 600 մլն դոլար է հատկացնում զարգացող երկրներում ընտանիքի պլանավորման եւ վերարտադրողական առողջության ծրագրերին։

Այդ նույն հարկատուների փողերը Բուշը կծախսի՝ որպես առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար վարձելով Թոմի Թոմսոնին (եթե վերջինիս թեկնածությունը հաստատվի)։ Հենց նա է, որ սենատորներին խոստացել է ստուգել Սննդի եւ դեղամիջոցների ծառայության կողմից անցյալ տարի արտոնագրված մի դեղահաբի անվտանգությունը։ Վերջինը կանանց հնարավորություն է տալիս վաղ ժամկետներում հղիությունն ընդհատել առանց վիրահատական միջամտության։ Կանանց իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունները եւ Կոնգրեսում նրանց համակիրները, «Ռոյթըր» գործակալության հաղորդմամբ, կատաղի պայքարի են պատրաստվում։ Բացի Բուշի «երեսով տալուց» այն, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ամերիկացիների մեծամասնությունը կողմ է հղիությունն ընդհատելու՝ կանանց սահմանադրական իրավունքին, բերվում են նաեւ թվեր։

Ըստ Ատլանտայի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալների, ԱՄՆ-ում տարեկան 1,2 մլն աբորտ է կատարվում։ Իսկ վերոնշյալ հաբի համար «կռիվ տալ» Քլինթոնը սկսել էր իր պաշտոնավարման գրեթե 2-րդ օրվանից, ինչը շարունակվեց 8 տարի։ Ի դեպ, Բուշն իր պաշտոնավարման հենց 2-րդ օրը կասեցրեց այն որոշումը, որը Բիլ Քլինթոնն ընդունել է իր պաշտոնավարման երկրորդ օրը։ Այսպիսով, Բուշը, ըստ «Ուոլ սթրիթ ջոուռնալի», վերականգնում է իր հայր Բուշի եւ Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունը։ «Բուշի այս քայլերին կհետեւեն նորերը՝ ավելի կատաղիները»,- ըստ «Ռոյթըրի», կարծում են դեմոկրատները։ Եվ արդեն հակաքայլեր են մտածել. օրենսդրական առաջարկություններով գալ վերականգնելու այդ ֆինանսավորումը կամ էլ բժշկական ապահովագրությամբ մարդկանց պարտադրելու ծածկել կանանց հակաբեղմնավորման ծախսերը։ Այդ հեռավոր ամերիկաներում հանրապետական ու դեմոկրատական «իրար կտան», իսկ արանքում կտուժեն խեղճ հայերը եւ ոչ միայն նրանք։ Միայն թե մի բան այստեղ մի քիչ մութ է մնում. «Ընտանիքի պլանավորման ծրագրի» մեկնարկի անհրաժեշտությունը, գոնե Հայաստանում, փաստարկվում էր աբորտների (վիրահատական միջամտությամբ) վտանգավորությամբ եւ բարձր թվերով։ Այսինքն, ենթադրվում էր, որ «Ընտանիքի պլանավորում» ծրագիրը աբորտների հետ չի նույնացվում։ Իսկ էդ Բուշն, «առանց գլուխ հանելու», դրանց միջեւ հավասարության նշան է դնում։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031