ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը մեկ օր առաջ է վերադարձել Մոսկվայից։ Իրո՞ք Վլ. Դարբինյանի այցը Մոսկվա կապված էր, այսպես կոչված, գլխավոր «տիրոջը»՝ Զյուգանովին, Սելեզնյովով փոխելու հետ։
Պատասխանելով մեր այս հարցին՝ ընկեր Դարբինյանն ասաց, որ ինքը եւ էլի երեք կոմունիստ ընկերներ Մոսկվայում մասնակցեցին կոմունիստական կուսակցությունների միության հավաքին եւ այս միության ղեկավար ընկեր Շենինին փոխարինեցին ընկեր Զյուգանովով։ Փաստորեն, Հայաստանի Կոմկուսը այսուհետ եւս կառաջնորդվի ընկեր Զյուգանովի գծով, որը նշանակում է խաղաղ սահմանադրական ճանապարհով վերադառնալ իշխանության։ Իսկ «ձախության մանկական հիվանդությամբ» (հեղաշրջման ճանապարհով գալ իշխանության) տառապող կոմունիստների գիծը այս պարագայում ժամանակակից չէ։ Ռուսաստանի 89 մարզերից 33-ում այսօր նահանգապետերը կոմունիստներ են. «Կարմիր գոտին Ռուսաստանում ընդլայնվում է խաղաղ ճանապարհով, առանց ցնցումների»։ Նույնն էլ Հայաստանի կոմունիստներն իրենց են մաղթում։ Հայաստանում 900 գյուղապետից 11-ը կոմունիստ են, 25-ը՝ մեծ եւ միջին պաշտոնյա կոմունիստ։ Մոսկվայում Վլ. Դարբինյանի գլխավորած պատվիրակությունը ձգտել է հանդիպել ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, որպեսզի ի վերջո վերջինս հաստատի, որ ՌԴ-ն դեմ չէ Հայաստանի անդամակցությանը «Ռուսաստան-Բելառուսին»։ Հանդիպումը տեղի չի ունեցել, թեպետ ընկեր Սելեզնյովը եւ Զյուգանովը խոստացել են, որ հանդիպումը առաջիկայում գլուխ կբերեն։
Հիշեցնեմ, որ Հայաստանի կոմունիստները ունեն Բելառուսի նախագահի «դաբրոն» Հայաստանի անդամակցության մասին, բայց ՌԴ նախագահինը դեռ չկա։ Արդյո՞ք, նախքան Մոսկվա այցելելը, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը որոշ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ունեցել հայաստանյան որոշ կուսակցությունների հետ։ Եվ ընդհանրապես, ո՞ւմ է Կոմկուսը համարում իր լուրջ դաշնակիցը Հայաստանում. «Մենք ժողովրդական կուսակցության հետ շարունակում ենք մեր կոնսուլտացիաները։ Դեռ լուրջ արդյունքների չենք հասել։ Եթե հասնենք, ինչ-որ հայտարարություն կանենք։ «Սոցիալիստական ուժերի միության» հետ ենք համագործակցում։ Մոսկվայում էլ այդ հարցը դրվեց։ Այսօրվա վիճակով ութ կուսակցություն կա Ռուսաստանում, երեքը՝ Բելառուսիայում, նույնքան էլ Ուկրաինայում։ Հնարավոր է, այս կուսակցությունների հետ մեր բանակցություններն արդյունք տան։ Ես հավատում եմ»։ «Ռուսաստան-Բելառուսի» հարցում հայ կոմունիստները «հիմա էլ պատրաստ են վճռական գործողությունների գնալ, բայց կա մի բան՝ հանկարծ Ռուսաստանից հայտարարություն արվի, որ Ռուսաստանի ֆինանսական վիճակն այնպիսին չի, որ կարողանա Հայաստանին համապատասխան քանակությամբ վարկեր տրամադրի եւ այլն։ Մենք ուզում ենք հաղթահարած լինել այդ բոլոր արգելքները, որ կարողանանք Թատերական հրապարակում ժողովրդի առաջ կանգնել»։
Հոկտեմբերի 27-ի դատավարության վերաբերյալ մեր հարցին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը պատասխանեց՝ որպես ՆԳ նախկին նախարար՝ ասելով, որ հոկտեմբերի 27-ը «ուներ կազմակերպիչներ, հովանավորներ ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում։ Չի բացահայտվել գործի այդ հատվածը։ Գործը հիմա երկու մասի են բաժանել՝ անմիջապես ոճրագործները կկանգնեն դատարանի առաջ, իսկ հովանավորները, ֆինանսավորողները կամ մյուսները դեռ բացված չեն»։ Կոմկուսի ղեկավարը, ի տարբերություն ոմանց, որոնք խանդոտ ընդունեցին Վլ. Պուտինի այցը Ադրբեջան, ասաց, թե պետք չէ վատ բան տեսնել Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցում։ Ընդհակառակը. «Ինչքան հզոր լինի Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի եւ Վրաստանի վրա, ինչքան թույլ լինի Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի եւ Վրաստանի վրա (Թուրքիա ասելով, ընկեր Դարբինյանը ՆԱՏՕ-ն նկատի ունի- Մ. Ե.), այնքան մեր ժողովրդի համար՝ լավ։ Մի քիչ հեռուն նայենք, էլի։ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա մեզ ձեռնտու է հենց Ղարաբաղի հարցում»։
Կարդացեք նաև
Զրուցեց
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ