Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԿԻԶԲԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Հունվար 26,2001 00:00
evropayi xorhurd

Վերջ։ Հայաստանն այլեւս Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ է, ինչը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ ապրիլյան նստաշրջանից հնարավորություն է ընձեռելու հայաստանյան պատվիրակությանը հանդես գալ որոշիչ ձայնով։ Շուրջ 9 տարի տեւած այս գործընթացը (Հայաստանը ԵԽ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել դեռեւս 1992-ին), վախճանակետին հասավ 2001 թվականի հունվարի 25-ին՝ եվրոպական ժամանակով ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 13.00-ին), երբ Եվրոպայի պալատի առջեւ՝ Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո եվրոպական դրոշների շարքում երրորդը՝ Ալբանիայի եւ Անդորրայի դրոշներից հետո, վեր խոյացավ Հայաստանի եռագույնը։ Հաշված րոպեներ անց, Եվրոպայի խորհրդի առջեւ բարձրացվեց նաեւ Ադրբեջանի դրոշը, որի ու մեր դրոշների արանքում ավստրիական դրոշն է տեղ գտել։ Սակայն մինչ եզրափակիչ իրադարձությունների սկիզբը, որոշ ընթացակարգեր էլ տեղ գտան Եվրոպայի պալատում։

Նախ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, որը մի քանի րոպե անց առանձին-առանձին ստորագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Վիլայաթ Գուլիեւի հետ։ Դա պարտադիր արարողակարգ է, որ նախորդում է ԵԽ-ին անդամագրվող բոլոր երկրների դրոշների բարձրացման արարողությանը։ Այնուհետեւ ելույթ ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։

Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ անգլերենով, իսկ Հեյդար Ալիեւի ադրբեջաներեն խոսքը անգլերեն ներկայացվում էր թարգմանաբար։ Նրանք մեկ անգամ եւս խոսք ասելու առիթ ունեցան, բայց ոչ թե Եվրոպայի պալատի նախասրահում, այլ Խորհրդարանական վեհաժողովում՝ պատգամավորների առջեւ։ Նախագահ Քոչարյանն, օրինակ, կարեւորեց Եվրոպայի խորհրդին անդամագրվելու իմաստն այն հանգամանքով, որ այդ կառույցը փոքրիկ երկրներին եւս լիաձայն խոսելու հնարավորություն է ընձեռում, մինչդեռ Հեյդար Ալիեւն ասաց, թե Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը Ադրբեջանի համար հետեւանք է 20-րդ դարի վերջին տասնամյակներում անկախության եւ սուվերենության համար մղված պայքարի։ Եվ եթե արցախյան հիմնախնդիրն էլ Ռոբերտ Քոչարյանը հարեւանցիորեն ներկայացրեց՝ որպես հետեւանք մեր տարածաշրջանում գերտերությունների հետաքրքրությունների բախման, ինչը պատմականորեն է ձեւավորվել, ապա Հեյդար Ալիեւը ղարաբաղյան հակամարտությունը ներկայացրեց իբրեւ Հայաստանի ագրեսիայի արդյունք, որը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։

Ծանոթ երգ է, ու ամենեւին էլ պատահական չէ, որ երբ Հեյդար Ալիեւն ավարտեց ելույթը, Հայաստանի նախագահն ու նրա հետ ժամանած պատվիրակությունը, հակառակ մյուս ներկաների, ո՛չ ծափահարեցին եւ ո՛չ էլ ոտքի կանգնեցին՝ ակնհայտորեն դրսեւորելով իրենց անհամաձայնությունը Ալիեւի արտահայտած մտքերի հետ, թե միջազգային հանրությունը բանի տեղ չի դնում ՄԱԿ-ի այն բանաձեւերը, որոնք Հայաստանին պարտադրում են հեռանալ ադրբեջանական տարածքներից։ Հեյդար Ալիեւի այս հարցադրումները շարունակություն ունեցան նաեւ ավելի ուշ հրավիրված մամլո ասուլիսում։ Եվ, ըստ էության, պատասխանելով նախագահ Ալիեւի ասածներին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե չի կարծում, որ ԵԽ ամբիոնը պետք է գլադիատորական միջավայր դարձնել ու այդ պատճառով էր, որ իր ելույթը բալանսավորված երանգներ էր բովանդակում, բայց, քանի որ առիթը ներկայացել էր, Հայաստանի նախագահը նշեց, որ մեր երկրի մուտքը ԵԽ ուշացել է հատկապես Ադրբեջանում տեղ գտած մի շարք պրոբլեմների պատճառով։

Ադրբեջանցի լրագրողների հարցին էլ՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է իր մեջ ուժ գտնել ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, թե հարցադրումը սխալ է եւ այն կարելի է ձեւակերպել՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի կայացած պետականությունը։ Հայաստանի նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կարեւորեց 3 սկզբունք. մեկ՝ որ Լեռնային Ղարաբաղը չունենա երկրորդային՝ ստորադաս կարգավիճակ, երկրորդ՝ որ այն անկլավային տարածք չլինի, եւ երրորդ՝ երաշխիքներ տրվեն անվտանգության վերաբերյալ։ Այս հարցի շրջանակում էլ նախագահ Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց քննության առնել զանազան տարբերակներ։ Քանիցս հարց տրվեց նաեւ Ֆրանսիայի ԱԺ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, ու, եթե Հեյդար Ալիեւն ասաց, որ այդ փաստին բացասաբար է անդրադառնում, որովհետեւ այսպիսով Ֆրանսիան միջամտում է Թուրքիա անկախ պետության ներքին հարցերին, ապա Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե մարդու իրավունքների եւ հումանիզմի խնդիրներին առնչվող հարցերը չեն կարող դիտարկվել որպես ներքին խնդիր, եւ հենց դա է ինտեգրացիոն գործընթացների իմաստը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031