Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնի է, որ «XXI դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի առողջությունը շատ վատ է եւ նրան տ

Հունվար 26,2001 00:00

Բորիս Նազարյանը սպասում է Քոչարյանի վերադարձին Հայտնի է, որ «XXI դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի առողջությունը շատ վատ է եւ նրան տեղափոխել են սրտաբանության ինստիտուտ։ Նրա մոտ, պալատ են թողնում միայն կնոջը՝ Ելենա Վարդանյանին։ «Առավոտը» երեկ զրուցեց տիկին Ելենայի հետ։ Պարզվեց, որ պրն Վարդանյանի վիճակը «ահավոր, շատ վատ է»։ Նա նիհարել է մոտ 30 կգ, ինքնուրույն շարժվել չի կարողանում, խոսում է դժվարությամբ։ Տիկին Ելենան հեռախոսով ընթերցեց բժիշկների ախտորոշումը՝ արտահայտված զարկերակային հիպերտոնիա՝ ծանր կրիզային ընթացքով, անկայուն ստենոկարդիա, որոնց հետեւանքով կարող է առաջանալ ձախ փորոքային սուր սրտային անբավարարություն, թոքերի այտուց, սրտամկանի սուր ինֆարկտ, ինսուլտ։ Պրն Վարդանյանը իր կալանավորման 75 օրերին չի քնել եւ նորմալ չի սնվել։ Ըստ տիկին Ելենայի՝ բուժանձնակազմը պարտաճանաչ կատարում է իր գործը։ Պալատում՝ բացի Ա. Վարդանյանի կնոջից, ներկա են նաեւ «Ալֆա» ջոկատի մի քանի տղաներ։ Հսկվում է նաեւ սրտաբանական կենտրոնի մուտքը։ «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միության ղեկավար Վարդան Պետրոսյանը Արկադի Վարդանյանի հանդեպ կատարվողը համարում է մարդասպանություն։ «Առավոտին» հասած շատ հավաստի լուրերի համաձայն՝ երբ Արկադի Վարդանյանի խափանման միջոցը փոխելու առաջարկով գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ ՆԳ նախարար Կառլոս Պետրոսյանին են դիմել մի խումբ մարդիկ, նրանք առաջարկել են սպասել նախ՝ բժիշկների եզրակացությանը, ապա եւ՝ չեն թաքցրել, որ խափանման միջոցը փոխելու հարցը քննարկման ենթակա է միայն նախագահ Քոչարյանի Ստրասբուրգից վերադառնալուց հետո։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել