Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍԵՑՎԱԾ ՀՅԴ-Ն ՇՓՈՒՄՆԵՐ ԷՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Հունվար 26,2001 00:00
hyd

Այն, որ 1996-ի նախագահական ընտրություններից հետո եւ 1997-ի ընթացքում իշխանությունների եւ ՀՅԴ ղեկավարության միջեւ բանակցություններ էին ընթանում՝ փոքրիշատե հայտնի էր, բայց մինչ այսօր չէր հրապարակվել, որ պետության ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներ են եղել նաեւ արտերկրում։

Հայաստանում անցկացված հանդիպումների մասին էլ առանձնապես շատ մանրամասներ չէին տարածվում։ Հայտնի էր նպատակը՝ ՀՅԴ կանոնագիրը ՀՀ օրենքներին համապատասխանեցումը եւ կուսակցության վերագրանցման հարցերի կարգավորումը։ Բանակցություններին մասնակցում էին մի կողմից՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն ու արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, իսկ մյուս կողմից՝ ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մարտուն Մաթեւոսյանը, Մասիս Բաղդասարյանը եւ Դաշնակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Ռոլանդ Շառոյանը։ Նախապես նշենք, որ այս եւ հետագա տվյալները մի կողմից ստացված տեղեկությունների հիման վրա են եւ առայժմ չի հաջողվել դրանք համադրել նույն իրադարձություններին իրազեկ ՀՅԴ ներկայացուցիչների պատմածի հետ։ Առաջիկա համարներից մեկում կփորձենք լրացնել այդ բացը։

Մասնակից մյուս կողմը բանակցությունների ընթացքը գնահատում էր շատ կառուցողական, տարաձայնություններ չէին ծագում։ Աշխատանքային հանդիպումները տեւում էին 5-6 ժամ։ Քննարկումներն անցնում էին շատ նորմալ մթնոլորտում՝ բավական ջերմ ու ընկերական։ Չարացածություն չէր նկատվում անգամ բանտից նոր դուրս եկած Ռոլանդ Շառոյանի մեջ։ Ամեն անգամ քննարկվում էր ՀՅԴ կանոնագիրը, դիտողություններ էին արվում, որոնք հաշվի էին առնվում։

Ընդ որում, այդ գործընթացն արդեն իսկ իր տրամաբանական ավարտին էր հասել եւ շատ շուտով պիտի վերագրանցվեր կուսակցությունը։ 1997-ի դեկտեմբերին ներկայացված կանոնադրության տարբերակն արդեն լիովին համապատասխանում էր Հայաստանի օրենսդրությանը եւ արժանացել էր արդարադատության նախարար Մարատ Ալեքսանյանի հավանությանը։

Սակայն անցնենք արտերկրում կայացած հանդիպումներին։ Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Ալեքսանդր Արզումանյանն իր ցանկացած այցելության ընթացքում անպայման առանձին հանդիպում էր ՀՅԴ կառույցի տեղական ներկայացուցիչների հետ։ Բացի այդ՝ 1997-ի ամռանն Ամստերդամում երկօրյա բանակցություններ էին տեղի ունեցել ՀՀՇ վարչության ներկայիս նախագահի եւ ՀՅԴ Բյուրոյի սփյուռքահայ անդամների միջեւ։ Ընդ որում, նախաձեռնությունը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Կարո Արմենյանինն էր։ Առավոտից երեկո տեւող քննարկումներին նրանից բացի մասնակցել են Մարիո Նալբանդյանը, Մուրադ Թոփալյանը եւ Դաշնակցության Արցախի մի կառույցի ներկայացուցիչ Գեորգի Պետրոսյանը։

Այս բանակցությունների նյութն էլ արտերկրում համագործակցությունը վերսկսելն էր՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանն աջակցելու ուղղությամբ, քանի որ մինչ այդ սառեցված էին բոլոր հարաբերությունները։ Ամստերդամյան հանդիպումների շնորհիվ ձեռք էին բերվել լուրջ պայմանավորվածություններ դեսպանատներին աջակցելու, լոբբիստական գործունեության եւ միջազգային տարբեր ատյաններում համագործակցաբար հանդես գալու վերաբերյալ։ Թեեւ այս ամենի անունն էլ միջազգային սեմինար էին դրել, որեւէ հրապարակում չեղավ այս հանդիպման մասին։ Ավելին, երբ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունը ստուգումներ էր անցկացրել ԱԳՆ-ում, հարց էր առաջացել, թե ինչու էր նախարարը մեկնել Ամստերդամ՝ որեւէ փաստաթուղթ չկար։ Հետաքրքիր էր, թե արտաքին ճակատում ուժերի համադրման եւ Հայաստանում ՀՅԴ գործունեության կասեցման հաղթահարման փոխլրացնող բանակցություններին ինչպե՞ս էր վերաբերվել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին բնորոշ էր համարվում գրեթե հիվանդագին հակադաշնակցականությունը։

Մեր զրուցակիցները տեղին նկատեցին, որ առանց իր իմացության չէին կարող նման հանդիպումներ կայանալ եւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր նշանակել իշխանությունների կողմից բանակցողներին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031