Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազների հիշատակը վառ կմնա «մեր» ցուցակներում

Հունվար 25,2001 00:00
Dataxazutyun

Սահմանադրությամբ արդարադատության խորհուրդը գլխավոր դատախազի առաջարկով հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա էլ կատարվում են նրանց նշանակումները։ «Դատախազության մասին» գործող օրենքով էլ ցուցակներում նրանց «անմահանալու» կարեւորագույն պայմանը իրավաբանական բարձրագույն կրթություն ունենալն է, իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժը։ Դատախազ, համենայնդեպս, չեն կարող դառնալ մեկուսարանային ստաժ ունեցող, նախկինում դատապարտված անձինք։

Երեկ մենք դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության մամլո պատասխանատու Գ. Ամբարյանին, թե արդյո՞ք ցուցակները ներկայացվել են արդարադատության խորհրդին։ Նա հայտնեց, որ ցուցակները մի քանի օր առաջ տրամադրվել են ԱԽ-ին։ Ցանկացանք պարզել, թե որքա՞ն էր պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվածների թիվը, նաեւ շարժը նախորդ՝ 2000 եւ 1999 թվականների համար։ Մեզ հետաքրքրում էր, թե դատախազական համակարգի աշխատակիցներից բացի որքան «նորեկներ» են դիմումներ հղել դատախազ դառնալու համար, բոլո՞րն են ԵՊՀ իրավաբանականի կադրեր, մասնավոր բուհերից քանի՞սն են համարձակվել դիմել, որքա՞ն է կանանց թիվը, որքանն են իրավաբաններ, փաստաբաններ, քննիչներ, նոտարներ, դատավորներ… Այս մանրամասներին գլխավոր դատախազությունը պարզապես չէր տիրապետում։ Հետեւաբար դիմեցինք ԱԽ-ի իրավաբանական ծառայության պատասխանատու Ի. Նազարյանին։

Վերջինս տեղեկացրեց, որ վերոնշյալ ցուցակների մասին ՀՀ նախագահին դեռ չի զեկուցվել։ Եթե 2000թ. ցուցակներում ընդգրկվել էր 463 անձ, առաջխաղացման ցուցակներում՝ 57, ապա նախնական տվյալներով, 2001թ. համար ներկայացվել է 444-ի թեկնածությունը, նոր ներկայացվածների թիվը 23 է, որից 10-ը համակարգից է, իսկ «կողքի մարդկանց» թիվը 13 է։ «Հարակիցների» մեջ նշվում էին Գյումրիի փաստաբանական միության անդամներից մեկի, արդարադատության նախարարության օրենսդրական վարչության խորհրդատուի, Մայր Աթոռի իրավական ծառայության տնօրենի անուն-ազգանունները։ Ապագա դատավորներին եւ փաստաբաններին տեսանք գոնե քննասենյակներում, նրանք հնարավոր է ոչ դատավոր, ոչ փաստաբան չօծվեն, սակայն 2001թ. դատախազներին ոչ ցուցակներով տեսանք եւ ոչ ցուցակներից դուրս՝ քննասենյակներում… Կարո՞ղ է ընդհանրապես չտեսնենք։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031