Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքավոր գյուտը անտեսվում է

Հունվար 25,2001 00:00
kadr

ՀՀ նախագահը խոչընդոտում է աշխատատեղերի ստեղծմանը

ՀՀ վարչապետին եւ էներգետիկայի նախարարին Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Յուրի Խոջամիրյանի ուղղած նամակը փաստում է Պետրագ Նաջարյանի «Ջերմային շարժիչ» անվամբ գյուտում «նորույթային լուծումների եւ օգտակար հատկանիշների առկայությունը»։ Եվ նաեւ ակադեմիայի նախագահության անունից միջնորդում՝ «այս հույժ կարեւոր գյուտի ներդրման աշխատանքների կազմակերպման խնդրանքով»։ Մանավանդ որ, «գյուտը լիովին համապատասխանում է մեզանում էներգետիկայի զարգացման վերաբերյալ հանրապետական ծրագրերին»։

Նամակում նաեւ թվարկվում են Պ. Նաջարյանի գիտական նվաճումներն ու հաջողությունները։ Սակայն գիտնականը պետական ատյաններում ոչ մի աջակցություն չի գտել եւ այդ մասին նամակ է հղել խմբագրությանը, որից հրապարակում ենք մի հատված։ Հայաստանի միակ ճանապարհը գյուղատնտեսության, արդյունաբերության եւ գիտատեխնիկական բնագավառների զարգացումն է, որովհետեւ վերջինս կարող է նոր տեխնոլոգիաների (ոչ միայն ինֆորմացիոն), նոր, մրցունակ արտադրատեսակների, նոր էներգաաղբյուրների ստեղծման հայ մասնագետի անուրանալի կարողությամբ ապահովել (ինչպես արվում է առաջավոր երկրներում) աշխատատեղերի եւ արտադրության հարյուրապատիկ աճ։

Մինչդեռ այժմ մեր երկիրը, եթե նույնիսկ ուրիշ բանից չխոսենք, արտոնագրերից տուրքերի գանձման մեր պայմաններում ամենաանհեթեթ իր օրենքներով խոչընդոտներ է ստեղծում այդ կարեւորագույն գործում։ Դրա հետեւանքով Հայաստանը գյուտերի արտոնագրմամբ տասնյակ անգամ հետ է մնում, օրինակ, Հայաստանից բազմակի անգամ փոքր քաղաք-պետություն Սինգապուրից, որտեղ գիտատեխնիկական հրաշքներ են իրագործում՝ երկիրը դարձնելով առատ ու ծաղկուն դրախտավայր։ Գլուխը հազիվ պահող հայ գիտնականը որտեղի՞ց տասնյակ հազար դրամ ճարի իր աշխատանքը արտոնագրելու համար։ Իսկ մենք պարտավոր ենք մեր երկիրը զորացնել, պաշտպանել՝ տեխնիկայի մեջ առաջադիմելու ճանապարհով։ Տասը տարի ակադեմիկոս Ս. Կորոլյովի կողմից ղեկավարված տիեզերա-հրթիռային ձեռնարկությունում աշխատած եւ մասնագիտացած հայ ճարտարագետս, որ 40 գյուտերի եւ էներգետիկայի վերաբերյալ 50 հոդվածների հեղինակ եմ ու վաստակել եմ ժամանակին մեծ գիտնականի օժանդակությունն ու վստահությունը, ունեմ Հայաստանին հույժ կարեւոր էներգետիկային նվիրված աշխատանքներ, որոնց ներդրման երկար դեգերումներից հետո դիմել եմ հանրապետության նախագահին՝ դիմումին կցելով ներդրման անհրաժեշտությունը ապացուցող հնարավոր ամեն փաստաթղթեր։ Եվ հանկարծ աշխատակազմից ստանում եմ հեռախոսային պատասխան (առանց պատճառների մեկնաբանման), որ աշխատակազմի ղեկավարի կարգադրությամբ դիմումը ոչ մեկին չի ներկայացվելու եւ գրավոր պատասխան չի տրվելու։

Նման քայլեր եղան նաեւ վարչապետի աշխատակազմի, էներգետիկայի նախարարության կողմից եւ ամեն արժող-չարժողի հոժարակամ ընդունող ղեկավարները հրաժարվեցին գոնե մեկ րոպե լսել մարդու, որ ժամանակին հայրենիքում եւ Ռուսաստանում ընդունվել է նրանց հետ մակարդակով անհամեմատելի ռուս եւ հայ հայտնի ղեկավար մասնագետների կողմից։ Այս դեպքում գործերի վերաբերյալ առկա են բազմաթիվ դրական կարծիքներ, օրինակ, նախկին Համամիութենական գիտության եւ տեխնիկայի կոմիտեից, Գյուտերի եւ հայտնագործությունների համամիութենական կոմիտեի նախագահից, խորհրդարանի եւ կառավարության համապատասխան պաշտոնյաներից։ Նաեւ՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայից, որի կարծիքը, թվում էր, պետք է առարկության չենթարկվեր թեկուզ նրա նախագահի՝ մասնագետների շրջանում ունեցած մեծ հարգանքի եւ հեղինակության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031