ՀԲ-ի դասագրքերի հարցով փորձագետ Թոնի Ռիդը տեղյակ չէ, թե ինչ կարծիքի է ՀԲ-ի ղեկավարությունը Հայաստանի դասագրքերի ծրագրի ընթացքի մասին, քանի որ պրն Ռիդը ՀԲ-ի աշխատակից չէ, այլ անկախ փորձագետ, որին այս ծրագրի համար աշխատանքի է հրավիրել ՀԲ-ն։ Սակայն «Առավոտի» հետ առանձնազրույցում պրն Ռիդն իր անձնական կարծիքը հայտնեց ՀԲ-ի վարկով իրականացվող դասագրքերի տպագրության ծրագրի մասին։
Պրն Ռիդը տարին մեկ-երկու անգամ այցելում է Հայաստան՝ ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ մեր մասնագետներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։ Նրա հավաստմամբ՝ դպրոցներ կատարած իր այցերը վկայում են, որ դասագրքերի բաշխման վարձակալական համակարգը մեծ աջակցության է արժանացել։ Մանկավարժների եւ ծնողների կարծիքով, ծրագրի իրականացման առաջին տարիներին, այսինքն՝ 3-4 տարի առաջ, դասագրքերի որակն այնքան էլ լավը չէր, բայց տարեցտարի լավացել է։ Պրն Ռիդի վկայությամբ՝ Հայաստանում ծնողների մասնակցությունն այս ծրագրում շատ ավելի մեծ է, քան ցանկացած այլ երկրում, ուր ինքն աշխատել է որպես փորձագետ։
Ի դեպ, պրն Ռիդը մասնավոր զրույցում շեշտեց, որ այս ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է նախկին նախարար Աշոտ Բլեյանի անձով, որի օրոք դրվեց ծրագրի հիմքը։ Հարցին՝ հավատո՞ւմ է, որ Աշոտ Բլեյանի դեմ կայացրած վճիռը քաղաքական հաշվեհարդար է, Թոնի Ռիդը պատասխան չուներ։
Ն. Հ.