Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԱՇԱՀԵԼՈՎ ՊԱՏՐՎԱԿԸ

Հունվար 25,2001 00:00
dat

Կյանքը ցույց է տալիս, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նույն դատավորը համանման գործերով բոլորովին տարբեր վճիռներ է կայացնում։ Եվ, որ գործի կոլեգիալ կարգով քննելը միայն ձեւական բնույթ է կրում, քանզի վճիռ կայացնելիս, որպես կանոն, գործը զեկուցողի կամքն է կատարվում։ Երբ առաջին ատյանի դատավորն է օրենքը սխալ կիրառում, ապա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ նրանք մասնագիտացված չեն։ Սակայն, երբ քաղաքացիական գործերով քննությամբ մասնագիտացված վերաքննիչ դատարանն է օրենքը սխալ կիրառում կամ մեկնաբանում, օրենքի կոպիտ խախտում թույլ տալիս, ապա դա ավելի շուտ կամայականություն դրսեւորելու հետեւանք է եւ ոչ թե բարեխիղճ մոլորության ազդեցություն։

Սեյրան Կոջոյանը 1993 թվականին ընդունվել է աշխատանքի Աշտարակի հիվանդանոց՝ որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ Երբ 1998 թվականին հիվանդանոցը վերակազմավորվել է «Աշտարակ հիվանդանոց» ՊՓԲ ընկերության, գործադիր տնօրենը մոլորության մեջ է գցել Կոջոյանին, որ իբր հիվանդանոցի բոլոր աշխատողների հետ պետք է պարտադիր կարգով կնքվեն ժամկետային աշխատանքային պայմանագրեր, այդպիսին կնքվել է, ապա մեկ տարի անց վերակնքվել։ 2000թ. մայիսի 31-ին, չարաշահելով այդ պատրվակը, տնօրենը խաբեությամբ հրաման է ձեւակերպել նրան աշխատանքից ազատելու մասին։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է աշխատանքում վերականգնելու պահանջի մասին Կոջոյանի հայցը։

Վճռի բովանդակությունից երեւում է, որ հայցը մերժվել է «Բաժնետիրական ընկերության մասին» օրենքի 91-րդ հոդվածի իմաստը դատավորի կողմից սխալ մեկնաբանելու պատճառով, այն է՝ վճռում նշել է, որ ԲԸ գործադիր տնօրենը սահմանված կարգով աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում ընկերության աշխատակիցներին։ Մինչդեռ հիշյալ հոդվածի բովանդակությունից պարզ երեւում է, որ աշխատանքի ընդունումը վերաբերում է ոչ թե նրանց, ովքեր մինչեւ հիվանդանոցի վերակազմավորումը արդեն կնքել են անժամկետ աշխատանքային պայմանագիր, այլ նրանց, ովքեր վերակազմավորումից հետո պետք է կնքեն աշխատանքային պայմանագրեր։ Որքան էլ տարօրինակ է, վերաքննիչ դատարանը հալած յուղի տեղ է ընդունել խեղաթյուրված մեկնաբանությունները եւ հաստատել 1-ին ատյանի դատարանի «վճիռը»։ Վերաքննիչն արհամարհել է առողջապահության նախարարության, նրա իրավաբանական բաժնի, ինչպես նաեւ առողջապահության նախարարության եւ կառավարության աշխատակազմի համապատասխան մասնագետների խմբի կարծիքն ու պահանջը այն մասին, որ Սեյրան Կոջոյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքի կոպիտ խախտումով եւ, որ այն պետք է համարվի անվավեր, որ հիվանդանոցի կարգավիճակի փոփոխությունը ներառում է իրավահաջորդության սկզբունքը։

Վերաքննիչ դատարանը բոլորովին անտեսել է նաեւ Հայաստանի առողջապահության աշխատողների հանրապետական խորհրդի նախագահի կարծիքը, որը, դիմելով «Աշտարակի հիվանդանոց» ՊՓԲԸ գլխավոր տնօրենին, գրել է, որ հաստիքով նախատեսված հիմնական աշխատողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը անթույլատրելի է եւ անհրաժեշտ է Սեյրան Կոջոյանի աշխատանքից ազատելու հրամանը անվավեր համարել եւ նրան վերականգնել նախկին աշխատանքում։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ նույն այդ ժամանակ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը միանգամայն հիմնավոր՝ նախկին աշխատանքում վերականգնել է մեկ այլ բուժաշխատողի, որի եւ Կոջոյանի գործի փաստական հանգամանքների միջեւ բացարձակապես ոչ մի տարբերություն չկա։ Սակայն, որքան էլ զարմանալի է, ոչ մի դատավոր ակնհայտ անհիմն ու անարդար վճիռ կայացնելու համար պատասխանատվություն չի կրում, նույնիսկ կարգապահական տույժի չի ենթարկվում։

Անհիմն ու անօրինական վճիռներ կայացնելու դեմ զսպող միջոց կհանդիսանա նաեւ այն, որ վճռաբեկ դատարանը դատական ակտերում փոփոխություն կատարելու լիազորություն ունենա, ինչպես նաեւ՝ օժտված լինի պարտադիր ցուցում տալու իրավասությամբ։

ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031