Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԴ ՄԱՍԻՆ ՇՈՒՏ Է ԽՈՍԵԼԸ»

Հունվար 25,2001 00:00
turq

Կենցաղային թվացող մի փոքրիկ հարցն էլ հերիք է մեծ քաղաքականության հետեւից ընկնելու համար «ՀՀ արտաքին կոմպլեմենտար քաղաքականության հետեւանքով մի քանի հարյուր մարդ իրա հացից կզրկվի»,- այս եզրակացությանը եկան հայ վաճառականները, որոնք իրացնում են թուրքական ապրանքներ։ Տոնավաճառներով շրջելու մեր նպատակն էր՝ պարզել, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ իրականանա Հայ սպառողների միության առաջարկը՝ թուրքական ապրանքները բոյկոտելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս առաջարկը իբրեւ թե համարժեք պատասխանն է ֆրանսիական ապրանքները բոյկոտելու՝ թուրքերի նախաձեռնությանը։

– Հիմա սոցիալապես անապահով վիճակ ա, ապրանքներն էլ՝ նորմալ գնի, ո՞նց կարան ժողովուրդը չառնեն,- այս փաստարկը լսեցինք Երեւանի այն տոնավաճառներից մեկում, որտեղ հատկապես շատ են թուրքական ապրանքները։ Մեր բոլոր զրուցակիցները եւ, հատկապես մեկը, որին բոլորը «երեք համալսարան ավարտած» էին կոչում, այս հարցի մասին խոսելը այժմ «շատ շուտ են» համարում։ «Քանի դեռ Հայաստանն ինքը արտադրանք չի տալիս, ոչ մի հայ իրավունք չունի խոսել ուրիշի արտադրածը բոյկոտելու մասին»,- փաստարկեց վերջինս։ Երբ փորձեցինք «գովազդել» հենց իրենց մոտ դրված հայկական արտադրանքները, բառացիորեն հարձակվեցին. «Իրանց հոր գներն են դրել ապրանքի վրա»։ Իսկ ընդհանրապես, այս մարդիկ, իրենց իսկ խոսքերով, ավելի սիրահոժար կվաճառեին «մեր ապրանքը, քան թուրքինը», միայն թե, ոչ այս գներով։ Միայն մեկը դեմ չէր իր անունը հրապարակել՝ պայմանով, որ չգրվի տոնավաճառի անունը (բայց նկարվելուց հրաժարվեց)։

Արմեն Վարդանյանը (34 տարեկան, երկու երեխա ունի՝ «բարձրագույն կրթություն ունեմ, չարչի եմ աշխատում») պնդում էր, որ չկա մի պրոֆիլ, որից թուրքական ապրանք չվաճառվի Հայաստանում՝ «միայն էդ շոկոլադը չի»։ Նշվեցին նաեւ էլեկտրական տաքացուցիչների այն մասերը, որոնք այստեղ օգտագործվում են պատրաստի արտադրանքը հավաքելու համար։ Ոչ միայն նա, այլեւ մյուսները կտրականապես հրաժարվեցին իրենց ներմուծումներին, վաճառքին վերաբերող որեւէ թիվ հրապարակել. «Հարկային կա, բան կա»։

– Լավ, գոնե պատկերացում կազմելու համար,- խնդրեցինք։

– Ուրեմն, պատկերացում կազմեք. էս հանրապետությունում ազնիվ աշխատել, ի նկատի ունեմ կամերցիայի գծով, բացարձակապես հնարավոր չի, անգամ ծիծաղելի ա։ Երբ, թվում էր խոսակցությունն ավարտվել է, մեզ խնդրեցին «առաջին հերթին էս դեղերի մասին գրել, մի քիչ էլ առողջապահության», «Էս ամեն ինչը՝ հեչ։ Սոված էլ կլինենք, կոֆեվարկա չենք օգտագործի, կոֆե չենք խմի եւ այլն, եւ այլն, մթի տակ էլ կնստենք, մենակ էդ դեղերը, էդ բժշկությունը… Ահռելի թվեր են՝ դարձրել են էն զարգացած երկրների թվերը։ Բայց չէ՞ որ մենք էդ հնարավորությունները չունենք»։

Թուրքական ապրանքների մասին խոսակցությունը իր տրամաբանական զարգացումներն ունեցավ նաեւ այլ ուղղություններով։ Մասնավորապես, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունները համարվեցին «ղեկավարներինը, որ փող գռփեն»։ Մի՝ իր իսկ որակումով «անհայրենասեր» հարց, Արմեն Վարդանյանը ինքը մեզ տվեց. «Այսօրվա դրությամբ, հենց այսօ՛րվա դրությամբ, մեզ պե՞տք էր էդ Ցեղասպանության հարցը։ Ես չեմ ասում՝ դա պետք չէ, դա շատ առաջնահերթ, կարեւոր հարց է, բայց հենց էսօրվա դրությամբ էտի պե՞տք էր մեզի։ Հըլը մենք մե՛ր ցեղասպանության, անձամբ մեր ցեղասպանության հարցը լուծենք, էդ նույն գենոցիդը հիմա ա կատարվում, հետո՝ նոր անցնենք էդ խեղճ թուրքերին, որ մի դար առաջ արել են իրանց արածը»։ Այդ հարցով ուզում են «ժողովրդի բերանը փակեն»,- գտնում է Ա. Վարդանյանը։

Իսկ հենց թուրքերի հետ՝ թե՛ Թուրքիայում, թե՛ այստեղ, այս մարդիկ ոչ մի պրոբլեմ էլ չեն ունենում։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031