Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ը պլանավորված հեղաշրջման փորձ էր»

Հունվար 25,2001 00:00
Viktor Dallaqyan

«Հոկտեմբերի 27»-ի հեղաշրջման փորձի հետեւանքով տուժողներ են նաեւ ԱԺ բոլոր պատգամավորները։ Փետրվարի կեսերին կսկսվի դատավարությունը։ ԱԺ որեւէ խումբ կամ խմբակցություն, որեւէ հանձնաժողով, ԱԺ-ն ամբողջությամբ դեռեւս հանդես չի եկել ընդհանուր հայտարարությամբ, որով կփաստի, թե իրեն ոչ միայն տուժող է ճանաչում, այլեւ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման պահանջատերն է լինելու։Պատրաստվո՞ւմ է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որեւէ կերպ արձագանքել դատավարության սկզբին։ Այս եւ «Հոկտեմբերի 27»-ին առնչվող այլ հարցեր քննարկեցինք հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հետ։

Պարոն Դալլաքյանը նախ հիշեցրեց, որ իրենց հանձնաժողովը դեռեւս ոճրագործությունից երկու ամիս անց՝ 1999-ի դեկտեմբերի 27-ին, լսումներ կազմակերպեց։ Պարոն Դալլաքյանը չի բացառում, որ հանձնաժողովը կրկին կանդրադառնա հարցին։ Բայց, որպես «մասնավոր անձ» պատասխանելով հարցին, ասաց. «Հոկտեմբերի 27»-ը պլանավորված եւ կազմակերպված պետական հեղաշրջման փորձ էր եւ պատահական չէր ընտրված վայրը, եւ նաեւ այն գործիչները, որոնց նկատմամբ դա իրականացվեց։ Այսինքն՝ հստակ ծրագիր է իրականացվել։ Կատարողներին, հովանավորներին եւ կազմակերպիչներին պետք է սահմանազատել»։ Որքանով որ «պատգամավորական լիազորությունները թույլ են տալիս պրոցեսներին նայել որպես տուժող մասնակից», ինքը որոշակի մասնակցություն կունենա «օրենքի շրջանակներում»։

Պրն Դալլաքյանը գտնում է, որ դատական պրոցեսը սկսելուց հետո կարելի է խնդիրներին կոնկրետ անդրադառնալ։ Դատավարությունից լուրջ սպասելիքնե՞ր. «Կարծում եմ, որ հարցը կքաղաքականացվի, բայց հարցի քաղաքականացումը եւ հարցի օրինական ճանապարհով լուծումը չպետք է իրար հակադրել. դա պետք է ներդաշնակ լինի։ Բնական կհամարեի, եթե ժողովուրդը համապատասխան ձեւով արձագանքի»։ Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ եթե ««Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները (կատարողներն, արդեն առաջին օրն էլ պարզ էր, թե ովքեր են), հովանավորողները չբացահայտվեն դատավարության ընթացքում, դա լուրջ հարված կլինի հայոց պետականությանը։ Կասկածի եւ միմյանց չվստահելու մթնոլորտը կթեւածի Հայաստանում»։ Բայց մեր քաղաքական ուժերը, առանձին կուսակցություններ շատ լավ պատվեր կատարող են։ Նրանք որեւէ բան առավել հաջողությամբ են ձեռնարկում, երբ վերեւից լուրջ պատվեր է լինում։

«Հոկտեմբերի 27»-ի արդար բացահայտման նպատակով համախմբվելու եւ միասնական հանդես գալու քաղաքական պատվեր, կարծես թե, «վերեւից» չի լինելու։ Այս պարագայում, ինչպե՞ս կընթանան քաղաքական ուժերը. «Հարցը շատ տեղին է։ Ես ուղղակի օգտվելով այդ տեղին հարցադրումից, մի ընդհանուր գնահատական եմ ուզում տալ։ Ըստ էության, վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ-ում ձեւավորվել է կլանային քաղաքական համակարգ եւ այդ կլանային համակարգի հիմքը կլանային տնտեսական համակարգն է։ Իսկ սա հանգեցրել է կլանային քաղաքական համակարգի գոյությանը եւ, առավել եւս, նման սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, փաստորեն, նրանք սերտաճել են։ Այս պարագայում ես չեմ բացառում, որ նման պատվերներ կարող են լինել, առավել եւս, Հայաստանի քաղաքական համակարգը լուրջ հստակեցման կարիք ունի եւ կհայտնվեն ու կլինեն ե՛ւ քաղաքական գործիչներ, ե՛ւ քաղաքական կազմակերպություններ, որոնք փաստորեն պատվեր կկատարեն»։

«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մասին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի վարկածը հետեւյալն է. «Դա պլանավորված է եղել դրսի որոշակի ուժերի, նաեւ՝ Հայաստանում գործող որոշակի ուժերի, նաեւ տնտեսական մաֆիայի (քանի որ Վազգեն Սարգսյանը նրանց պատերազմ էր հայտարարել) կողմից, այսինքն՝ այս երեքը, գումարած նաեւ (չեմ բացառում)՝ անձնական հակակրանքը»։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ի իրադարձությունները պետք է քննարկել այս չորս հարթությունների վրա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031