Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԱՅՀՈՅԱՆՔ Է ՄԵՐ ՏԱՍՆԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԻՆ»

Հունվար 25,2001 00:00
patgamavor

Եթե տնտեսական գործիչը քաղաքականության մեջ է մխրճվում եւ իր քաղաքական մոտեցումների համար քննադատության արժանանում՝ հետո տրտնջացողներ չպիտի լինեն, թե ոմանք փորձում են վարկաբեկել հայրենի գործարարներին։ Նույն գործիչը, որն օրերս հեռուստաէկրանից պնդում էր, թե գործարարները պարտադիր պիտի ներգրավված լինեն քաղաքականության մեջ՝ ուղիղ մեկ տարի առաջ նույն համոզվածությամբ ասում էր, որ պետք չէ քաղաքականացնել տնտեսությունը։ Իրենց իսկ կողմից քարոզվող «Ամեն մեկն իր գործը պիտի անի» պատվիրանն անտեսելով՝ որոշ գործարարներ հանկարծ մտան քաղաքականություն։ Բայց բավական է, որ նրանք քննադատվեին իրենց քաղաքական մոտեցումների համար՝ անմիջապես հետեւեցին մեկնաբանություններ, թե իրականացվում է հայրենական արդյունաբերության վերագործարկման եւ աշխատատեղերի ստեղծման քաղաքականության վարկաբեկում։ Շրջանցենք, որ այդ մեկնաբանությունների հեղինակները ժամանակին առիթը չէին փախցնում քննադատել բազմահազար աշխատատեղեր ստեղծող գործարարներին եւ «ջրի գնով գործարաններ սեփականացնողներին»։

Այսուհանդերձ, չէ՞ որ քննադատությունն ուղղված չէ սոցիալական լարվածության թուլացմանը միտված կարեւոր նպատակներն իրականացնելուն։ Սակայն խոսքը տանք նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Վարդան Հարությունյանին. «Իմ կարծիքով, բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով եւ բոլորովին կարիք չպիտի ունենա «ցցվել» հասարակության մեջ, մարտահրավեր նետել լրագրողներին եւ այլոց։ Հայաստանում հաջողակ կամ անհաջող, լավ կամ վատ աշխատող այլ գործարարներ էլ կան՝ «Վեդի Ալկոն» է, «Կիլիկիան» եւ այլն, որոնք զբաղվում են իրենց գործով ու բոլորովին չեն նետվում առաջ, կուրծքները դեմ չեն տալիս եւ, բնականաբար, թիրախ էլ չեն դառնում։ Նրանք չեն մտնում քաղաքականության մեջ եւ պետք էլ չէ, որ մտնեն։

Մինչդեռ ուրիշները որոշ դեպքերում այնքան են անցնում սահմանը, որ անպայմա՛ն պետք է դառնան թիրախ, նշանակետ։ Օրինակ՝ հայտնի մուլտիպլիկացիոն գովազդը, որտեղ հրապարակում հավաքված մարդիկ գոռգոռում են, իսկ իրենք այդ ընթացքում կառուցում են գործարաններ։ Հրապարակում հավաքված այդ մարդկանց «գոռգոռոցի» արդյունքն էր, որ ունենք այսօր Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հայաստանի անկախ պետության շնորհիվ է, որ այդ գործարարներն այսօր սեփականություն ունեն ու կարող են զբաղվել բիզնեսով եւ նրանք իբր թե այդ հանրապետությանն են ծառայում՝ ինչպես իրենք են ասում։ Բայց այդ ամբողջ մուլտիպլիկացիոն գովազդն ուղղված է մեր պետականության դեմ։ Ուրեմն, հրապարակում այդ մարդիկ ընդամենը գոռացողնե՞ր էին, որոնց հետո կարելի էր ծծովի կոնֆետ տալ եւ այդպես ճանապարհե՞լ։ Իսկ իրենք իբր թե գործարաննե՞ր էին սարքում։ Ոչի՛նչ էլ չեն սարքել՝ սարքածը սեփականաշնորհել են՝ էժան կամ թանկ, ձրի կամ ոչ ձրի, ինձ համար միեւնույն է։ Կարեւորն այս է. ես գտնում եմ, որ սա հայհոյանք է մեր ժողովրդի, մեր տասնամյա պատմության եւ մեր ապագայի հասցեին»։

Հավելենք, որ նույն գործարարի ֆինանսավորած մեկ այլ մուլտֆիլմում էլ մեր զինվորականները մեծամեծերի խնջույքում պարողներ էին լոկ, եւ ծաղրի առարկա էր հայերենը օտարաբանություններից մաքրելու ջանքը։ Հավելենք նույն գործարարի կոչերը՝ սրա կամ նրա «Ջիփ»-երը ջարդելու մասին, այս կամ այն կուսակցության եւ լրատվամիջոցի դեմ եւ այլն։ Եվ երբ այս ամենը բնական հակազդեցություն է առաջացնում՝ սա պիտի որակվի որպես «որքան վատ, այնքան լավ» տրամաբանության արդյո՞ւնք։

… Օրերս Վահե Գաբրիելյանը հայտնեց, որ նախագահը բարձր է գնահատում «Բազում» ֆաբրիկայի կարած կոստյումները։ Դուք գիտե՞ք, թե ով է այդ կարի ֆաբրիկայի տնօրենը եւ ի՞նչ քաղաքական հայացքներ ունի։ Ես չգիտեմ եւ չեմ էլ ցանկանում իմանալ։ Ավելի կարեւոր է իմանալ, որ նա իր գործը լավ է անում։ Եվ գուցե հենց դրանով էլ քաղաքականության մեջ նա դառնում է սուբյեկտ՝ ինչպես պնդում էր հեռուստաէկրանից վերը հիշատակված գործիչը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031