Արդեն նշել ենք, թե ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն արհեստական է համարում 1990-ին Բաքվում հայերի ջարդը եւ Պուտինի վերջերս կատարած այցն իրար հետ կապելը, որ հայ մտավորականների համար բաց նամակի ժանրին դիմելու մի առիթ դարձավ։ Աղասի Արշակյանը, որի նախկին տարիների գործունեությունը գերազանցապես առնչվում էր Ադրբեջանում գտնվող հայերի ճակատագրին, հիշեցրեց, որ այդ երկու իրադարձություններն իրար հետ չեն համընկնում թեկուզ ժամանակային՝ օրերի իմաստով։ Նաեւ, որ Բաքվում զրահամեքենաների թրթուրների տակ սպանված 131 հոգուն, որոնց հուշարձանին ծաղկեպսակ դրեց Պուտինը, որեւէ մեկը ջարդարար չէր ճանաչել. «Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ջարդարար կոչվածների մեջ կային անչափահաս աղջիկ երեխաներ, կային տարիքով մարդիկ եւ որեւէ մեկը չի ապացուցել, թե կոնկրետ այսինչ մարդուն տեղն էր, որ գցեցին զրահամեքենայի թրթուրների տակ։ Մանավանդ, որ դա տեղի ունեցավ հունվարի 20-ին եւ դա չէր արվում ուղղակիորեն հայերի ջարդը կասեցնելու նպատակով, որ ավարտվել էր արդեն հունվարի 19-ին։ Դա Սովետական Միության կոմունիստական կուսակցության ընդվզումն էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի դեմ, որը խարխլում եւ փորձում էր վերացնել Սովետների իշխանությունը Բաքվում։ Զրահամեքենաներ Բաքու մտցնելն ուղղակի դրա պատասխանն էր»։
Աղասի Արշակյանը նկատեց, որ մեր գործիչների պատմական հիշողությունը կարճ է եւ սա է պատճառը, որ «մեր օրերում, մեր կենսագրության ընթացքում» կատարված դեպքերն էլ են մոռացվում եւ կրկնվում վաղուց արված սխալները։
Ա. Ի.