Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-Ն ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ ՀՀ-ՈՒՄ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հունվար 25,2001 00:00
evropayi xorhurd

Հունվարի 24-ը Եվրոպայի խորհրդում (իսկ այդ կառույցի Խորհրդարանական վեհաժողովն այս շաբաթ իր առաջին նստաշրջանն է գումարում ընթացիկ հազարամյակում) սկսվեց ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի մամուլի ասուլիսով։ Իբրեւ կարեւորագույն իրադարձություն, նա անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին լիարժեք անդամակցելու իրողությանը, նշելով նաեւ, որ ԵԽ 42-րդ եւ 43-րդ անդամ-երկրների մուտքն այդ կառույց նոր մարտահրավեր է ԵԽ համար՝ այդ պետություններում ժողովրդավարական հասարակարգի կայացմանը հնարավորինս նպաստելու առումով:

Գլխավոր քարտուղարն ասաց նաեւ, թե ուրախությամբ է անդրադառնում այն հանգամանքին, որ ԵԽ նախարարների կոմիտեն գտավ լրացուցիչ միջոցներ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում համապատասխան ծրագրեր իրականացնելու համար։ «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հարցին էլ պատասխանելով, ԵԽ գլխավոր քարտուղարը մանրամասնեց, թե այդ ծրագրերում կներառվեն ուսուցողական դասընթացներ, որոշակիորեն աջակցություն կցուցաբերվի ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաեւ՝ մինչեւ տարեվերջ, Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ներկայացուցիչ-դատավորները կունենան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իբրեւ հայ լրագրող եւ թուրքական ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչ էլ ներկայացած թղթակից Րաֆֆի Հերմոն Արաքսը պարոն Շվիմերին հարց ուղղեց հոկտեմբերի 27-ի իրադարձությունների վերաբերյալ։ Պատասխանելով հարցին, ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, թե իրենք այդ հարցի վերաբերյալ զրուցել են Հայաստանի իշխանությունների հետ եւ բավարարված են վերջիններիս հավաստիացումներից. որ դատավարությունը կընթանա թափանցիկության պայմաններում։

Վալտեր Շվիմերը նշեց նաեւ, որ առաջիկայում հարցը կլինի Հայաստանի հետ հարաբերությունների առաջնահերթությունների շարքում։ «Անշուշտ, Եվրոպայի խորհուրդը հետեւելու է դատավարության ընթացքին,- նշեց ԵԽ գլխավոր քարտուղարը,- առաջին հերթին, իհարկե, իրողությունները դիտարկելով մարդու իրավունքների դիտանկյունից՝ նկատի առնելով անարդար ընթացքները, եթե այդպիսիք տեղ գտնեն»։

Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության արարողություններն իրականացնելուց, հունվարի 25-ին ԵԽ ԽՎ լիակազմ նիստում քննարկվելու է ՌԴ պատվիրակության այս կազմակերպությունում քվեարկության իրավունքը վերականգնելու հարցը եւս։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՌԴ Պետդումայի պատվիրակությունը զրկվել էր այդ իրավունքից՝ Չեչնիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Այս անգամ էլ է խնդիրը քննարկվելու այդ համատեքստում։ Այս առումով հատկանշական էր խնդրի քննարկման նախօրյակին ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի մամլո ասուլիսը Եվրոպայի խորհրդում։ Նա գրեթե հավատացած էր, որ Պետդումայի պատվիրակության լիազորությունները լիարժեքորեն կվերականգնվեն, քանի որ Եվրոպային ոչ թե բաժանվել, այլ միավորվել է հարկավոր, ինչը, ըստ Գենադի Զյուգանովի, գիտակցում են ԵԽ ԽՎ-ում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունները։ «Իհարկե, կան արմատական դիրքորոշում որդեգրած առանձին պատգամավորներ,- ասաց ՌԿԿ առաջնորդը,- սակայն Միացյալ Եվրոպայի եւ Ռուսաստանի դաշինքի նպաստավոր հետեւանքները, որոնք կարող է առարկայանալ 21-րդ դարում, գրեթե բոլորն են գիտակցում»։

Անդրադառնալով «Ռուսաստան-Բելառուս» միության գործադիր քարտուղար Պավել Բորոդինի Նյու Յորքի օդանավակայանում ձերբակալվելու փաստին, Գենադի Զյուգանովն ասաց, թե դիվանագիտական անձնագրի գոյության պայմաններում դա անթույլատրելի է, որովհետեւ նման դրսեւորումը հարաբերությունները հետ է տանում առնվազն 3 դար։ – Այդպես,- ասաց Գենադի Զյուգանովը,- Մադլեն Օլբրայթին էլ Բալկաններում կարող էին ձերբակալել, իսկ եթե ձերբակալման արժանի մարդիկ կան, դրանք են Չուբայսն ու Գայդարը, որոնք ամենից մեծ վնասն են հասցրել Ռուսաստանին։ Հունվարի 25-ի առավոտից Ստրասբուրգում տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հանդիսությունները, իսկ ազգային պատվիրակություններն՝ այդ երկրների նախագահների գլխավորությամբ, արդեն ժամանում են Ստրասբուրգ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ,

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031