Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները շարունակում են պայքարը 19-րդ կարգի միջազգային գերմրցաշարի հաղթողին որոշելու համար։ Ինչպես եւ սպասվում էր, խաղատախտակների առջեւ ծավալվել է անհաշտ ու դիտարժան պայքար, որում իրեն գերազանց է դրսեւորում Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը, որը վերջին շրջանում ցուցադրած իր խաղով, ըստ էության, սասանել է Գարրի Կասպարովի, Վլադիմիր Կրամնիկի ու Վիշվանաթան Անանդի հեղինակությունը։ 6-րդ տուրում պարտության մատնելով Լյուկ Վան Վելիին (Հոլանդիա), Շիրովը իր գլխավոր մրցակիցներից պոկվեց մեկ միավորով, մի բան, որ պատկառելի ցուցանիշ է նման մակարդակի մրցաշարերում։ Հաջորդ տուրում նա կորցրեց կես միավոր ու տարբերությունը գրեթե ի չիք դարձավ։ Սակայն 8-րդում ստեղծագործական վերելքի ճանապարհին գտնվող Շիրովը տպավորիչ հաղթանակ տարավ ներկայումս Հոլանդիայում բնակվող Սերգեյ Տիվյակովի նկատմամբ եւ 6,5 միավորով ամրապնդեց առաջատարի իր դիրքերը։ Կասպարովն ու Կրամնիկը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Պետեր Լեկոյի (Հունգարիա) եւ Ալեքսեյ Ֆյոդորովի (Բելառուս) հետ եւ հավասար՝ 5,5 միավորով բաժանում են 2-րդ եւ 3-րդ տեղերը։ Միանգամից չորս շախմատիստ՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Ալեքսեյ Մորոզեւիչը (Ռուսաստան) վերջիններին զիջում են մեկ միավորով։
Վլադիմիր Հակոբյանը՝ առաջատարների խմբում
Իսպանիայի Ուբեդա քաղաքում մեկնարկել է շախմատային խոշոր միջազգային մրցաշար, որին մասնակցում են 120-ից ավելի շախմատիստներ։ Նրանց մեջ զգալի թիվ են կազմում գրոսմայստերի կոչում ունեցողները։ Հայաստանն այստեղ ներկայացնում են Վլադիմիր Հակոբյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Նալբանդյանը եւ Դավիթ Կարա-Թորոսյանը, որն ապրում է Բուդապեշտում։ Շվեյցարական մրցակարգով անցկացվող այս մրցաշարում, որն, ի դեպ, 6-րդն է, խաղացվել է 2 տուր։ Ուրախալի է, որ մեր առաջատար Վլադիմիր Հակոբյանը տարել է երկու հաղթանակ ու եւս 20 շախմատիստի հետ ընթանում է առաջատարների խմբում։ Աշոտ Անաստասյանը իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր, իսկ մյուսները՝ 1-ական։