Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա սեւ հացի փող ունեցողները Հայաստանում աղքատ չեն համարվում

Հունվար 24,2001 00:00
axqat

Ի տարբերություն 2000թ. բյուջեում նախատեսված 19 մլրդ 500 մլն դրամի, 2001-ի բյուջեում նպաստների համար նախատեսված է 16 մլրդ 705 մլն դրամ։ Դրությունից ելք փնտրելով՝ ՀՀ կառավարությունը, իբր ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման եւ աղքատ ընտանիքների նկատմամբ սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, 2001թ. հունվարից «Փարոս» ծրագրով նպաստ ստացող քաղաքացիներին պարտավորեցնում է ներկայացնել դիմում-հայտարարագիր (դեկլարացիա)՝ «Աղքատության ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար»։ (Դիմում-հայտարարագրի եւ տեղեկանքի բլանկների համար սոցիալական տարածքային կենտրոնում աղքատ քաղաքացիներից պահանջում են 50 դրամ)։

Իրականում, դեկլարացիայի հիմնական նպատակը նպաստ ստացող ընտանիքների քանակի կրճատումն է։ Ստացվում է, որ Հայաստանում քաղաքացու աղքատության չափը որոշվում է ոչ թե օրվա սեւ հացի փող ունենալով, այլ բյուջեի հնարավորություններով։ Դիմում-հայտարարագրով աղքատ քաղաքացիներից պահանջվում է հայտնել տեղեկություններ իրենց բնակարանների եւ կենցաղային պայմանների մասին։ Օրինակ, պահանջվում է հայտնել հեռուստացույցի մակնիշը, գունավոր եւ արտասահմանյան լինելը, էկրանի անկյունագծի չափը եւ արտադրման տարեթիվը։ Աղքատ քաղաքացին դիմում-հայտարարագրով պետք է երաշխավորի, որ առանց խոչընդոտների թույլ կտա սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի լիազորված աշխատողին՝ ստուգելու դեկլարացիայում գրված տեղեկությունների ճշտությունը։

Ստացվում է, որ, եթե դու աղքատ ես, ուրեմն քո բնակարանը իրավունք ունեն խուզարկելու, ինչպես խուզարկում են հանցագործի բնակարանը։ ՀՀ Ազգային ժողովը 1997 թվականին ընդունել է օրենք, որի համաձայն ֆինանսավորվելու են բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են «ազգային ջոջերի» ամառային հանգիստը իրենց ընտանիքների անդամների հետ պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Նշված օրենքով ֆինանսավորումը, առանց սխալվելու, կարելի է անվանել «հարուստների նպաստ», որը ստանալու համար դեկլարացիա չի պահանջվում։

Օրինակ, ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի ամսական աշխատավարձը 700 դոլար է (հեռուստատեսությամբ եմ լսել- Մ.Ռ.), որը 100 անգամ ավել է թոշակառուի ամսական թոշակից, ինչը, իմ կարծիքով, կբավարարի նախարարին, որ իր ամառային հանգիստը անցկացնի պատշաճ մակարդակով՝ առանց «հարուստների նպաստ» ստանալու։

Նույնը կարելի է ասել նաեւ մյուս «ազգային ջոջերի» մասին՝ իրենց բարձր աշխատավարձերի, բազմաթիվ «արտոնություն- նպաստների» եւ կաշառքների ու թալանների հետ միասին։ Եվ մեր իշխանավորներն ուզում են, որ ժողովուրդը հավատա, թե իրենք ավելի շատ մտածում են ոչ թե իրենց գրպանների, այլ թշվառության մեջ ընկած քաղաքացիների մասին։

ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031