Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար-մարտ ամիսների ընթացքում թանգարանների տոմսերի նոր գներ եւ նոր աշխատակարգ կսահմանվի։ ՀՀ մշակու

Հունվար 24,2001 00:00

ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ Փետրվար-մարտ ամիսների ընթացքում թանգարանների տոմսերի նոր գներ եւ նոր աշխատակարգ կսահմանվի։ ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունը նոր նախագիծ է մշակում, որով փորձ կարվի կարգավորել, վերահսկել եւ համակարգել թանգարաններում տոմսերի վաճառքի, աշխատանքի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։ Այս հարցի առնչությամբ վերջերս հավաք էր կազմակերպվել թանգարանների տնօրենների մասնակցությամբ։ Մի քանի տնօրեններ դեմ են արտահայտվել տոմսերի գների թանկացմանը։ Բողոքը բացատրում են նրանով, որ թանգարաններ հաճախողները առանց այն էլ քիչ են եւ, մեծամասամբ, դպրոցականներ են։ Ըստ նախարարության որոշ աշխատակիցների, թանգարանների տնօրեններին ձեռնտու չէ տոմսերի վաճառքի եկամուտների վերահսկումը, եւ այդ պատճառով էլ նրանք դեմ են արտահայտվում այս փոփոխություններին։ Յուրաքանչյուր թանգարան յուրովի է իր աշխատանքը կազմակերպում, ոչ բոլոր թանգարաններում է մուտքը վճարովի, իսկ մի շարք թանգարաններում տոմսերի արժեքները կամովին եւ տարատեսակ չափերով են ամրագրված։ Բացի այդ, տեղացի հաճախորդների համար որոշ թանգարաններում այլ գներով են վճառվում տոմսերը ու սպասարկվում էքսկուրսիոն ծառայությունները, օտարերկրացիների համար՝ այլ։ Միասնական գումարի չափ պետք է սահմանվի բոլոր թանգարանների համար։ Օրինակ, Փարաջանովի թանգարանում մուտքն ազատ է, սակայն արկղ կա տեղադրված, ուր ցանկացած այցելու կարող է իր հանգանակությունը կատարել թանգարանի համար։ Բացի այդ, շատ թանգարաններում էքսկուրսիոն ծառայությունների համար վճար ընդհանրապես սահմանված չէ, ինչը հակասում է միջազգային մի շարք նորմերի։ Դեռեւս նախագիծը լիովին պատրաստ չէ եւ նախարարի համապատասխան հրամանից հետո նոր կներկայացվի հանրությանը։ Առայժմ այս մասին միայն տեղեկացվել են թանգարանների տնօրենները։ Բայցեւայնպես, մեզ հայտնի դարձավ, որ այդ գները սահմանվում են, ճիշտ է, պայմանական, բայց եւ սկզբունքային հիմքեր նկատի ունենալով, հաշվի առնելով՝ տվյալ թանգարանում բնօրինակ ցուցանմուշների քանակը եւ դրանց արժեքը, եզակիությունը եւ համաշխարհային նշանակությունը։ Ըստ այդմ, մեր տվյալներով, Հայաստանի Ազգային պատկերասրահի մուտքի տոմսի արժեքը կլինի 1000 դրամ, իսկ էքսկուրսիոն ծառայություններով հանդերձ՝ 2500 դրամ։ Նույնը կվերաբերի նաեւ Հայաստանի պատմության թանգարանին, սակայն այլ (ավելի ցածր) գներ կսահմանվեն մյուս թանգարանների համար։ Ընդ որում, քանի որ դեռեւս արտոնությունների սահմանման մասին օրենքը չկա, նախարարությունը կարգավորման այս նախագծում նկատի է ունեցել մի շարք արտոնություններ. շաբաթվա մեջ մեկ օր մուտքը եւ մնացած ծառայությունները ուսանողների համար զեղչերով կլինեն, ինչպես նաեւ առանձին օրեր արտոնություններ կունենան թոշակառուները եւ ժամկետանց զինծառայողները, ինչպես նաեւ՝ մինչեւ 18 տարեկանները։ Նշենք նաեւ, որ փորձ կարվի վերահսկել նաեւ տոմսերի շրջանառությունը եւ թե թանգարանները ինչպես են այրում (մարում) ժամկետանց տոմսերը, որոնք, մշակույթի նախարարության որոշ աշխատակիցների կարծիքով, շատ թանգարաններում խախտումներով են կատարվում։ Ինչ վերաբերում է թանգարանների տնօրենների բողոքին, թե այսքան թանկ տոմսերի դեպքում ընդհանրապես թանգարաններն այցելուներ չեն ունենա, այնքան էլ հավատ չի ներշնչում, քանզի միայն տոմսերի գնով չէ պայմանավորված այցելուների մուտքը թանգարաններ։ Եվ, ի վերջո, չկա մի երկիր, որ իր մշակութային արժեքները 50, 100, 200 դրամով ցուցադրի։ Իսկ այն պատճառաբանությունը, թե թանգարաններ այցելում են հիմնականում դպրոցականները, ապա այս փոփոխությունները դարձյալ դպրոցականների համար արտոնություններ են թույլ տալիս, եւ ոչ ոք չի կարող պնդել, քանի որ վերահսկում իրականում չկա, թե թանգարանները դպրոցականներից բարձր տարիքի որքան այցելուներ են ունենում։ Եվ նույնիսկ ճիշտ կլիներ, եթե թանգարանների ոչ աշխատանքային օրերն ու աշխատանքի ավարտման ժամերը վերանայվեին, քանզի ոչ մի այցելուի չի հետաքրքրում, թե այսինչ թանգարանում այսօր աշխատանքային օր չէ։ Բացի այդ, մեր թանգարանները միշտ բողոքում են իրենց խեղճուկրակ վիճակից։ Ոչ ոք չի կարող ասել, թե որքան գումար է վաճառված տոմսերի տեսքով մուտք գործում թանգարան։ Իհարկե, սա չի նշանակում, որ վաճառված տոմսերից ստացված գումարով հնարավոր է թանգարան պահել, բայց եւ պետք է նկատի ունենալ, որ թանգարանները մեռյալ կառույցներ չեն եւ պետք է (նոր ցուցադրություններով եւ այլն) հաճախ նորացվեն, որպեսզի մեկ անգամ այնտեղ եղած այցելուին կրկին անգամ հետաքրքրի։ Թե չէ, այնպես է ստացվում, որ պատանեկության տարիներին մի անգամ այսինչ թանգարանը գնացողը այլեւս երբեք մուտք չի գործում, բացատրելով՝ էլ ի՞նչ գնամ, մի անգամ գնացել եմ՝ հերիք է։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել