Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, «Սուրբ Մովսես Խորենացու» եւ «Մեսրոպ Մաշտոցի» պարգեւների համար հայ մշակույթի գործիչները գ

Հունվար 24,2001 00:00

ԽԵՂՃ ԽՈՐԵՆԱՑԻ ՈՒ ԽԵՂՃ ՄԱՇՏՈՑ Պարզվում է, «Սուրբ Մովսես Խորենացու» եւ «Մեսրոպ Մաշտոցի» պարգեւների համար հայ մշակույթի գործիչները գլուխները կորցրել են։ Տարբեր ատյաններ, գերատեսչություններ են դիմում, որ միջնորդեն այդ պարգեւներից գոնե մեկը ստանալու համար։ Սկզբում, իհարկե, «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» անվան պարգեւից են սկսում, հետո, երբ տեսնում են՝ չի ստացվում, կանգ են առնում «Մովսես Խորենացու» վրա. «Լավ, գոնե Խորենացի»։ Շատ զարմացանք, երբ իմացանք, որ մշակույթի նախարարություն են դիմել մի շարք գործիչներ, այդ թվում՝ դերասան Աշոտ Ղազարյանը, դե, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը միշտ կա ու կա, որն, իհարկե, սկզբից հենց «Մեսրոպ Մաշտոցի» պարգեւ էր ուզում։ Նույնիսկ «Ար» հեռուստաընկերությունից մի օպերատոր է դիմել, որպեսզի իրեն ցուցակագրեն։ Հետաքրքիրն այն է, որ, երբ հեռահար հայացքով համեմատում ես, թե այս պետությունը «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշան տվել եւ նույնանուն այդ մրցանակից պետք է տա Լեւոն Թոքմաջյանին ու էլի նման շատերին, մտածում ես՝ այս երկրում մինչեւ երբ պետք է սուտ, կեղծ արժեքներին ասպարեզ ու գնահատանք տրվի։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանն, ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների ու կոչումների բաժնի տեղեկանքի, «շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական եւ հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ՝ արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար»։ Եվ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով պարգեւատրվել են Մհեր Մկրտչյանը, Տիգրան Մանսուրյանը, Հակոբ Հակոբյանը, Գոհար Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Արտավազդ Փելեշյանը եւ այլոք։ Եվ, երեւի այլեւս տեղին էլ չէ զարմանալ մեր երկրում գնահատելու, պարգեւներ, շքանշաններ շնորհելու չափանիշների մասին, եթե հանկարծ այս անունների կողքին հայտնվեն նաեւ Լ. Թոքմաջյանի կամ Ա. Ղազարյանի անունները։ Հիշում ենք, բացի մեր պետական այրերից, բոլորը զարմացան, որ Լեւոն Ներսիսյանին տրվեց ոչ թե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», այլ «Մովսես Խորենացի» շքանշան։ Այնպես որ, ամեն ինչ սպասելի է։ Միայն թե, մտածում ենք, թե խեղճ Մաշտոցն ու Խորենացին այս լուրերն իմանալով քանի անգամ են շուռ եկել գերեզմանում եւ դեռ որքան… Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել