Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ի դասագրքաստեղծ առաքելությունը Հայաստանում ավարտվեց

Հունվար 24,2001 00:00

Վերջին մրցույթը ՀԲ-ի դասագրքաստեղծ առաքելությունը Հայաստանում ավարտվեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը երեկ «ուրախությամբ հայտնեց», որ ՀԲ-ի վարկով հրատարակվող դասագրքերի վերջին մրցույթն է։ Այն տեղի ունեցավ ՀԲ-ի վարկային ծրագրերը համակարգող Կրթական ծրագրերի կենտրոնի նոր գրասենյակում, որը նախորդի նման շքեղ վերանորոգված էր եւ, ինչպես «Առավոտի» հարցին ի պատասխան ճշտվեց, ՀԲ-ի այդ նույն վարկի հաշվին։ ԾԻԳ-երի պահպանման համար վարկային միջոցների շռայլմամբ մտահոգվողներին հուսադրենք, որ շենքը ԿԳՆ-ի սեփականությունն է։ Մրցույթի է ներկայացված մոտ 30 անուն դասագիրք եւ 14 ուսուցչի ձեռնարկ։ Դրանց հրատարակման նպատակով ՀԲ-ի վարկից կտրամադրվի 3 մլն դոլար, իսկ ընդհանրապես, ողջ ծրագրի համար տրամադրվել է 10 մլն դոլար։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է 9 հրատարակչություն՝ թեեւ մրցութային փաթեթներ գնել էին 12-ը։ Դրանք հիմնականում ծանոթ անուններ են ու, ինչպես միշտ, ամենաշատ հայտեր (12 անուն դասագրքի) ներկայացրել է «ՄակՄիլան Արմենիա» հայ-բրիտանական հրատարակչությունը։ Մնացածները տեղական հրատարակչություններ են։ Այս տարի ոչ մի արտասահմանյան հրատարակչություն հայտ չէր ներկայացրել, չնայած գերմաներենի 9, 10-րդ դասարանների դասագիրքը եւս ներկայացված էր մրցույթի։ Այս գրքի հրատարակման համար հայտ է ներկայացրել միայն «Նաիրի» հրատարակչությունը։ Մնացյալ դասագրքերի համար էլ առանձնապես մեծ մրցույթ չի լինի։ Մեկական հրատարակչություն է հայտ ներկայացրել 8, 9 եւ 10-րդ դասարանների «Իրավունք» («Տիգրան Մեծ» հրատարակչություն), 9 եւ 10-րդ դասարանների «հանրահաշվի» («Էդիթ Պրինտ»), 8, 9, 10-րդ դասարանների «ինֆորմատիկայի» («Զանգակ-97»), 2, 3 եւ 4-րդ դասարանների «երաժշտության» («ՄակՄիլան Արմենիա»), 9, 10-րդ դասարանների «երկրաչափության» («Աստղիկ-59»), 7, 8, 9, 10-րդ դասարանների «համաշխարհային պատմության» («Զանգակ-97») դասագրքերի համար։ Մրցույթը քիչ թե շատ ապահովված է 9 եւ 10-րդ («Արեւիկ», «ՄակՄիլան Արմենիա», «Միտք») ու 7 եւ 8-րդ («Արեւիկ», «ՄակՄիլան Արմենիա», «Զանգակ») դասարանների «քիմիայի», 10-րդ դասարանի «աստղագիտության» («Արեգ», «Էդիթ Պրինտ», «Աստղիկ-59»), 5 եւ 6-րդ դասարանների «բնագիտության» («ՄակՄիլան Արմենիա», «Աստղիկ-59», «Միտք»), 8-րդ դասարանի «գծագրության» («Աստղիկ-59», «ՄակՄիլան Արմենիա») եւ 8, 9 եւ 10-րդ դասարանների «նախնական ռազմական դաստիարակության» («ՄակՄիլան Արմենիա», «Աստղիկ-59») դասագրքերի համար։ Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանն ասաց, որ չի կարող հստակ պատասխանել «Առավոտի» այն հարցին, թե ինչ կլինի այն դասագրքերի հետ, որոնց հրատարակման իրավունքը ոչ մի հրատարակչություն չի շահի։ Քանի որ ՀԲ-ի ծրագրի ժամկետն ավարտվում է, այդ դասագրքերը չեն կարող, ինչպես նախորդ տարիներին, հաջորդ տարվա մրցույթ տեղափոխվել։ Բայց տիկին Թոփուզյանի հավաստմամբ, սա չի հարկադրի հաղթող ճանաչել անորակ դասագիրք ներկայացրած հրատարակչությանը։ Ամենայն հավանականությամբ՝ վարկային ծրագրի ժամկետը կերկարաձգվի։ Ի դեպ, այս տարի, ՀԲ-ի եւ ՀՀ կառավարության որոշմամբ, կհրատարակվեն միայն բովանդակային շեմը հաղթահարած հրատարակչությունների ֆինանսական առաջարկները։ Հաղթող կճանաչվի այն հրատարակչությունը, որ բովանդակային, արտաքին տեսքի գնահատման փուլերում ամենաբարձր միավորները կհավաքի եւ առաջարկած գինն էլ բարձր չի լինի։ Նախատեսված է, որ 120 օրվա ընթացքում հաղթած հրատարակիչների հետ պետք է պայմանագրեր կնքված լինեն։ Պայմանագրային պարտավորությունների (հրապարակման ժամկետների ուշացում, ցածր որակի տպագրություն) խախտման դեպքում նախատեսվող տուգանքների առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան տեղեկացանք, որ նախորդ տարի տուգանքների արժանացել են «ՄակՄիլան Արմենիա», «Լույս» եւ «Աստղիկ-59» հրատարակչությունները։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել