Երեկ խմբագրություն զանգահարեց բորբոքված մի տիկին եւ, ներկայանալով որպես ՀՊՃՀ-ի սպասարկող անձնակազմի աշխատակից (անունը նշել չցանկացավ), բողոքեց ղեկավարների անարդարացի վերաբերմունքից։ Ըստ նրա՝ անընդհատ, իսկ վերջին անգամ 25%-ով, բուհի դասախոսների աշխատավարձը բարձրացնում են, իսկ իրենք, որ նրանց «ոտի տակի կեղտն են ամեն օր մաքրում», մնում են նախկին ցածր աշխատավարձի հույսին։
ԿԳՆ-ից ճշտեցինք, որ պետականորեն դասախոսների աշխատավարձերի բարձրացում չի եղել։ Հետեւաբար, խոսքը բուհի արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող բարձրացումների մասին է։ ՀՊՃՀ-ի ֆինանսական գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը հիմնավորեց, որ իրենք «հարուստ հիմնարկ չեն» եւ հնարավորություն չունեն բոլորի աշխատավարձը բարձրացնել։ Հարգելով հավաքարարի աշխատանքը՝ ՀՊՃՀ-ի ղեկավարությունը, այնուամենայնիվ, ամենից առաջ կարեւորում է դասախոսական ներուժի պահպանումը։ Սակայն, այս տարի ինստիտուտը նաեւ սպասարկող անձնակազմի մոտ 90%-ի աշխատավարձն է 20%-ով բարձրացրել, եւ պրն Հովհաննիսյանը հուսով էր, որ գալիք տարի մնացածներին էլ հերթը կհասնի։ Իսկ հավաքարարը, ըստ նրա, օրական երկու ժամ է աշխատում, ձեւակերպված է աշխատանքի մի քանի հիմնարկներում, բայց ստանում է մոտ 7 հազար դրամ՝ մինչդեռ պրոֆեսորի պետական աշխատավարձը 9 հազար է։ Նաեւ տեղեկացանք, որ բուհի արտաբյուջետային միջոցների հաշվին կարողացել են դասախոսների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացնել։ Ասենք՝ դոցենտի պետական աշխատավարձը 8 հազար դրամ է, բայց ստանում է 40 հազար։
Ն. Հ.