Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փափուկ բարձ դրվեց մարզիկների գլխի տակ

Հունվար 24,2001 00:00

ԵՐԲ ՎԱՐՁԱՏՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ Է Ինչո՞ւ փափուկ բարձ դրվեց մարզիկների գլխի տակ Երեւանի քաղաքապետարանի եւ «Հաղթանակ» մարզակումբի միջեւ (նախագահ՝ Սամվել Իսրայելյան) 1998թ. մարտի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 1-ը ժամանակահատվածի համար կնքվեց վարձակալության պայմանագիր, ըստ որի՝ կարգավորվեցին կողմերի փոխադարձ պարտավորությունները, վարձավճարի չափը, կարգը ու ժամկետները։ Վարձակալն իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար ընդունեց քաղաքապետարանին պատկանող թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը (42527,0 հազ. դրամ հիմնական միջոցներով, 753,2 հազ. դրամ գույքով, 3,03 հա տարածքով)։ Իմիջիայլոց, քաղաքապետի համաձայնությունը ստանալու համար ակումբի նախագահ Ս. Իսրայելյանը նկարագրել էր մարզադպրոցի իրական վիճակը, այն, որ «թենիսի խաղահրապարակները, ինչպես նաեւ օժանդակ կառույցները շուրջ 8 տարի չեն վերանորոգվել եւ աստիճանաբար շարքից դուրս են գալիս»։ Կարճ ասած, վարձակալությամբ մի պարզ խնդիր էր լուծվում. անտերության մատնված մարզադպրոցին տեր էր եկել, որը խնդիր ուներ թենիս խաղի զարգացման հնարավորություններն օգտագործել։ Քաղաքապետարանն իր հերթին «հաշվի առնելով մանկապատանեկան մարզադպրոցի ֆինանսատնտեսական անբավարար պայմանները եւ մարզիկների հետագա մարզումները բարելավելու նպատակը», փաստորեն, գնաց վարձակալության պայմանագիր կնքելու քայլին։ Թանաքը դեռ չչորացած, մի կարճ ժամանակ անց, նոր քաղաքապետը՝ Ս. Աբրահամյանը որոշում է արձակում նախորդի՝ Վ. Սիրադեղյանի որոշումը չեղյալ համարելու մասին։ Ս. Աբրահամյանը «հաշվի էր առել» ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության միջնորդությունը «Հաղթանակ» ակումբի «տնօրինության անբավարար աշխատանքի վերաբերյալ» եւ բարձրացրել էր տարածքն ազատելու հարցը։ Որոշման կատարման հսկողությունն էլ դրվել էր քաղաքապետի արդեն պաշտոնակատար Կ. Արեյանի վրա, որը նախորդ՝ վարձակալության պայմանագիրը ստորագրող կողմերից մեկն էր… Աշխատանքները «անբավարար» համարելու հիմքերից էր հանդիսացել բադմինտոնիստների Հայաստանի հավաքականի անդամներ Արմեն Առաքելյանի, Հարություն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի, Գայանե Մկրտչյանի, Աննա Նազարյանի ամսական վճարներից ազատվելու ցանկությունը, որ հայտնել էին նախարարությանը։ Մինչդեռ, ըստ մարզակումբի որոշման (տես արձանագրություն 4, 1.05.98թ.), անվճարունակ, հեռանկարային մարզիկներն ու ազատամարտիկների երեխաներն ազատվում էին վարձավճարներից։ Մարզիկները գրում էին, որ իրենք «չէին խորացել հարցի էության մեջ» եւ «զգալով իրենց սխալը», խնդրում էին վերանայել Ս. Աբրահամյանի որոշումը։ Վեճը հասավ դատարան։ Եվ միայն նրանց կայացրած վճիռների շարժը ներկայացնեմ ձեզ. Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան (23.05.2000թ.), տնտեսական գործերով վերաքննիչ դատարան (26.07.2000թ.), վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատ (15.09.2000թ.)։ «Թենիսի» դռնբաց «առաջնությունը» շարունակվեց այլ կազմով դատարաններում. վերաքննիչ դատարան (7.11.2000թ.), վճռաբեկ դատարան (15.12.2000թ.)։ Մարզակումբի հարցը 3-րդ անգամ հանգրվանեց վճռաբեկ ատյանում։ 1-ին եւ 2-րդ «լիգաներում» մարզակումբը դատը շահեց, վճռաբեկ ատյանը… բեկանեց։ Սակայն դատաքննությամբ ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը հասարակական կազմակերպության նկատմամբ վերահսկողական հավելյալ գործառույթներ է կիրառել։ Առաջին ատյանի դատարանը բացառեց «անբավարար» աշխատելու մեղադրանքը, գտավ, որ «միջնորդությունը հիմնված է եղել բոլորովին այլ նպատակով գրված դիմումների վրա», որ «մարզակումբի տնօրինության աշխատանքի հետեւությունները եղել են վաղաժամ՝ վարձակալության պայմանագիրը կնքելուց ընդամենը 3 ամիս հետո» եւ, վերջապես. «տնօրինության անբավարար աշխատանքը պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ այդ հանգամանքը վարձակալության պայմանագրով նախատեսված պայման չէ… հետեւապես, պայմանի խախտում չի կարող դիտվել»։ Վերաքննիչ դատարանն իր հերթին գտնում էր, որ «քաղաքապետարանը չունի որեւէ իրավական հիմք… մարզակումբի աշխատանքը գնահատել անբավարար»։ Չենք կարծում, թե քաղաքապետարանը տեղյակ չէր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին եւ չգիտեր, որ հասարակական «Հաղթանակ» կազմակերպության տնօրինության աշխատանքը բավարար կամ անբավարար գնահատում են նրանց բարձրագույն մարմինները, նրանց կանոնադրությամբ եւ ոչ իրենք՝ եւ, կամ, որեւէ նախարարություն, հետեւաբար գնահատման առարկա չլինելով, չէր կարող իրավական հետեւանքներ առաջացնել «նրանց իրավական շրջանակներից դուրս լինելու պատճառով»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել