Բարձր տեխնոլոգիաները բարձրություն են հավաքում Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության՝ գիտության եւ բարձր տեխնոլոգիաների գծով փոխնախարար Արմեն Գրիգորյանը։ Ասուլիսի նախորդ օրը պրն Գրիգորյանը լայնածավալ հարցազրույց էր տվել Ազգային հեռուստատեսությանը, որը, հանրապետության մյուս բոլոր ԶԼՄ-ների համեմատ, չափազանց շահեկան վիճակում է գտնվում՝ չինովնիկների կարծիքները սփռելու հնարավորությունների առումով։ Եվ, եթե չլինեին ասուլիսի թեմային՝ բարձր տեխնոլոգիաներին չառնչվող հարցերը, մեզ բոլորիս կվիճարկվեր հնացած տեղեկություն հաղորդելու ոչ այնքան հաճելի պարտավորությունը։ Ըստ էության, այսօր, երբ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է արդյունաբերության գերակա ճյուղերից մեկը, այդ ոլորտի զարգացմանը քիչ բան է խոչընդոտում։ Այդ քիչ բաներից մեկն էլ, որքան կարելի է դատել պրն Գրիգորյանի խոսքերից, «ԱրմենՏելի» դիրքորոշումն է որոշ հարցերում։ «ԱրմենՏելը» մենաշնորհ ունի ոչ միայն հեռախոսային ցանցի շահագործման, այլեւ միջազգային կապուղիներ տրամադրելու մեջ։ Սակայն, ինչպես պնդում էր պրն Գրիգորյանը. «Մենաշնորհ ունեցողը պետք է իրականացնի իր մենաշնորհային իրավունքները», այլապես, եթե «ԱրմենՏելը» շարունակի չարաշահել իր մենաշնորհային դիրքերը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է միջնորդել կառավարությանը՝ «ԱրմենՏելին» այդ մենաշնորհից զրկելու համար։ Սակայն գործը դժվար թե հասնի դրան, քանի որ որոշ քայլեր «ԱրմենՏելն» արդեն ձեռնարկում է (մասնավորապես ինտերնետային կապի սակագների 40%-ով իջեցումը)։ Առավել եւս, որ ՀՀ նախագահն ինքն է արդեն հետաքրքրված այս հարցով։ Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ձեռնարկությունների դժգոհությունն «ԱրմենՏելից» չի սահմանափակվում միայն միջազգային կապուղիներ տրամադրելու գործում թերանալով։ Դժգոհությունների առյուծի բաժինը ինտերնետային կապի սակագների՝ չափից դուրս բարձր լինելուն է առնչվում՝ 18 անգամ բարձր միջազգային ընդունված չափանիշներից։ Իսկ ամենազավեշտականն այն է, որ պրն Գրիգորյանի հարցմանն ի պատասխան, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը պնդել է, թե սակագները սահմանում է «ԱրմենՏելը», վերջինս էլ պնդել է հակառակը՝ սակագները հաստատում է նախարարությունը։ Պրն փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ այսօր երեք արտասահմանյան ընկերություններ եւ ֆոնդեր ցանկություն են հայտնել Հայաստանում ստեղծել տեխնոպարկ։ Ընդ որում, Համաշխարհային բանկը ցանկություն է արտահայտել ֆինանսավորել ոչ միայն տեխնոպարկի, այլեւ բիզնես-ինկուբատորի եւ էնչորային հիմնադրամի ստեղծումը։ Այս ծրագրերը կարժենան մոտ 5 մլն դոլար։ Ի դեպ, վերոնշյալ երեք, ինչպես նաեւ՝ հանրապետությունում արդեն իսկ գործունեություն ծավալած բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները, ցանկություն ունեն ստեղծել համահայկական խորհրդատվական միություն, որը կնպաստի օրենսդրական դաշտի ձեւավորմանը եւ իր անձնահարկի խորհրդատվական ծառայությունները կմատուցի նախագահին եւ կառավարությանը։ Խոստովանենք, վատ ցանկություն չէ, իսկ մեր իշխանավորները լավ խորհուրդների կարիք հաստատապես ունեն։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ