Օրերս խմբագրություն էր այցելել Երեւանի քաղաքացի Արաքսի Միքայելյանը, որը, ինչպես ինքը բացատրեց, «դուրս էր մնացել «Փարոսի» ընտանեկան նպաստների ցուցակներից եւ բազմիցս դիմել է տարբեր գերատեսչություններ (համատիրություն, «Փարոսի» գրասենյակ), բայց նրան միայն պատասխանել են՝ «օրենքով սահմանված կարգ է. մենք որեւէ օգնություն չենք կարող ցուցաբերել»։
65-ամյա Արաքսի տատիկի ընտանիքը բաղկացած է 6 անձից՝ տղան, հարսը եւ երեք թոռները։ «Թե՛ հարսս եւ թե՛ տղաս մասնագիտություն ունեն, բայց արդեն մի քանի տարի է՝ չեն կարողանում աշխատանք գտնել։ Ամեն տեղ կամ ծանոթ պետք է ունենալ, կամ էլ ֆինանս՝ «մաղարիչ» տալու համար»։ Արդեն մեկ տարի է, 6 անձից բաղկացած ընտանիքը գոյությունը պահպանում է ընտանեկան նպաստի եւ Արաքսի տատիկի ստացած «գրոշների» (խոսքը թոշակի մասին է- Ա. Դ.) շնորհիվ։ «Երբ իմացանք, որ չենք ընդգրկվել ընտանեկան նպաստի նոր ցուցակներում, խառնաշփոթի մեջ ընկանք, քանի որ դա էր մեր միակ ապրուստի միջոցը։ Անմիջապես դիմեցի «Փարոսի» գրասենյակ, որտեղ ինձ պատասխանեցին, թե «համակարգչի տվյալների համաձայն, ձեր բալերը սահմանված 36-ից իջել են 34, ուստի դուք զրկվել եք նպաստից»։ Բայց չէ՞ որ համակարգիչով ընտանիք չես պահի, բա ուր կորավ մարդկային վերաբերմունքը»,- բարկացած պատմում էր Արաքսի տատիկը։
Այս հարցի կապակցությամբ դիմեցինք Շենգավիթի սոցծառայության պետ Սիլվա Հովսեփյանին, որն էլ բացատրեց, որ «եթե ընտանիքում կան չափահասներ, ուրեմն ընտանիքը համարվում է ապահովված, քանզի վերոհիշյալ չափահասները, եթե նույնիսկ գործազուրկ են, համարվում են պոտենցիալ աշխատողներ»։ Տիկին Հովսեփյանը խորհուրդ տվեց՝ Արաքսի տատիկը տան գրանցումից հանի իր աղջկան (որն արդեն ամուսնացել է), եւ երբ կկրճատվի տան չափահասների թիվը, նրանց բալերը նորից կվերականգնվեն։ Մեր այն հարցին, թե ինչու տիկին Հովսեփյանը այդ միջոցը ի սկզբանե չէր առաջարկել, նա պատասխանեց՝ «իհարկե առաջարկել եմ, պարզապես երեւի մոռացել էր»։ Տեղեկացանք նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկվել են ընտանեկան նպաստից եւ բոլոր անապահով ընտանիքների համար պետությունը, որպես մեղմացնող միջոց, սահմանել է միանվագ դրամական օգնություն։ Թաղապետարաններին կից ստեղծվել են աջակցության կենտրոններ, որոնք էլ զբաղվում են վերոհիշյալ միանվագ դրամական օգնությունների բաշխմամբ։
Ա. Դ.