Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարբեր են իրենց ճակատագրի հանդեպ»

Հունվար 24,2001 00:00
kusakcutyunner

Մեր թերթի երեկվա համարում «Տարվա օրինախախտները կուսակցություններն են» վերնագրով հրապարակման մեջ հայտնել էինք, որ 2000թ. գրանցված 95 քաղաքական կուսակցություններից 51-ը 2001թ. համար չեն հասցրել գրանցվել կամ վերագրանցվել։ Կուսակցություններից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե պետք է վերագրանցվեն եւ թե հատկապես ո՞ր օրենքի, ո՞ր կետն է նման պահանջ ներկայացրել։

Խնդրեցինք արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանին առավել մանրամասնել, թե ինչո՞ւ հանկարծ կուսակցությունները պետք է վերագրանցվեն։ Պրն Աբովյանի ասելով, այն կուսակցությունները, որոնք վերագրանցվել էին ՀՀ քաղաքացիական օրենքի ընդունումից հետո, կարիք չունեն վերագրանցվելու, իսկ նրանք, որոնք մինչ այդ էին գրանցվել, պետք է վերագրանցվեն։ Փաստորեն երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ թվով 51 կուսակցություն (սրանք բոլորն էլ իրավաբանական անձի կարգավիճակով են պարտավոր գրանցվել) գործում են «ապօրինաբար»։

Մեր հարցին՝ ինչո՞ւ արդարադատության նախարարությունը ժամանակին տեղյակ չի պահել կուսակցություններին, չի ահազանգել, թե՝ ձեր ժամանակն անցնում է, եկեք՝ վերագրանցվեք, պրն Աբովյանն ասաց, թե եղել են հրապարակումներ, ռադիո եւ հեռուստահաղորդումներ։ Փաստորեն չվերագրանցվածները պարտավոր են համագումար հրավիրել, նոր կանոնադրություն պատրաստել եւ օրենքով սահմանված կարգով դիմել գրանցվելու համար։ Կա նաեւ ֆինանսական փոխհատուցում. յուրաքանչյուր կուսակցություն պետք է 5 հազար դրամ վճարի պետբյուջե։ Ասեմ, որ վերագրանցման ժամկետները վաղուց անցել են եւ այն կուսակցությունները, որոնք այս օրերին են հասցնում վերագրանցվել, այդ բանն անում են արդարադատության նախարարի հատուկ թույլտվությամբ, որի անունը գուցե հրաման է։

Փաստորեն, եթե կուսակցությունները գրանցվում են որպես իրավաբանական անձ, իսկ այս դեպքում, եթե իրավաբանական անձի փաստաթղթերը անվավեր են, տվյալ իրավաբանական անձը չունի համապատասխան գրանցում, ապա իրավունք չունի գործունեություն ծավալել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս պիտի արգելվի, ասենք, Կոմկուսին (որը եւս չգրանցվածների ցուցակում է) զբաղվել իր կուսակցական գործունեությամբ։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031