Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ ԴՐՎՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հունվար 24,2001 00:00
Nairi hunanyan

«27-ի» գործի վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրական եզրակացությունը՝ առաջիկա դատավարության համատեքստում, հասարակությանը նոր անակնկալներ է խոստանում։ Այսպես մեղադրական եզրակացության մեջ, աներեւույթ եւ անմեղ ձեւով, կարմիր թելի նման անցնում են Նաիրի եւ Կարեն Հունանյանների՝ 1997թ. վերջին եւ 99 թ. հունվար-փետրվարին Թուրքիա կատարած այցելությանը վերաբերող մանրամասները, որոնց մասին, ի դեպ, առաջինը խոսեց դաշնակցական մամուլը։ Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես նշված է, թե Նաիրի Հունանյանը 99-ին «…պաշտոնական հրավերով գտնվել է Թուրքիայում, որտեղ արժանացել են աննախադեպ ընդունելության։ Թուրքիայի սահմանային կետից նրանց դիմավորել եւ ուղեկցել են։ Ընդ որում, դեպի Տրապիզոն եւ հետադարձ ճանապարհին, Նաիրին գտնվել է թուրքական կողմի հետ առանձին մեքենայում։

…Բնակվել են շքեղ հյուրանոցներում եւ ճաշել բարձրակարգ ռեստորաններում։ Թուրքիայում Նաիրիին ներշնչել եւ հավաստիացրել են, որ նրան մեծ ապագա է սպասվում, եւ առաջիկայում նա դառնալու է Հայաստանի ղեկավարներից մեկը։ Թուրքիայից վերադառնալուց հետո Նաիրի Հունանյանի հայացքներում եւ գործելակերպում լուրջ փոփոխություններ են արձանագրվել։ Եթե մինչ այդ նա ձգտել է աշխատանքի տեղավորվել, մասնավոր գործ ձեռնարկել, քաղաքական կազմակերպության անդամագրվել, ապա, կատարած այցից հետո, բացահայտ դժգոհություններ է արտահայտել երկրում վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությունից, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարներից, պնդելով, որ տիրող ռեժիմը պետք է ուժով տապալվի» եւ այլն։

Ի վերջո, 99-ի մարտից սկսած նպատակադրվել է դավադրությամբ զավթել իշխանությունը եւ կատարել տեռորիստական ակտ։ Առաջին իսկ տպավորությունն այն է, որ սրանով որոշակի ուժեր փորձել են մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ նախ շեշտել, որ ոճրագործության միակ նախաձեռնողն ու կազմակերպիչը Նաիրին է եղել, երկրորդ՝ եթե նույնիսկ նրա թիկունքին որոշակի ուժեր կան կանգնած, ապա՝ թուրքերն են։ Ի՞նչ կտա դա, եթե ոմանք հաջողությամբ խաղարկեն այս սցենարը եւ դատավարության ընթացքում հաջողեն ամրապնդել։

«27-ի» շուրջ ծավալված իրադարձություններն ու առաջիկա դատավարությունը ծանրագույն գործոն է՝ մեր երկրի զարգացման առումով։ Եվ ներսում, եւ դրսում կան ուժեր, որոնք փորձելու են վերահսկել դատավարության ընթացքը, բայց դա հնարավոր չէ։ Այսօր անհեթեթ է խոսել այն մասին, թե ոճրագործները «ռոբինհուդներ» էին»,- պարզաբանեց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, թե, հաշվի առնելով այս գործոնը եւ այն, որ այդ վարկածը կարող է դատարանում տապալվել՝ գործի է դրվում ամենաանշառ տարբերակը՝ Թուրքիայինը։ «Ես չեմ ասում, որ այդ վարկածը գոյություն չունի, բայց իրողությունն էապես ավելի հարուստ է։ Այս վարկածը շրջանառության մեջ դնելը առաջընթաց կարելի է համարել։ Գոնե բացահայտման տեսանկյունից դա հոգեբանական մեծ դեր է խաղում, քանի որ դրա քննարկումը կարող է նպաստել նաեւ այլ վարկածների քննարկմանը»։

Ըստ պարոն Մանուչարյանի, իշխանություններն աշխատել են մի պահեստային վարկածի առաջադրման ուղղությամբ, որը ո՛չ ներքին, ո՛չ արտաքին մեծ գլխացավանքներ չի ստեղծում, առավել եւս, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանին թուլացնելու առումով ակնհայտ է։ «Եթե «27-ը» չբացահայտվի եւ կասկածներ մնան, ապա, ըստ իշխանությունների, լավ կլինի, որ կասկածի տակ մնա Թուրքիան»,- ընդգծեց Ա.Մանուչարյանը։ Միաժամանակ նա կարեւորեց այն հանգամանքը, թե՝ «Թուրքիան չի կարող այստեղ գործել, ինչպես ինքն է ուզում՝ եթե նրա գործողությունները չխրախուսվեն տարածաշրջանում ավելի ազդեցիկ պետությունների կողմից։ «Հին իմպերիալիստական բաժանման իմաստով, այսօր էլ Հայաստանի տերն ու տիրականը եւ հնարավոր զարգացումների համակարգողը Ֆրանսիան է։ Որ թուրքական նմանատիպ օպերացիան զուտ թուրքերի նախաձեռնությունն է՝ համարյա բացառվում է»։ Բայց նույնիսկ այս համատեքստում, պարոն Մանուչարյանը չբացառեց, որ ոճրագործներին «ռոբինհուդներ» ներկայացնելու վարկածն, այնուամենայնիվ, դատարանում շրջանառության մեջ դրվի։

Այս վարկածի ամրապնդման համար որոշ լրատվամիջոցներ հող են նախապատրաստել եւ այս իմաստով Վազգեն Սարգսյանի մասին շատ է խոսվել։ «Բայց քանի որ չստացվեց Կարեն Դեմիրճյանի սպանությունը պատահական համարել, ինչը Նաիրին փորձել է անել իր նախնական ցուցմունքներում, հիմա սպասարկվում է այն վարկածը, որ Կ.Դեմիրճյանն էլ է հանցագործ եղել։ Կարծում եմ, վերջին շրջանում պատահական չեն այն տասնյակ հեռուստահաղորդումներն ու հրապարակումները, որոնք վերաբերում են Սովետական Հայաստանի նախկին առաջին քարտուղարներին։ Ինչո՞ւ հանկարծ հիշեցին Արուտինովին, Զարուբյանին, Քոչինյանին։ Ո՞ւմ էր պետք դատավարության նախաշեմին նսեմացնել Դեմիրճյանին։

Ասենք, թերթերից մեկում հարցազրույց էր հրապարակված ԽՍՀՄ հերոս, երկրաբան Սամվել Մաթեւոսյանի հետ՝ զոդի հանքերի վերաբերյալ։ Բայց հանկարծ մի փոքրիկ պարբերությամբ երկրաբանն ասում է, թե ինքը Մոսկվայում մի ծրագիր ներկայացրեց, որը հավանության արժանացավ, իսկ Հայաստանում մինիստրների խորհրդի նախագահն ու կենտկոմի՝ արդյունաբերության գծով քարտուղարը (Կ.Դեմիրճյան- խմբ.)՝ պատասխանեցին, թե ծրագիրն անիմաստ է, պետք չէ։ «Ինձ պաշտպանեց միայն առաջին քարտուղարը՝ Քոչինյանը, որը, ցույց տալով իր աթոռն, ասաց, թե էս աթոռից բացի էդ մարդկանց այլեւս ոչինչ չի հետաքրքրում» եւ նման այլ հրապարակումներ։ Այս քարոզչության կազմակերպիչն այն մարդն է, ում՝ կալանքից ազատվելու ուղությամբ ամենամեծ ուժն ու հնարքը գործադրեց Ֆրանսիան։ Սա այն մարդն է, որը մշտապես ուղեկցում է նախագահին՝ Ֆրանսիա կատարելիք ուղեւորությունների ժամանակ»,- պնդեց Ա.Մանուչարյանը։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031