Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ՍՊԱՌՈՂԻՆ

Հունվար 24,2001 00:00
Vahe Gabrielyan

«Կնքվա՞ծ է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ՝ եթե ոչ, պատրաստվո՞ւմ է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթն օգտագործելով՝ կնքվել»։

«Առավոտի» այս հարցն ուղղված էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին, որը երեկ լրագրողներին հրավիրել էր՝ ծանոթացնելու նախագահի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի մանրամասներին։ «Կարող եմ ենթադրել. որքան գիտեմ՝ երեխաները կնքված են։ Եթե երեխաները կնքված են, ծնողները չեն կարող չկնքված լինել (ծնողները կարող են, կնքահայրը չի կարող- Լ. Ա.)։ Ինչքան գիտեմ՝ այդպես է, հետեւաբար, պիտի եզրակացնեմ, որ կնքված է։ Բայց դա 100%-անոց պատասխան չէ»։

«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը՝ հիշեցնելով պրն Գաբրիելյանին՝ նախագահի հետ աշխատելու նրա երկար փորձը, խնդրեց ճշտել՝ Ռ. Քոչարյանը տեղական արտադրանքներից որի՞ն է նախապատվությունը տալիս։ Նախագահի համային նախասիրությունները խոսնակին շատ հայտնի չէին։ Նախագահը չի ծխում, հետեւաբար՝ չի կարող կարծիք հայտնել «Գրանդ Տոբակոյի» որակի մասին, քաղցրեղենի նկատմամբ առանձնահատուկ սեր դեռեւս չի դրսեւորել (գոնե՝ հրապարակայնորեն), «Կոնյակը բարձր է գնահատում»։

Թեեւ թույլ տեսնող մարդու համար էլ պարզ է, որ պրն Քոչարյանի կոստյումները տեղական արտադրության չեն, սակայն նա բարձր է գնահատում Վանաձորի «Բազում» կարի ֆաբրիկայի արտադրանքը։ «Առավոտը» խնդրեց պարզաբանել ՀՀ նախագահի վերաբերմունքն այն փաստի կապակցությամբ, որ թուրքական թերթերից մեկում տպագրված պատահական մեկ հոդվածից մեր արտաքին քաղաքականությունը կոորդինացնող գերատեսչությունը սկզբում այդքան հաճելի ապրումներ, ապա եւ՝ խոր հիասթափություն ունեցավ։

Պրն Գաբրիելյանի ենթադրությամբ՝ հոդվածը գուցեեւ պատահական չէր. «Ցանկացած հոդված ինչ-որ տրամադրություններ է արտացոլում։ Կարող եմ ենթադրել նաեւ, որ, եթե արտգործնախարարությունը որեւէ բանի արձագանքում է, հավանաբար, իր արձագանքը միայն որեւէ հոդվածի վրա չի կառուցում։ Ասեմ, որ այդ արձագանքի մեկնաբանություններն էլ շատ ճշգրիտ չէին ներկայացվել մամուլում»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց նաեւ, թե Երուսաղեմի բաժանման տարբերակների շուրջ պաշտոնական Երեւանն ունի՞ հստակ դիրքորոշում։ Պարզվեց, որ ՀՀ-ի համար ցանկալի չէ, որ Երուսաղեմի հայկական թաղամասն անջատվի քրիստոնեական մյուս թաղամասերից։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031