Կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարության որոշ անդամներ սեփական տներ ունեն Փարիզում։ Մեր փոքրիկ հետաքննությունը, սակայն, պարզեց բոլորովին այլ պատկեր։ Խորեն Սարգսյանն առայժմ հրաժարվեց մանրամասնել ու փաստարկել, թե ինչ տվյալների վրա է հիմնված իր հայտարարությունը։ Նա խոստացավ դա անել ԱԺ ամբիոնից՝ փետրվարի 5-ին սկսվելիք նստաշրջանում։ Մինչ այդ, առանց որոշակիացնելու պատմեց, թե ԱԺ պատգամավորներից մեկը Փարիզում առաջարկել է, որ իրեն կառավարության անդամների հետ նույն հյուրանոցում տեղավորեն եւ մեր դեսպանատան աշխատակիցը պատասխանել է, թե նրանք իրենց սեփական տներում են հանգրվանելու։
Այս ամենի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան խորհրդական Համլետ Գասպարյանից։ Շեշտելով, թե ամենայն հարգանքով եւ գուրգուրանքով է վերաբերվում Խորեն Թռչունիչին, պրն Գասպարյանն, այնուամենայնիվ, վրդովվեց. «Այսպիսի պոչը կեռ, սեւ պոզերով սուտ կլինի՞։ Ի՞նչ է, դեսպանությունը կարող է ունենա նման տեղեկություն, որ մեր կառավարության անդամը տուն ունի Փարիզում եւ անմիջապես չհայտնի՞ Հայաստանի կառավարությանը»։
Մեր զրուցակիցը վստահ էր, որ դրան կհետեւեր այդպիսի նախարարի հարցերը, մեղմ ասած, լուծելը։ Դիվանագետին ոչ հատուկ վրդովված պատասխանի պատճառն ավելի ուշ հասկացանք, երբ Համլետ Գասպարյանը հայտնեց իր ենթադրությունը, թե իրականում ինչ պատմություն է այս լուրերի ակունքը. «Կառավարության մի անդամի՝ ոչ նախարարի երեխան մահացու հիվանդ էր։ Հայ բժիշկներն օգնել էին, որ հետազոտություններ անեն, այդ երեխային ինչ-որ կերպ փրկելու միջոցներ ձեռնարկեն։ Այդքան երկար հյուրանոցում մնալը տնաքանդություն կլիներ։ Նրա համար ինչ-որ մի էժան տուն էին գտել, վատ թաղամասում, որ այդ երեխան կարողանա մնալ այնտեղ»։
Դեսպանատան խորհրդականը կտրականապես հրաժարվեց նշել անուններ։ Որեւէ կերպ չարձագանքեց նաեւ մեր այն ենթադրությանը, թե խոսքը ուժային կառույցներից մեկի փոխնախարարի դստեր մասին է, որի քաղցկեղով հիվանդ լինելու եւ Ֆրանսիայում հետազոտված լինելու մասին հայտնի է։ Խոսվում էր նաեւ այն մասին, որ այդ պաշտոնյան ստիպված էր եղել դստեր համար տուն վարձել Փարիզում։ Ի դեպ, Համլետ Գասպարյանը զրույցի ընթացքում մի պահ Խորեն Սարգսյանին շփոթեց մեկ այլ կոմունիստի հետ. «Գագիկ Թադեւոսյանը դրա մասին է խոսում, որ իրեն ասել են՝ «քեզ այստեղ ենք տանելու, իսկ եկած այդ մարդուն՝ իր տուն»։ Այդ տունը մի խղճուկ կացարան էր, որտեղ նրա երեխան մենակ էր մնում եւ չգիտես ինչ ցավերի մեջ էր»։ Այս շփոթելը մի աղոտ ենթադրություն ծնեց, թե գուցե հենց ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանն էր եղել Փարիզում եւ այդ տեղեկությունը հայտնել իր կուսակցին։
Կարդացեք նաև
Զրուցեցինք պրն Թադեւոսյանի հետ եւ նա հաստատեց, որ իրոք դեկտեմբերի 2-8-ին Փարիզում էր, մասնակցում էր Եվրոխորհրդարանի կազմակերպած մի սեմինարի, որի թեման ընտանիքի պլանավորման եւ նման հարցերն էին։ Սակայն ժխտեց, թե Հայաստանի դեսպանատան որեւէ աշխատակից իր հետ նման զրույց է վարել։ Թերեւս մնում է սպասել՝ մինչեւ ԱԺ ամբիոնից Խորեն Սարգսյանն իր հայտարարությունն անի եւ պարզ դառնա. ո՞ր պատգամավորին է դա ասվել, ո՞վ, կառավարության ո՞ր անդամներն են տնավորվել Փարիզում։ Իսկ եթե նրա օրինակը վերաբերում է հենց Համլետ Գասպարյանի հիշատակած դեպքին՝ տեղին է նաեւ վերջինիս բարկացած գնահատականը. «Առանց մեկի անունը տալու, առանց նշելու նրա ծառայությունները, առանց հաշվի առնելու զուտ մարդկային պահը եւ առանց փաստերը ստուգելու նման ստեր տարածելը եւ դեսպանության անունն էլ հետը խառնելն ուղղակի անբարոյականություն կլինի՝ եթե խոսքը վերաբերում է այդ դեպքին։ Որեւէ մեկի երեխան եթե մահացու հիվանդ է եւ փրկության միջոցներ են պետք՝ այդ մարդը պարտավոր էր դա անել. ով էլ ուզում է լիներ նա՝ վերջին աղքատ մուրացկանը, թե Հայաստանի կառավարության անդամը։ Այստեղ որեւէ քննարկման կամ քննադատության նյութ չկա»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ