Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդը մայրիշխանության դար է

Հունվար 23,2001 00:00
skaut

Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցավ «Աղջիկ սկաուտների եւ Գայդերի համաշխարհային կազմակերպության» ներկայացուցչի եւ «Աղջիկ սկաուտների եւ Գայդերի «Աստղիկ» ազգային միության» համատեղ ասուլիսը։

Միության ատենապետուհի Գոհար Մխիթարյանի խոսքերով. «Մեր առաքելությունն է՝ մշտապես փոփոխվող աշխարհում նպաստել աղջիկների եւ կանանց հոգեւոր, ֆիզիկական, ինտելեկտուալ, հասարակական պոտենցիալի, բնավորության ձեւավորմանը, ինչպես անհատների, այնպես էլ երկրի պատասխանատու քաղաքացիների»։ Հայաստանում արդեն իսկ դաստիարակվել են վերոհիշյալ հատկանիշներով օժտված 600 աղջիկ եւ կին սկաուտ։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք միությունը չունի անդամագրված տղա սկաուտներ, տիկին Մխիթարյանը պատասխանեց. «Բազմաթիվ երկրներում կան նաեւ տղա սկաուտներ, սակայն Հայաստանում մենք միայն համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, կազմակերպում ենք համատեղ միջոցառումներ եւ այլն։ «Աստղիկը» աշխատանքներ է ծավալում միայն կանանց եւ աղջիկների համար, քանզի, ըստ էության, նրանք են մեր պետության, ազգի եւ մարդկության ապագան»։ Նշենք, որ երբ տիկին Մխիթարյանը ներկաներին բացատրում էր, թե ինչու են իրենք աշխատում միայն կանանց եւ աղջիկների հետ, ետեւում նստած տղաներից մեկը կամացուկ բարկացավ. «Բա ոնց, ճիշտ են անում, տղամարդկանց արդեն երկրորդ պլան են մղել, չէ՞ որ 21-րդ դարը համարվում է մայրիշխանության դար»։

«Աստղիկի» լիարժեք աղջիկ սկաուտ դառնալու համար միությունն ունի նախապայմաններ՝ ինքնակամ ընդունել սկաուտական խոստումը եւ դավանանքը (որոնք թվով 11-ն են՝ լինել հավատարիմ եւ ուղղամիտ, օգնել ուրիշներին, լինել բարեկիրթ, սիրել եւ պաշտպանել կենդանիներին եւ բույսերին, լինել տնտեսող, մաքուր եւ գործով եւ մտքով եւ այլն)։ Ներկայումս միությունը իր գործունեությունը ծավալում է Հայաստանի 11 մարզերից 8-ում։ Գործունեության հիմք են հանդիսանում խմբերի ամենշաբաթյա հանդիպումները քաղաքային եւ գյուղական մասնաճյուղերում։

Տեղեկացանք, որ «Աստղիկը» համաշխարհային կազմակերպության հետ համատեղ վերջերս կազմել է 6-ամյա ծրագիր, որը ներառում է 6 տարբեր ոլորտներ՝ ուսում, մշակույթ, արվեստ եւ այլն։ Ծրագրի հաղթողներ են ճանաչվել երկու աղջիկ սկաուտներ (մեկը՝ Աբովյանից, մյուսը՝ Երեւանից), որոնք հուլիսին կմեկնեն Գերմանիա՝ իրենց ամառային հանգիստը ճամբարում անցկացնելու համար։

Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031