Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆ Է

Հունվար 23,2001 00:00
dat

Ձեր թերթի 2000թ. դեկտեմբերի 27-ի համարում տպագրված «Երկնքից իջեք. չգիտե՞ք՝ որ քաղաքում եք ապրում» հոդվածում եւ 2001թ. հունվարի 13-ի Լաուրա Մաղաքյանի «Սրճարանը «ազգայնացվում» է» նամակում հրապարակվել են Հրայր Հովնանյանին հասցեագրված «դատողություններ», որոնք ամբողջովին անհիմն են եւ աներկիմաստորեն արատավորում են հայ մեծ բարերարի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։ Իրականությունը հետեւյալն է։

ՀՀ կառավարությունը (2000թ. հոկտեմբերի 17-ի թիվ 654) որոշում է կայացրել «Ամերիկայի Հայկական համագումարի սեփականությունը հանդիսացող, Երեւանում գտնվող կառավարական թիվ 3 մասնաշենքի շարունակությունը հանդիսացող շինությունը փոխանակել ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության՝ պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 37 շենքի հետ»։ Այս որոշմամբ կոնկրետ կազմակերպությունների պարտավորեցվում է լուծել այդ խնդիրը, որի իրականացման մանրամասների հետ կապ, եւ, հատկապես, ՀՀ-ում «որեւէ անձնական ակնկալիք» ու «իր կարիքները բավարարելու» ցանկություն (ինչպես գրում է «Առավոտը») Հրայր Հովնանյանը բացարձակապես երբեւէ չի ունեցել եւ չունի։

Այս ամբողջ տարիների ընթացքում Հրայր Հովնանյանը Հայաստանում որեւէ տնտեսական շահ չի հետապնդել. նա, մի կողմ թողնելով անձնական ու ընտանեկան հարցերը, իր ողջ ճիգերը եւ կարողությունները ներդրել է ի նպաստ Հայաստանի եւ Ղարաբաղի հայության։ Նա իր անձնական կարողությունից միլիոնավոր գումարներ է նվիրաբերել Հայաստանի եւ նրա ժողովրդի ներկայի ու ապագայի բարելավմանը: Երկրաշարժից անմիջապես հետո եւ Հայաստանի անկախացման առաջին իսկ օրերից անշահախնդիր օգնել է երկրի կայացման ամենաբարդ խնդիրների լուծմանն ու քաջալերիչ օրինակ ծառայել մեր բազում հայրենակիցների համար։ Այդ նպատակին ծառայել եւ իր ակտիվ գործունեությունն է շարունակում նաեւ Ամերիկայի Հայկական համագումարը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է պարոն Հովնանյանը։

Դատական վեճը, որի մասին ակնարկում են ձեր թերթի թղթակիցն ու նամակագիրը, նույնպես կապ չունի Հրայր Հովնանյան անձի հետ. դա ՀՀ ներքին խնդիրն է՝ ՀՀ կառավարության իսկ կողմից ընդունված որոշման հետ առնչվող խնդիր։ Ամերիկայի Հայկական համագումարը ՀՀ-ում իր գրասենյակն է հիմնել դեռեւս 1989 թվականին, սակայն Հայաստանի եւ Արցախի համար լոբբիստական հսկայական աշխատանք կատարելով եւ արժանանալով Արցախի բարձրագույն պետական պարգեւի, մինչեւ այժմ Հայաստանում չունի իր աշխատանքի համար պիտանի մշտական գրասենյակ։ Եվ, բնականաբար, ՀՀ կառավարությունը, գործող օրենքներին համապատասխան, նպատակ է ունեցել Համագումարին հատկացնել կոնկրետ շինություն՝ անշուշտ, դա չդարձնելով անհատական վեճի առարկա։

Առանձին, թերեւս ոչ իրազեկ անհատների խղճին եւ բարոյականությանը կարելի է թողնել հայրենիքի կողմից «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած մեր հայրենակցի հասցեին արված անհիմն ու մերկապարանոց մեղադրանքները, սակայն, դրանք կարող են բնութագրվել նաեւ որպես ակնհայտ զրպարտություն, եւ չի կարելի անպատասխան թողնել։ Անշուշտ, նման թյուրիմացությունները տեղի չէին ունենա, եթե ձեր թերթը եւ համապատասխան թղթակիցը՝ բարեխղճություն դրսեւորելով, ԱՄՆ-ի Հայկական համագումարի երեւանյան գրասենյակում փորձեին ճշտել իրողությունը։

Հարգանքներով՝

ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՄՆ-ի Հայկական համագումարի իրավական ներկայացուցիչ

Թյուրիմացության համար հայցում ենք մեծ բարերար Հրայր Հովնանյանի ներողամտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031